Հյուսիսային պողոտայի ճարտարապետական և քաղաքաշինական սխալները

Հյուսիսային պողոտայի ճարտարապետական և քաղաքաշինական սխալները

Քաղաքաշինությունը պրակտիկ գիտություն է, նաեւ՝ արվեստ: Այդ երկու էլեմենտները պարտադիր են, եթե ցանկանում ենք, որ ստեղծված քաղաքային կամ գյուղական տարածքները կենսագործ լինեն: Եթե առաջինը չլինի, քաղաքաշինությունը կլինի ոչ կենսագործ, եթե չլինի երկրորդը, ստեղծվածը կլինի չոր եւ անհոգի: Երբեմն տարբերակներ են հանդիպում, որտեղ երկուսն էլ բացակայում են. դա Երեւանի Հյուսիսային պողոտան է:

Այն՝ որպես հետիոտն պողոտա, ունի կառուցվածքային սխալ՝ միտված է լինել հետիոտն, բայց հետիոտն պողոտայի կառուցվածք չունի: Մարդկանց, ինչպես մեքենաներին, գցել են նեղ պարփակ միջանցքի մեջ: Պողոտան խոսուն հետիոտն կապ չունի ո՛չ իրեն հարակից տարածքների հետ, ո՛չ էլ իր ներսում: Ավելին՝ երբեք էլ չի ունենա հետիոտն պողոտայի ֆունկցիաներ եւ չի ընդգրկվի Երեւան քաղաքի հետիոտն շարժման մեջ՝ որպես լիարժեք էլեմենտ, եթե անգամ անմիջական կապ ստեղծվի Հանրապետության հրապարակի հետ, եւ քանդվի թանգարանի շենքը, կամ էլ եթե նույնիսկ վերանա եւ կառուցապատվի գլխավոր պողոտան ամբողջությամբ, կամ թե՝ Խանջյան-Նալբանդյան հատվածը միայն:

Հյուսիսային պողոտան՝ որպես այդպիսին, քաղաքաշինական հետիոտն կորիզ չէ եւ չունի իր կազմում համապատասխան քաղաքաշինական հանգույցներ, մեծ կամ փոքր գողտրիկ տարածքներ: Նարեկ Սարգսյանի ստեղծածը շատ հեռու է իրական քաղաքաշինական պահանջներից: Ավելին, այդ ստեղծված հավաքատեղիները չեն կարող  կոչվել հավաքատեղի ո՛չ իրենց չափերով, ո՛չ էլ ձեւերով: Ավելին՝ գլանաձեւ շենքի ստորոտին ստեղծված հավաքատեղի-հրապարակը Հյուսիսային պողոտայում ոչ միայն իր չափերով չի համապատասխանում, այլ նաեւ նման ձեւը ակուստիկայի տեսակետից անթույլատրելի է: Մյուս փոքր հրապարակն ունի եռանկյուն ձեւ, եւ այն տեսքով, որ կառուցված է, եւս անթույլատրելի է քաղաքաշինության մեջ: Բայց անգամ այդ փոքր եռանկյունի հրապարակը ճիշտ կազմակերպված չէ, ամենալավ տեղում դրված է շատրվանը:

Հյուսիսային պողոտայում փողոցների  հատման անկյունները ճիշտ չեն կազմակերպված, այլ կերպ ասած՝ շենքերի անկյունները ճիշտ չեն կտրված: Դրանք կառուցված են հեռանկարային եւ օպտիկական կանոնները ոտնահարելով: Այդ պատճառով վիզուալ դիսբալանս է ստեղծվում, ինչը բերում է մարդկանց մոտ ավելորդ հոգեբանական լարվածության եւ ճնշման: Բացառությամբ մեկ-երկու օրինակի, որտեղ կարելի է ասել, որ արված է քիչ թե շատ նորմալ, մյուս տեղերում խախտումները շատ կոպիտ են:

Մեքենաների ավտոկայանման համար մուտքերն արված են շատ մեծ,  իսկ տեղադրումը՝ սխալներով, որին ավելանում է տարածքների շռայլ փչացումը:  Մարդկանց համար դեպի ավտոկայանատեղի եւ առեւտրի կենտրոն մուտքերն արված են հենց պողոտայի մեջտեղում, որը, մի կողմից, արհեստականորեն բաժանում է առանց այն էլ նեղ հետիոտն պողոտան երկու մասի, մյուս կողմից՝ ոչ արդյունավետ է դարձնում պողոտայի մեջտեղի ամենալավ մասի օգտագործումը: Արդյոք այդքան տարրական գիտելիքներ չունե՞ն Հայաստանի նախագծողները, իսկ միգուցե դա արվել է միտումնավո՞ր, որ ինչքան հնարավոր է՝ Օպերայի շենքը փակվի եւ չերեւա:

Հյուսիսային պողոտայի շենքերը քառակուսի են եւ անգամ քառակուսուն մոտ էլեմենտներով ֆասադներ ունեն, իսկ քառակուսի, մանավանդ քարե ֆասադները հայտնի են իրենց ծանրությամբ եւ մասսիվությամբ: Լավ համաչափության հասնելու համար այդպիսի ֆասադը պետք է շարունակվի իր երկայնքով եւ ներկայացնի իր հորիզոնական ակտիվ գծերը (ջլատումները) կամ բարձրությամբ ընդգծելով իր վերտիկալ գծերը (ջլատումները): Այդ սխալները դառնում են ավելի հնչեղ եւս մի հանգամանքով, որ այն նոր նորմ է, որը Նարեկ Սարգսյանը համատարած կիրառել է։ Շենքի բարձրությունը հավասար է փողոցի լայնությանը, որը ոչ միայն բավարար չէ ինսոլյացիայի, լույսի, սեյսմիկայի տեսանկյունից, այլեւ քաղաքաշինության մեջ համարվում է ոչ պիտանի՝ արտաքին ներդաշնակություն ստանալու համար:

Հյուսիսային պողոտայում շենքեր կան, որոնց առաջին հարկերի մանր ջլատումը հիշեցնում է միջնադարը: Կարծես թե ամեն մի կամարի տակ եղած տարածությունը պետք է մեկ վաճառականի տրվի: Մյուս սխալն այն է, որ ճակատի վրա ինտենսիվ կամարաշար կիրառելիս պետք է կամարաշարի վերեւում հաջորդի մի հարթ պատ, եթե դիտման տարածությունը մեծ է` այդ պատը կարող է ունենալ շատ փոքր բացվածքներ կամ որոշ չափի զարդանախշեր: Հյուսիսային պողոտայում այդ դասական ընդունված ձեւը չի պահպանվել, եւ ավելորդ անգամ վիզուալ անհամատեղելիություն է ստեղծվել ու «բազար»:

Ցավոք, տարրական բարեկարգումով, առանց հիմնական վերակառուցման, քաղաքաշինական եւ ճարտարապետական ոչ մի սխալ չես շտկի: Ավելին, նշված թերությունները մնում են, իսկ հետիոտն մասը զգալիորեն նեղացվեց շենքերի մոտ միջանցքներ ստեղծելով: Աստիճանների քանակն ավելացվել է, թումբերի կառուցումն աննպատակ է, նստարանների տեղադրումն արվել է ինչպես տեղատոմսային վագոնի մեջ, այնինչ դրանց տեղերը պետք է լինեին ֆրագմենտալ տեսարանային ակցենտներին ուղղված: Գունային անհամապատասխանելիությունը նույնպես առկա է թումբերի, կանաչապատման մեջ, այն, ինչը բերում է վիզուալ դիսբալանսի: Գետնի սալիկների գունային հորիզոնական բաժանումը մեկ անգամ եւս ընդգծում է պողոտայի ոչ ճիշտ քաղաքաշինական կազմավորված տարածքները եւ սխալ ճարտարապետություն ունեցող շենքերի հետ միասին ուժեղացնում է օպտիկական աղճատումը:

Այն, ինչ այսօր վերակառուցման կարիք ունի Երեւան քաղաքում, դա  Հյուսիսային պողոտան է: Եվ թող մասնագետներն այդ հարցերով զբաղվեն, ոչ թե մտածեն Հանրապետության հրապարակի եւ այլ տարածքների տեսքն աղավաղելու եւ Հյուսիսային պողոտայի նման դարձնելու մասին: 
Երեւանի նոր շենքերի հեղինակ-ճարտարապետները՝ ի պատասխան իրենց սխալների, ասում են՝ կառուցողն է սխալվում, չկառուցողը չի սխալվում: Դա այնքան էլ այդպես չէ. մասնագետն իրավունք չունի կոպիտ սխալներ անելու։ Եվ փոխանակ մասնագետները մի պահ կանգնեն ու հասկանան իրենց կյանքի կոչած շենքերում, քաղաքային տարածքներում կատարած մասնագիտական սխալները,  շարունակում են տարածել այդ սխալները նոր տարածքների վրա՝ դրանք պետական շահ դիտելով եւ պատճառաբանելով, որ պետք է տարածքները կառուցվեն Հյուսիսային պողոտայի հետ համահունչ, ինչն աբսուրդ է։

Ինչո՞ւ են Նարեկ Սարգսյանին վերագրվում Հյուսիսային պողոտայի հետ կապված բոլոր սխալները, որովհետեւ այդ ժամանակ հենց նա է եղել ոլորտի պատասխանատուն՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Նաեւ հարկ է հիշեցնել, որ Հյուսիսային պողոտայի ընդհանուր նախագիծը մրցութային կարգով ընտրված չի եղել, իսկ մինչ դա անցկացված մրցույթները եղել են անարդյունք՝ նախագծերի անկատարության պատճառով: Երեւանի քաղաքապետարանին կից Քաղաքաշինության խորհուրդը՝ իր բոլոր ներքին տարաձայնություններով ու ճնշումներով հանդերձ, չունի որոշիչ ձայնի իրավունք, այլ միայն՝ խորհրդատվական ստատուս, վերջին խոսքը մնում է գլխավոր ճարտարապետին: 


Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշի-նության դոկտոր