Ի՞նչ է սա՝ եթե ոչ իմիտացիոն գործընթաց

Ի՞նչ է սա՝ եթե ոչ իմիտացիոն գործընթաց

Դպրոցների բացումից մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքում զգուշացրել էի, որ մենք բռնել ենք սովետական և ետսովետական շուրջ 30 տարվա՝ հասարակական կյանքի կարգավորման իմիտացիոն բնույթը կրկնելու ճանապարհը: Նշել էի, որ դիմակները կրելու պարտադրանքին հետևելու առումով չեն կարող չծագել խնդիրներ, որ նույնիսկ տեսականորեն անհնարին է լինելու համատարած ու անընդհատ դիմակ կրելը:  Եվ որ դպրոցների տնօրենները ստիպված ներքին կարգով կարանտինային սահմանափակումների թեթևացումներ են կատարելու: Բայց դրանք թաքցվելու են, և եթե տեսչական ստուգումների դեպքում մեկ-երկու դասարան «բռնվի», դրանց դասղեկներին նկատողություն կտան՝ երևի տնօրենին էլ հետը, մի քանի շաբաթ խստություններ կարվեն, իսկ հետո ամեն ինչ կընթանա նախկին կարգով: Եվ այսօր արդեն տարբեր տեղերից խոսակցություններ են լսվում դասերին դիմակները հանելու մասին, և, ընդ որում, դրանք ոչ թե օդից կախված լուրեր են՝ ինչպես ընդունված էր ասել նախկինում, այլ տարրական և միջին դասարաններում երեխաներ ունեցող ծնողների խոսակցություններ: Իսկ հեռուստատեսությունը, հատկապես հանրայինը, իր հաղորդումներում ներկայացնում է համատարած պատշաճորեն դիմակներ կրելու պրակտիկան: Ի՞նչ է սա՝ եթե ոչ իմիտացիոն գործընթաց:

Ի վերջո, մենք գերմանացի կամ շվեդ (նրանք էլ ունեն գերմանական ծագում) չենք, որ այնքան վստահենք ու հարգենք մեր իշխանություններին, որ մեկ մարդու նման կատարենք իրենց նախանշած կարգավորումները: Կարծում եմ, որ հարցի լուծմանը չէր կարող և չի նպաստել «ժողովրդավարության բաստիոնի» ինքնահռչակումը վարչապետ Փաշինյանի կողմից, և թեկուզ այս մեկ հարցում իշխանությունը պետք է հասկանա, որ դրսում այլևս 2018-ի ապրիլը չէ, և այն վերադարձնելն էլ հնարավոր չէ:

Հետաքրքիր է, որ դիմակներ կրելու հարցում Հայաստանի իշխանությունները սեփական դիմագիծ չեն ունեցել՝ եթե չհաշվենք հանուն հանրաքվեի փետրվարի վերջին և մարտի սկզբին կորոնավիրուսին «շան տեղ չդնելը»: Մնացած ողջ ժամանակ մեր երկրում արվել է այն, ինչ անընդհատ իրենք իրենց հակասելով՝ ասել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Իսկ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի առումով, հիշում եմ, իշխանության կողմից ասվում էր, որ մեր երկրում հեղափոխություն է կատարվել, և վերջինս պետք է ընդունի իրողությունները և համակերպվի դրանց հետ: Եթե ինձ հակաճառեն, թե՝ ուր կողմնորոշման հարցը և ուր հայաստանցիների կյանքի հարցը, ապա պիտի ենթադրեմ, որ փետրվարի վերջ-մարտի սկզբին ոնց որ թե վերջինս այդքան լրջորեն չէր ընկալվում: Ինչևէ:
Իսկ ի՞նչ կարելի էր անել, որ չի արել «ժողովրդի իշխանությունը»: Ասեմ՝ կարող էր ընդունել դիֆերենցված մոտեցման քաղաքականություն: Մենք ամեն օր բակերում տեսնում ենք խռնված երեխաների, իսկ երեխաների ծնողները որևէ ձևով չեն խոչընդոտում այդօրինակ վարքագծին, և դա, փառք Աստծո, չի բերել նոր բռնկումների: Միաժամանակ, կան ծնողներ, ովքեր ստիպված են եղել իրենց երեխաներին խստորեն ետ պահել շփումներից, քանի որ ընտանիքում առկա են եղել ռիսկային խմբում գտնվող անդամներ: Կարծում եմ, որ այս երևույթը կարելի էր տեղափոխել դպրոց, այսինքն՝ բաց պատուհաններով դասարաններում (պահպանելով մնացած կանոնները) դիմակ կրելը պարտադրել միայն այն երեխաներին, որոնց ծնողները դա կցանկանան, իսկ դասամիջոցին բոլորին հանել դպրոցի բակ: Եվ նման կարգավորումը պահպանել մինչև տաք եղանակների ավարտը: Իսկ ցրտերն ընկնելուն պես գործել իրավիճակին համապատասխան: 

Վախթանգ Սիրադեղյան