Արեւելքում կամաց իրար են խառնվում

Արեւելքում կամաց իրար են խառնվում

Միջազգային կյանքը կարծես վերջապես վերադառնում է բնականոն հուն: Իհարկե, կորոնավիրուսի համավարակը որեւէ մայրցամաքում կամ երկրում հաղթահարված չէ (վկա՝ Պեկինում համավարակի նոր բռնկումը` այն հաղթահարած լինելու մասին Չինաստանի թմբկահարած ու տարփողած հայտարարությունների ֆոնին): Նույնիսկ ավելին` կորոնավիրուսի համավարակն աշխարհում այժմ տարածվում է բազմակի արագ, քան երկու-երեք ամիս առաջ: Եթե այն ժամանակ վարակակիրների թիվն ավելանում էր օրական 40, 50, 60 հազարով, ապա այժմ ավելանում է օրական միջինը 150-170 հազարով: Եթե մարտ-ապրիլին վարակակիրներն աշխարհում մեկ միլիոն էին կազմում, ապա հունիսի վերջին տասը միլիոնի սահմանագիծը հաջողությամբ հատած կլինեն: Միակ դրական տարբերությունն այն է, որ այժմ մահերի ընդհանուր քանակը վատագույն օրերի համեմատ կրճատվել է, մի պահի օրական 6-7 հազար զոհի համեմատ այժմ օրական 3.5-4.5 հազար մահ է արձանագրվում: Վերջապես անփոփոխ է այն, որ ինչպես 2-3 ամիս առաջ, այնպես էլ այսօր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց, դեղորայք կամ պատվաստանյութ չի գտնվում:

Եվ այդուհանդերձ, տեսնելով, որ հասարակական կյանքը համավարակի շուրջ կառուցելով ավելի շատ տնտեսական, սոցիալական ու հոգեբանական խնդիրներ են ստեղծվում, քան դրական որեւէ ձեռքբերում է լինում, պետություննեը հիվանդության ու մահերի իրականության մեջ սկսեցին, այո` զգուշությամբ, այո` սահմանափակումներով, բայց վերադառնալ կյանքի սովորական դրվածքներին: Կյանքի ամենամեծ ճշմարտությունն այն է, որ այն շարունակվում է միշտ, ինչ վտանգներ էլ կախված լինեն մարդկանց գլխին, ինչ ավերածություն ու աղետ էլ շուրջբոլորը մոլեգնեն: Որքան մահը մոտենում է, այնքան մարդն ուժգին է ջանում այն անտեսել: Եթե այդ հոգեբանական դրվածքը չլիներ, երբեք զինվորները չէին դիմանա պատերազմի փորձությանը, ամեն օր մահվանն առերեսվելու իրականությանը: 

Այնպես որ, կորոնավիրուսի համավարակն էլ սկզբում գուցե բոլորին ցնցեց, հետո քիչ-քիչ զինվորի հոգեբանություն արթնացրեց մարդկանց մեջ եւ ի վերջո կյանքը վերադարձրեց սովորական ընթացքի: Իսկ կյանքի սովորական ընթացքում ամենից նկատելի իրողություններից մեկը հակամարտություններն ու բախումներն են: Հետեւաբար, միանգամայն բնականոն կերպով դրանք նույնպես վերադարձան կյանք։ Եվ առաջին հերթին՝ Հեռավոր Արեւելքում: 
Վերջին մեկ-երկու շաբաթում երեք պոտենցիալ բախման օջախներ են ակտիվացել Հեռավոր Արեւելքում․ մեկը՝ Ճապոնիայի եւ Չինաստանի, մյուսը՝ Չինաստանի եւ Հնդկաստանի, երրորդը` Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ: 

Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ լարումը

Ներկա դրությամբ զոհեր եղել են միայն Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ բախման արդյունքում, Չինաստանի Askai Chin եւ Հնդկաստանի Ladakh նահանգների սահմանագծում: Վեց ժամ տեւած ձեռնամարտերի արդյունքում հնդկական կողմից եղել է 20 զոհ, չինական կողմի կորուստների թիվը ճշտված չէ: Որքան կարելի է հասկանալ նրանից, ինչ հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, սահմանային անմարդաբնակ այդ տարածքում, որ նաեւ գտնվում է բարձրլեռնային գոտում, նախորդ տասնամյակներում Չինաստանն ու Հնդկաստանը մի քանի անգամ արդեն բախվել են, վերջին անգամ՝ մոտ 40 տարի առաջ: Բախումների պարարտ հող ստեղծում է այն իրողությունը, որ որքան էլ տարածքների բաժանում գոյություն ունի թղթի վրա, քարտեզներում գծված, իրական աշխարհագրական վայրում սահմանների բաժանում կատարված չէ, սահմանագծի դեմարկացիաներ չկան: Ինչ-որ ժամանակ չին ղեկավարներից մեկն առաջարկել է, որ կողմերից յուրաքանչյուրը սահմանագիծ համարի իր վերահսկած տարածքների սահմանը: Հասկանալի է՝ անմարդաբնակ, քարքարոտ ժայռերի լեռնազանգվածում ոչ մի կողմի վերահսկողությունն էլ ամեն մետրի վրա չի տարածվում, իսկ չհսկվող տարածքներն էլ յուրաքանչյուր կողմը համարում է իրենցը: Դրանից էլ բախվում են․ ամեն կողմը պնդում է, թե հակառակ կողմը խախտեց իր տարածքը, որը կապ չունի, որ նշագրված ու սահմանազատված չէր, այն պատմականորեն եւ արդարացիորեն իրենն էր: Ընդհանուր գծերով Ladakh եւ Aksai Chin նահանգների միջեւ սահմանային գոտում առաջացած լարվածության նյութական կողմը սա է: Իսկ քաղաքական կողմը շատ ավելի հեռուն գնացող ընթացք է: 

Ընդհանրապես, բոլորն էլ ասում են, որ լարվածությունը նախաձեռնել է Չինաստանը, քանի որ մայիսից սկսած՝ Aksai Chin նահանգի սահմանագլխին զորքեր է կուտակել: Իսկ զորքեր կուտակելը միշտ էլ սադրանքի տարր է ունենում: Հետեւաբար, դժվար թե Չինաստանը որեւէ ետին հաշվարկ չուներ զորքեր կուտակելիս: Իրականում մի քանի հաշվարկ կարող էր ունենալ, որոնցից մեկը կարող էր լինել, օրինակ, կորոնավիրուսի հետեւանքով առաջացած գործազուրկ զանգվածներին քաղաքացիական անհնազանդության տրամադրություններից, չբացառվող շարժումներից ետ պահելը: Զանգվածային գործազրկությունն օրինաչափորեն ծնում է դժգոհություն եւ ընդվզումներ, եւ որպեսզի դրանք չուղղվեն իշխանության դեմ, հարկավոր է արտաքին հակառակորդ, ում դեմ կուղղվեն ցասման սլաքները, եւ ընդհակառակը` կհամախմբվեն ներքին ուժերը: Այդքանով էլ սահմանին իրադրություն սրելը եւ Հնդկաստանին համազգային թշնամի դարձնելը դժվար թե Չինաստանի իշխանությունների համար ցանկալի ընթացք չէ: 

Բայց Հնդկաստանի հետ լարվածությունը շատ խորացնելն էլ այն բարդությունն է ստեղծում, որ հակամարտության երկու կողմում էլ միջուկային տերություններ են, որ պատերազմելիս նաեւ առանձնակի վայրագ են, հետեւաբար, պատերազմը չի կարող սարսափելի եւ անցանկալի չլինել երկուսի համար էլ: Գուցե այդ նկատառմամբ հնդիկ եւ չին տարբեր բարձրաստիճան զինվորականներ հունիս 15-ի արյունալի ընդհարումից ի վեր մի քանի անգամ հանդիպել են լարվածությունը թուլացնելու համար: 

Բայց Չինաստանի կողմից գեներացվող լարվածությունը նաեւ այն հետեւանքն է ունենում, որ կարծես փորձության է ենթարկում Հեռավոր Արեւելքում արդեն մեկ տասնամյակից ավելի վերջնական միս ու արյուն չստացող, բայց տեսանելի ուրվագծված Quad (Quadrilateral Security Dialogue` Քառակողմ անվտանգային երկխոսություն) կոչվող ռազմական բլոկի կենսունակությունը, որ 2007-ին միավորել է Ավստրալիային, Հնդկաստանին, ԱՄՆ-ին եւ Ճապոնիային: Նախաձեռնությունը տեւական ժամանակ սառեցված է եղել, բայց 2017-ից նորից աշխուժացել է, թերեւս ի պատասխան ԱՄՆ-Չինաստան հակասությունների սրման եւ Հարավ-չինական ծովում Պեկինի առաջխաղացումների: Այժմ Չինաստանի կողմից հարաբերությունների սրումը մի կողմից Հնդկաստանի, մյուս կողմից Ճապոնիայի հետ, շատերի կարծիքով՝ երկրորդ շնչառություն է հաղորդում Quad-ին, որ ընդունված է ՆԱՏՕ-ի պոտենցիալ անալոգը համարել Հեռավոր Արեւելքում:

Չինաստան-Ճապոնիա լարվածությունը

Այստեղ համարյա նույնպիսի տարածքային վեճ է, ինչ Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ, դարձյալ անմարդաբնակ տարածքի շուրջ են կողմերը հակամարտում, որը, սակայն, այս անգամ ցամաքի հատված չէ, այլ անմարդաբնակ քարքարոտ կղզիների խումբ, Տոկիոյից մոտ 2000 կմ հեռավորության վրա, որը ճապոնացիները վերահսկում են մի քանի տասնամյակ եւ կոչում են Senkaku, չինացիները կղզիները կոչում են Diaoyus։ Չինացիներն իրադրությունը սկսել են լարել սովորականի նման ռազմական ուժ ցուցադրելով, ըստ ճապոնացիների՝ ապրիլի կեսերից ի վեր 70 օր շարունակ չին զինվորականներն ամեն օր նավարկել են կղզու շրջակայքում: 

Ճապոնացիներն էլ պատասխան նավարկություններ չեն նախաձեռնել, այլ՝ տեղի Օկինավա կոչվող պրեֆեկտուրայի մակարդակով, որի իրավազորության ներքո են գտնվում վիճելի կղզիները։ Հունիսի 22-ին ադմինիստրատիվ որոշում կայացրին՝ կղզիների խումբը վերանվանել Tonoshiro-ից Tonoshiro Senkaku: Չինաստանը նման քայլը կոչեց բացահայտ սադրանք եւ կարծես զորքեր է տեղափոխում կղզիների մոտ՝ դա համարելով իր պատմական հողերը: Ճապոնիայի կառավարությունից էլ ասում են, թե կղզիները ճապոնական տարածք ու ժառանգություն են, եւ իրենք վճռական ու հանգիստ հակահարված կտան Չինաստանին: 

Ուժի ցուցադրությունը՝ ուժի ցուցադրություն, բառային փոխհրաձգությունը՝ բառային փոխհրաձգություն, բայց եթե Չինաստանն ու Ճապոնիան իրոք բախվեն, դա պատմություն կդառնա ԱՄՆ-ի համար, քանի որ ԱՄՆ-ն Ճապոնիայի հետ փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունի: Իրադարձություններն ակտիվ ծավալվում են, տեսնենք, թե ինչով կավարտվեն: 
    
Կորեաների միջեւ պայթեցված շինությունը

Վերջապես Հեռավոր Արեւելքի թեժացող լարվածության օջախներում ամենամեծ նյութական կորուստը վիճակվեց Հարավային Կորեային, քանի որ Հյուսիսային Կորեան պայթեցրեց ութ միլիոն դոլար արժողությամբ ամբողջ մի շինություն, որ Հարավային Կորեան կառուցել էր հյուսիսային սահմանին` երկկողմ հանդիպումների համար: Այդ շինությունից էր կառավարվում նաեւ կառավարական կապը, ֆիզիկապես այդտեղ էին գտնվում կապի միջոցները, որոնք ուղիղ հաղորդակցություն էին ապահովում Հյուսիսային եւ Հարավային Կորեաների իշխանությունների միջեւ: 

Հյուսիսային Կորեայի` տեսադաշտից անհետացած առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, ում միջազգային հանրությունը կարող է հիշել բազմաթիվ միջազգային հանդիպումներից, բայց հատկապես 2018 թ․ ձմեռային օլիմպիական խաղերին ներկայությունից եւ ԱՄՆ փոխնախագահի ու Հարավային Կորեայի նախագահի հետ լուսանկարներից, կարծես թե ստանձնել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վերահսկողությունը՝ առհասարակ: Այդ շրջանակում էլ տիկին Ջոնգը կարգադրել է նախ ապամոնտաժել կապը Հարավային Կորեայի իշխանությունների հետ, ապա նաեւ պայթեցնել ամբողջ շինությունը` Սեուլին ցավալի կորուստ պատճառելու համար: 

Իսկ ո՞րն է ցավ պատճառելու իմաստը, պատճառը կամ նպատակը: 
Գոնե առերեւույթ եւ պաշտոնապես՝ Հյուսիսային Կորեան որոշել է վրեժխնդիր լինել երկկողմ պայմանագրերից մեկի մի հոդվածը չհարգելու համար: Համաձայն այդ հոդվածի, երկու Կորեաները փոխադարձաբար ձեռնպահ պետք է մնան մյուս կողմի տարածքում քարոզչական նյութեր, թերթիկներ, ձայնագրություններ եւ այլն տարածելուց: Մինչդեռ արի ու տես, որ Հարավային Կորեայի ինչ-որ ակտիվիստների խումբ գիշերով տարել ու դեպի Հյուսիսային Կորեայի տարածք են բաց թողել ահռելի փուչիկներ, որոնց մեջ եղել են քարոզչական նյութեր: Դրանք պատմել են Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս գտնվող մնացյալ աշխարհի մասին: Կիմ Յո Ջոնգը դա այնպիսի վտանգ է համարել երկրի, իր ընտանիքի, իշխանության համար, որ պատասխանել է ոչ միայն Հարավային Կորեայի հետ կապերը խզելով, այլեւ միլիոնավոր դոլարներ արժեցած շինությունը պայթեցնելով: Այդ կինը հազիվ թե ի զորու է ընկալել, որ Հարավային Կորեայում տոտալիտարիզմ չէ, հետեւաբար, պետությունը չի կարող վերահսկել իր բոլոր քաղաքացիներին այնպես, որ ոչ մեկը սխալ ուղղությամբ անմեղ փուչիկ այլեւս բաց չթողնի: