Դե հիմա`ջրի շիշ ա՝ բռնել ենք

Դե հիմա`ջրի շիշ ա՝ բռնել ենք

Հայտնի փաստ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործերը հայրենական լրատվամիջոցների հետ այնքան էլ լավ չեն: Մենք լսեցինք Աննա Հակոբյանի ելույթն Անթիլիասում գումարված համահայկական մամուլի համագումարի հոգեւոր ամբիոնից, եւ տարակույս չմնաց, որ տիկինն էլ է դժգոհ հայրենական լրատվամիջոցներից ու որոշել է այդ դժգոհությունը հայտնել հենց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում։ Նշենք, սակայն, որ Փաշինյանների դժգոհությունը հայաստանյան լրատվամիջոցներից սկսվել է նրա վարչապետ դառնալուց հետո: 

Եվ այսպես՝ նրանք դժգոհում են, որ Հայաստանում առաջացած «գաղջ» մթնոլորտը լրատվամիջոցների ձեռքի գործն է (ականջդ կանչի, Սերժ Սարգսյան): Մարդ ու կնիկ իրենց համոզել են, որ ՀՀ նոր իշխանությունների, այդ թվում եւ Փաշինյանների վարքի մասին, քննադատական նյութեր հրապարակող լրատվամիջոցները, իբր, անխտիր ֆինանսավորվում են նախկին քրեաօլիգարխիկ շրջանակների կողմից:

Բայց մոռանում են, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք չեն քննադատում Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը: Կարո՞ղ ենք, արդյոք, ասել, որ այդ լրատվամիջոցներն էլ, քանզի, իրենց տրամաբանությամբ հնարավոր չէ սեփական ուժերով գոյատեւելը, ֆինանսավորվում են ՀՀ կառավարության, Փաշինյանների ընտանիքի եւ մերօրյա հեղափոխական օլիգարխների կողմից: Եվ, ուրեմն, ո՞վ է մեղավոր, որ հանրության շրջանում ավելի լսելի է իշխանություններին քննադատող մամուլի ձայնը:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ժամանակին զգաց մամուլի դեմ պայքար ծավալելու վտանգավորությունը եւ այդ ինքնաբուխ «առաքելությունը» սիրահոժար փոխանցեց թիմակիցներին՝ մասնավորապես հեղափոխության բորբ օրերի իր անբաժան ուղեկցին՝ պատգամավոր Հայկ Սարգսյանին, որ հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Նիկոլի ախրաննիկ» կամ «Նիկոլի ջրի շիշ բռնող»: 

Արդյոք, ճի՞շտ ֆիգուր են ընտրել Փաշինյանները՝ լրատվության ոլորտի դեմ իրենց պայքարն առաջ տանելու համար: Միանգամից պատասխանեմ՝ ոչ: Եվ, առհասարակ, չմոռանանք, որ կադրային հարցով Փաշինյանի յուրաքանչյուր ընտրություն սխալ է: Իսկ ինչ վերաբերում է հենց Հայկ Սարգսյանին, որ ի թիվս իր մյուս «բարեմասնությունների» նաեւ նախկին պաշտոնյայի որդի է, ապա կարելի է ասել, որ ընտրությունն այս դեպքում առավել քան սխալ է: Նրանք մամուլի դեմ պայքարի գործում ընտրել են մեկին, որ միայն պատահականության արդյունքում է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում եւ առանձնապես քաջատեղյակ չէ ո՛չ մամուլի ուժին, ո՛չ խնդիրներին եւ ո՛չ էլ դաշտի օրենսդրությանը: Գոնե նախապես զգուշացնեին, որ մամուլի մասին օրենքները վաղուց են ապաքրեականացվել, որպեսզի նա, դեռ գործը չսկսած, այսպես չխայտառակվեր:

Էլ ո՞նց կլիներ, թերթերը գրել են, որ Հայկ Սարգսյանը «աղջիկ-մաղջիկ» է տարել նախագահական նստավայր ու «կայֆավատ» եղել: Ճիշտ է, նկարներ կան, տեսանյութեր էլ, բայց հիմա ո՞վ է նման բաների ուշադրություն դարձնում: Ինչ է, ԱԺ ամբիոնից տրանսգենդեր է ելույթ ունենում՝ ամոթ չէ, մանուկների դաստիարակությամբ զբաղվող Արայիկ Հարությունյանը նույնասեռականների է ընդունում նախարարի կաբինետում՝ ամոթ չէ, իսկ որ չամուսնացած տղամարդը նախագահական նստավայր աղջիկ է տանում, ամո՞թ է:

Ըստ իս՝ ոչ մի ամոթ բան չկա, երբ ճանաչողական նպատակներով խմբակային այց է կազմակերպվում դեպի որեւէ պետական շենք: Այլապես ինչի՞ նման էր, երբ Փաշինյանը մտել էր նախագահական նստավայր եւ զուգարանակոնքերն էր նկարում: 

Թերթերի հրապարակումները, որոնց համար, ի դեպ, հիմք էին ծառայել Հայկ Սարգսյանի «հոմանուհիների»՝ սոցցանցերում տեղադրված լուսանկարներն ու տեսանյութերը, պատգամավորին դրդել են մոտ մեկ տասնյակ հայցադիմումներ ներկայացնել մամուլի դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր «վնասները», քրեական պատասխանատվության ենթարկել համապատասխան ԶԼՄ-ներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կասեցնել նրանց գործունեությունը: Ի դեպ, այս ապուշ գործին խառնել է նաեւ Հատուկ քննչական ծառայությանը: Եվ այդտեղ ջինը դուրս է թռել շշից:

Դատարաններն էլ արդեն ընդունել են հայցադիմումները, եւ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մենք միառժամանակ ստիպված կլինենք մոռանալ Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի գործերի մասին:

Հայկ Սարգսյանի անձը դեռ մի կողմ՝ սա կարող է վերածվել դարի դատավարության այն իմաստով, որ կարող է որակվել որպես «ՀՀ իշխանությունը՝ ընդդեմ ազատ մամուլի» գործ: Ինչո՞ւ ազատ մամուլի, որովհետեւ միայն ազատ մամուլն է խոսում իշխանական պատգամավորների սանձարձակությունների մասին՝ չնայելով, թե որտեղ են դրանք դրսեւորվում՝ գործուղումների ժամանա՞կ, ԱԺ դահլիճո՞ւմ, թե՞ նախագահական նստավայրում:

Եվ վերջում երկու խոսք թերթ փակելու նկրտումների ու դրանց հետեւանքների մասին: Թերթն առաջին հերթին ժողովրդավարական արժեք է, որ ստեղծվում է մարդկանց չարքաշ, դժվար եւ առողջության համար խիստ վտանգավոր աշխատանքով:

Պատահական բթամիտ անցորդներից քաղաքական գործիչ կերտելու համար լրագրողներին անվճար կաթ ու մածուն պետք է տալ, մինչդեռ մեր երկրում հակառակ երեւույթն է նկատվում՝ պաշտոնյան է ուզում «սանատորիա գնալ»: Ո՞ւր է արդարությունը՝ պատգամավորը «աղջիկներով-բանով» քեֆ քաշի նախագահականում, եւ պատգամավորին փակելու փոխարեն թերթե՞րը փակեն: Մյուս կողմից էլ՝ ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերի ԱԺ մեկ պատգամավորն ավելին արժե, քան 15-20 աշխատատեղը, որ առկա է որեւէ խմբագրությունում:

Քայլ անելուց առաջ, ընդհանրապես, մի փոքր մտածել է պետք: Ոմանց, ինչպես տեսնում ենք, դա հատուկ չէ, եւ դրա դեմ ոչինչ անել չես կարող: Ամենավտանգավորը,սակայն, որպես կանոն, չմտածված քայլերի հետեւանքներն են: Պատգամավորն իր քայլով ազատ մամուլին համախմբել է իր եւ իր ներկայացրած իշխանության դեմ: Աստված վերջը բարին անի: