Մի բան ունեինք վաճառվող, այն էլ հրդեհվեց. Արգել համայնքի ղեկավար 

Մի բան ունեինք վաճառվող, այն էլ հրդեհվեց. Արգել համայնքի ղեկավար 

Կոտայքի մարզի Արգել համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանը 1999 թվականից  ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ մինչ օրս պաշտոնավարում է: 3400 բնակիչ ունեցող համայնքում աշխատատեղ չկա, իսկ անջրդի հողերն էլ՝  բնակիչները չեն մշակում: 

Օրեր առաջ հրդեհ էր բռնկվել Արգելի չշահագործվող դպրոցում: Ավագյանի խոսքով՝ դա թերեւս միակ շինություն էր, որ կարող էին վաճառել, կամ էլ՝ համայնքին ծառայեր. «Հին դպրոցն էր, ամեն վայրկյան սպասում էինք, որ մի նորմալ ներդրող կհայտնվի, ով կկարողանա իմ համայնքի բնակիչների համար աշխատատեղ ստեղծի: Մի քանի օր առաջ եկան տեսան շենքը, անգամ մարզպետարանից էին եկել: Այն էլ հաջորդ օրը հրդեհ բռնկվեց: Հիմա դատախազությունում համապատասխան օրգանները զբաղվում են դրանով, ու հույս ունենք, որ անպայման կբացահայտվի: Հրդեհի ժամանակ ես էլ եմ այնտեղ եղել, ցավով եմ նայել, ինչ որ կարողացել ենք, արել ենք, որովհետեւ ես այդ դպրոցում եմ սովորել:  Նախկինում դպրոցի մի փոքր հատվածում փախստականներ են ապրել: Վերջին փախտականը մահացել էր, իր գույքը մի սենյակում դրված ա եղել: Հարեւանների պատմելով՝ գյուղի երեխաները միշտ էդ դպրոցի մեջ նստում էին:  Հերթական անգամ երեխաները նստել զբաղվել են, լուցկի են վառել, թե ինչ են արել, ու էդպես հրդեհը բռնկվել է:  էս մի բանը ունեինք վաճառվող էն էլ հրդեհ բռնկվեց»:  Ըստ Ավագյանի՝ համայնքում գյուղատնտեսությունը չի զարգանում, հողերը անջրդի են. «Մենք սիրով, աչքներս հառած սպասում ենք որեւիցէ մեկը դուռը բացի, ասի՝ ինչով կարող եմ գյուղին օգնել: Առանց այն էլ գյուղը տուժած գյուղ է: Նախկինում քաղաքատիպ ավան է եղել, 1996 թվականից դառել ա գյուղ: Հիմա մենք չգիտենք ո՛չ գյուղ ենք, ո՛չ քաղաք: 43 կտոր հող ենք հանել աճուրդի, անգամ մարզպետին ենք խնդրել իրենք կայքով տեղադրել են, ոչ մեկը հող չի գնում, խնդրում ենք, որ գան հող գնեն»: 

Նշենք, որ երկարամյա համայնքի ղեկավարը իր եղբորը նշանակել է իրեն օգնական, իսկ եղբորորդուն՝ վարորդ: