ԱԱԾ դիմելու գաղափարը ողջունել են անգամ նախկին լրագրողները

ԱԱԾ դիմելու գաղափարը ողջունել են անգամ նախկին լրագրողները

Երբ ամիսներ առաջ լրատվամիջոցները գաղտնազերծեցին «Իմ քայլը» խմբակցության փակ քննարկումներից մեկը, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել լրատվամիջոցներին, ավելի ճիշտ՝ նրանց աշխատանքը սահմանափակելուն ուղղված առաջարկներ էին հնչել, իմքայլական պատգամավոր նախկին լրագրողներն ամեն ինչ արեցին իրենց անունն այդ «փիս» քննարկումից մաքրելու համար՝ հարցազրույցներ ու մեկնաբանություններ տվեցին, թե լրագրողների աշխատանքը ոչ մեկը չի կարող սահմանափակել, որ իրենք ազատ խոսքի ջատագովներ են եւ այլն, եւ այլն։ Խոսքն այն աղմկահարույց փակ քննարկման մասին է, որը «Առավոտի» լրագրողը ձայնագրել էր, եւ երբ պատգամավորները մտահոգություն էին հայտնել՝ ինչպես եւ ով է խմբակցության փակ հանդիպումներից մանրամասներ տրամադրում լրատվամիջոցներին՝ «սլիվ» անում։ Նրանցից ոմանք բարձրացրել էին լրագրողների մուտքն ԱԺ 334 սենյակ  սահմանափակելու հարցը․ հենց այդ դահլիճում են «Իմ քայլի» պատգամավորները պարբերաբար փակ նիստեր անցկացնում, իսկ ավելի «կրեատիվներն» առաջարկել էին ԱԱԾ դիմել՝ թող պարզի «սլիվ» անողներին ու զբաղվի նրանցով։

Պատգամավորներից ոմանք՝ Համազասպ Դանիելյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, հրապարակավ հաստատեցին այդ ինֆորմացիան, իրավապաշտպան եւ այլ շրջանակներից մեծ աղմուկ բարձրացավ, որ ոչ մի իշխանության, անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոնյաների մտքով չէր անցնում «կագեբեական կոնտրոլի» տակ վերցնել մամուլն ու լրագրողներին։ 
Աղմուկը խլացնելու համար հատկապես նախկին լրագրող, ներկայիս իշխանական պատգամավորներից մի քանիսը շտապեցին հերքել այդ մտադրությունները։ Գայանե Աբրահամյանը, մասնավորապես, 168․am-ին բառացիորեն ասաց․

«Ինձ համար աբսուրդ է դա, որեւէ կերպ լրագրողների աշխատանքը սահմանափակելն անընդունելի է, անգամ եթե էթիկայի պայմանները խախտելով՝ որոշ գործողություններ իրականացվում են։ Անշուշտ, որեւէ մեկը չի կարող չհաստատել, որ դռների արանքից գաղտնալսելն էթիկայի խախտում է։ Բայց անգամ այդ դեպքում ես կարծում եմ, որ որեւէ կերպ լրագրողների աշխատանքը սահմանափակելն անընդունելի է, եւ, բնականաբար, լրագրողները պետք է կարողանան կանգնել այնտեղ, որտեղից միանգամից կկարողանան ինֆորմացիա ստանալ, այսինքն՝ դռների մոտ»։ Ասաց նաեւ, որ ԱԱԾ-ին դիմելու առաջարկը ներքին արտահոսքի բացահայտման մասին է եւ ոչ թե նրա, թե լրագրողներն ինչպես են այդ ինֆորմացիան ստանում. «Որոշակի կասկածներ կան, որ մեր էլեկտրոնային փոստերն են կոտրում, եւ այդպես է արտահոսք լինում։ Եվ դա շատ վաղուց է։ Ենթադրում եմ՝ այդ խնդիրը բացահայտելու համար է խոսվել ԱԱԾ-ին դիմելու մասին։ Այլապես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն լրագրողների հետ կապված ինչ պետք է անի»։ 

Այս իրադարձություններից ամիսներ անց պարզել ենք, որ ԱԱԾ-ին դիմելու առաջարկն արել է հենց լրագրողական գրիչը մանդատով փոխարինած Գայանե Աբրահամյանը։ «Իմ քայլի» մեր աղբյուրը մեզ փոխանցեց ԱԺ իշխանական խմբակցության փակ զրույցի «սքրինը», եւ ֆեյսբուքյան այդ ներքին «չաթում»  պատասխանելով ոմն Ալեքսանդրի «նամակի»․«Առաջարկում եմ սլիվ անողին կամ անողներին հայտնաբերելու համար դիմել ԱԱԾ-ին», Գայանե Աբրահամյանը գրել է ․«Ալեքսանդր ջան, դեռեւս հունվարին եմ առաջարկել այս խնդրի լուծմանը ներգրավել ԱԱԾ, քանի որ կանխատեսելի էր, որ եթե նախկինում խաշի հավաքն էր սլիվ լինում, ապա հետո հույժ գաղտնի ինֆոներ եւս դուրս կգան: Ի դեպ, բոլորովին չէի պնդում, որ դա որեւէ մեկն է անում, այլ չէի բացառում, որ ջարդում են մեյլեր, գաղտնալսում են սենյակում եւ այլն... բայց հիմա այնպիսի գերզգայուն, էքզիստենցիալ փուլում ենք, որ, այո, ազգային անվտանգության խնդիր է, եւ պետք է լուծել այս հարցը»:

Հիշեցնենք, որ «խաշի լուրը» «Հրապարակն» է գրել, որից հետո վարչապետի մակարդակով սկսեցին պատերազմել «Հրապարակ»-ի դեմ։ Իսկ իշխանական ճամբարում տարբեր կարծիքներ հնչեցին, որ մամուլը չպետք է գրի այն, ինչ ուզում է, ներսից ինֆորմացիա «հանողներին» էլ պետք է գտնել ու պատժել։ Հիմա պարզվում է՝ այս առաջարկի հեղինակը հենց նախկին լրագրող է՝ խոսքի ազատության համար տարիներ շարունակ պայքարած, դրա համար բազում դրամաշնորհներ ստացած Գայանե Արբրահամյանը։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավորից, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ նամակին։