Նոր նշանակումներ՝ թատրոններում

Նոր նշանակումներ՝ թատրոններում

Դեռ տարեվերջից տարբեր թատրոններում նոր նշանակումներ կատարվեցին, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին: Արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. սրանք, ըստ Վիրաբյանի, այն հիմնական պահանջներն ու սկզբունքներն են, որոնք հարկավոր են թատրոնի արդյունավետ կառավարման համար:

ՀՀ մշակույթի նախարարությունն էլ որոշում է կայացրել Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին նախօրեին թատրոնի աշխատակազմին հայտնել էր մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Ըստ Ն․ Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆրեդ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը, ով թատրոնը ղեկավարում էր 1999-ից․ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլեւս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։ 

2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր նաեւ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը: Մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին: Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առաջ բացվել էին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով, քանի որ նախկին տնօրենը երկրում չէր, իսկ դերասաններն այդկերպ բոյկոտել էին նորանշանակ ԺՊ-ին։ 

Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանն էլ թատրոնի փոխտնօրենի պաշտոնում նշանակել է Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանին։ «Բարձր եմ գնահատում նրա միտքը, ճկունությունը եւ աշխատասիրությունը՝ դրանով է պայմանավորված նրա նշանակումը։ Ամեն հնարավորություն պետք է ներդնենք թատրոնի զարգացման համար, այդ թվում` ես, նոր փոխտնօրենը, բոլոր այն մարդիկ, ովքեր մեր կողքին կանգնած են եւ լրիվ բարեգործական հիմունքներով այս վերանորոգումն են անում»,- ասաց Նավասարդյանն ու ընդգծեց, որ հենց հիմա վերանորոգվում է թատրոնի ճեմասրահը, որը կփորձեն ավարտել մինչեւ հունվարի 18-ը՝ առաջիկա ներկայացման օրը։