Լացացնողիդ կողքին նստի, ծիծաղացնողիդ կողքին մի՛ նստի

«Տևական ժամանակ է արդեն,ինչ փոխվել են ուժային կառույցների ղեկավարները, արձանագրվե՞լ են արդյոք դրական տեղաշարժեր քրեական վարույթներով կամ դատական գործերով:
Միայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում Արթուր Պողոսյանի նշանակումը բավարար է փաստելու,որ քրեական վարույթները հայտնվել են մեկ այլ տիպի անմխիթար վիճակում:Նա էլ իր գործընկերների նման եկել է իրեն նշանակողին անձամբ ծառայություններ մատուցելու Քյարամյանից լավ տղա չլինի.... »,-անդրադառնալով իրավապահ համակարգին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը, ով 10 տարի է՝ պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար:
«Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու,առավել ևս իրավապաշտպանի` խորապես մտահոգում է Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինի տարակուսելի հաճախականությամբ ՀՀ ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպումները, մինչդեռ աշխարհին է հայտնի Հայաստանի դատաիրավական համակարգի ողբերգական վիճակը:
Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավար երկրի անուն կնքած Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ պաշտոնյաների ձևակերպումները պարզապես այլ փաթեթավորմամբ՝ ՀՀ-ին հաճոյանալու միտում են ենթադրում, քանի որ չափազանց հեռու է մեր երկիրը ժողովրդավար լինելուց՝ միայն այն պատճառով, որ ցավալիորեն մեկ անձի ամենօրյա ռեժիմով ՝«խոշտանգվում է» արդարադատությունը: Կարծում եմ շատերին է հայտնի,որ ամբողջ իրավապահ համակարգը գլխավոր դատախազության վերահսկողությամբ տրված հանձնարարություններով ու ցուցումներով է առաջնորդվում և իրականացնում իր գործառույթները»,-նշում է տիկին Ադանալյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու հայտնի SMS հաղորդագրություններով պաշտոնանկ եղած ուժային կառույցների ղեկավարների ցուցակում չհայտնվեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Դժվար չէ այս հարցի պատասախանը կռահել ՝ ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջև տեղի ունեցող «կարոտագին» հանդիպումների ենթատեքստում, ըստ մամուլի՝ 2-տարում՝ 6-հանդիպում: Օրեր առաջ էլ ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր շաղակրատում Հայաստանի իշխանությանը, թե «ՀՀ-ումկառավարության ներքին մակարդակով բարեփոխումներ են իրականացվել, ուժային կառույցների ղեկավարներ են փոխել, վարչապետ Փաշինյանի կողմից արդար հասարակություն ստեղծելու մեծ աշխատանք է տարվել, հատկապես արդարադատության ոլորտում և իրավունքի գերակայության տիրույթում»: ԱՄՆ նախկին պետքարտուղարն ի հավաստումն թվարկածների՝ նաև հպարտությամբ նշեց,որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկի մրցանակ է հանձնվել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար՝ Սրբուհի Գալյանին:
Բլինքենները և այլք, հայ հասարակության,ՀՀ քաղաքացու կյանքի ու ճակատագրի,ապրելու իրավունքի,այդ թվում նաև երկրում օրենքի իսպառ բացակայության,խեղված արդարադատության հաշվին հաճոյանանում են Հայաստանյան իշխանությանը, տուրք տալով իրենց ինչ-ինչ քաղաքական զեղումներին: Այս առումով մի Ժողովրդական իմաստություն կա, ասում են՝ «Լացացնողիդ կողքին նստի, ծիծաղացնողիդ կողքին մի՛ նստի»:
Ում հայտնի չէ, որ մեր երկրում կարևոր պաշտոնների են նշանակում կառավարության ցանկալիներին, ովքեր իրենց նշանակողների երդվյալ կամակատարներն են:Բայց,որ նման պաշտոնների կարող են նշանակվել ավելի մեծ մասշտաբի,օրինակ՝ «աշխարհաքաղաքական» ճաշակով ու պահանջարկով,ապա ակնհայտ է,որ դրա ապացույցի կրողները կարող են լինել հենց իրենք՝ ուժային կառույցների ներկայիս գործող ղեկավարները»,-ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով ԱՄՆ դեսպան՝ քրիստինա Քվինի՝ օրերերս տեղի ունեցած մեկ այլ հանդիպման մասին:
«Հանդիպում էր ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի հետ: Աննա Վարդապետյանի հետ էլ քննարկել էր երկու երկրների համագործակցության,իրավական փոխօգնության,կոռուպցիայի դեմ պայքարի ԱՄՆ աջակցության մասին և այլն:Քանի որ հանդիպումները տվյալ ոլորտի հետ են կապված,ապա տիկին դեսպանը գոնե մամուլի հրապարակումներից տեղյակ չէ՞,թե ինչ է կատարվում Հայաստանի իրավապահ համակարգում:Կարո՞ղ ենք արձանագրել,որ երկու երկրների համագործակցության արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոծկում է ծանրակշիռ փաստերով հայտնի թվով 2 առանձնապես ծանր հանցագործություն, կարո՞ղ է արդյոք տիկին դեսպանը Աննա Վարդապետյանի նկարագրված փորձը փոխանցել ԱՄՆ դատախազությանը,թե օրինակ ինչպես կարող է մարդասպանության դեպքով քրեական գործը քննել 10-տարի, ինչպես ձգձգել դատական նիստերը,մինչև վրա հասնի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ,ինչպես կարելի է քրեական վարույթից իրեղեն ապացույցներ գողանալ,ինչպես ցուցադրել կոռուպցիայի և թմրամիջոցների դեմ պայքար, բայց գործել այնպես, որ թե՛ բուն հանցագործության կատարման և թե՛ հանցագործությունների պարտակման համակարգային սխեման գծագրվի գլխավոր դատախազությունում: Չգիտեմ՝ ԱՄՆ-ում ինչպե՞ս կվերաբերվեն և կընդունե՞ն արդյոք ՀՀ գլխավոր դատախազի նմանօրինակ փորձը:
Չեմ կարող չնշել,որ ՀՀ-ում այլ երկների դեսպանների կողմից գլխավոր դատախազի հետ հանդիպումներ գրեթե չեն գրանցվել,կամ եղել են ժամանակային տևական դադարի կտրվածքով՝ 1-2անգամ,այն էլ իրենց նշանակմամբ պայմանավորված: Հետևաբար,ինչու այդպիսի հաճախականությամբ հանդիպումներով շահագրգռված չեն օրինակ ասենք՝ Ավստրիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Իրանի, Արգենտինայի, Արաբական Միացյալ Էմիրությունների,Լեհաստանի,ՌԴ դեսպանները,կամ Գերմանիայի դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ տիկին Կլաուդիա Բուշը և այլք:
Հարցը բնավ պայմանավորված չէ անձով,այլ աշխարհաքաղաքական շահերի բախման այս մղձավանջում մեր երկրի գոյության խնդրով, իշխող կառավարության նկատմամբ ծայրաստիճան անվստահության ֆոնին տիրող արդարադատության և իրավունքի իսպառ բացակայությամբ և առավելապես՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցրած դրական ազդակներով,որոնք իրականությանը չհամապատասխանելու նկատառումներով՝ խորապես վիրավորական են հայ մարդու,մեր երկրի համար մտահոգ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար:
Հույս ունեմ,որ գոնե հետայսու՝ տիկին դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հարց կառաջադրի,թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում հանցագործությունների թվի աննախադեպ աճը,վտանգավոր չէ՞ արդյոք նման պայմաններում դիվանագիտական առաքելություն իրականացնել»,-ասում է Ռուզան Ադանալյանը:
Զրույցի ավարտին տիկին Ադանալյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է ուղղում․«Ի վերջո ի՞նչն է գայթակղել կռուպցիայի դեմ «պայքարող» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին Գյումրիում տեղի ունեցած 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննությունը դիտավորությամբ 10-տարի ձգձգելու :Այս քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության ճակատին դաջված խարան է... :Իմ հարցին ակնկալվող փաստարկված պատասսխանն անխոս որոշիչ դեր կունենա ՀՀ –ում գործող դեսպանատների դիվանագետ-ներկայացուցիչների համար՝ արդար և օբյեկտիվ գնահատական տալու ՀՀ դատաիրավական համակարգի գործունեությանը՝ ուղիղ նայելով ՀՀ քաղաքացու աչքերին... » :
Կարծիքներ