Սիրիական զարգացումներն ու Եվրոպայի միգրացիոն քաղաքականության փոփոխությունը

Սիրիական զարգացումներն ու Եվրոպայի միգրացիոն քաղաքականության փոփոխությունը

Սիրիայում Ասադի վարչակարգի կործանումը Եվրոպայում փախստականների հարցում որոշակի լավատեսական հույսեր է արթնացրել՝ իր վերլուծականում գրում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը։ Առհասարակ, Ասադի վարչակարգի անկումը բավական հետաքրքիր էր։ Դեկտեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը Դամասկոսը հանձնվեց, Ասադը հեռացավ երկրից, սակայն վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին պահպանեց պաշտոնը եւ սկսեց իշխանության փոխանցման գործընթաց։ Դեկտեմբերի 9-ին Դամասկոսում հանդիպեցին ալ-Ջալալին եւ երկու ընդդիմադիր լիդերները՝ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, որի իսկական անունն է Ահմեդ Հուսեյն ալ-Շարա, եւ Մուհամմադ ալ-Բաշիրը, որը Իդլիբում զբաղեցրել էր Սիրիայի փրկության կառավարության վարչապետի պաշտոնը։

Երկուսն էլ իշխանությունը զավթած զինված ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչներ են։ Ընդ որում, ալ-Բաշիրը՝ որպես ֆիգուր, ինքնուրույն գործող չէ եւ ամբողջապես կախված է ալ-Ջուլանիից։ Հանդիպումը կարեւոր էր նրանով, որ արագ պետք է լուծվեր իշխանության խաղաղ փոխանցման եւ նոր վարչապետի հարցը, քանի որ սիրիական սփյուռքն առաջ էր մղում Ռիյադ Խիջաբին, որն Ասադի հետ հարաբերությունները խզել էր դեռ 2012 թվականին եւ այդ ժամանակվանից ապրում էր Հորդանանում։

Ի վերջո, հաղթեց ալ-Բաշիրի թեկնածությունը։ Նա ինժեներ է, սակայն Իդլիբում փրկության կառավարությունում աշխատելու ընթացքում հասցրել է ստանալ նաեւ շարիաթի մասնագետի որակավորում։ Դեկտեմբերի 9-ին, թեեւ իրավիճակը դեռ շարունակում էր մնալ հեղհեղուկ, սակայն մի շարք եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Հունաստան, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա եւ Շվեյցարիա, դադարեցրին սիրիացի փախստականների հայտերի ընդունումը։ Նրանց նաեւ այլ երկրներ էլ, վստահաբար, կհետեւեն։ Ավստրիայում նույնիսկ մտադիր են սիրիացիներին իրենց հայրենիք վերադարձնելու կամ արտաքսելու ծրագիր գործարկել։

Ինչպես նկատում են մասնագետները, Եվրոպայում ներկայում ավելի քան 1,1 միլիոն սիրիացի կա։ Գերմանիայում սիրիական իրավիճակի հանդեպ ավելի զուսպ եւ զգուշավոր մոտեցում ունեն։ Այստեղ արտաքին գործերի ֆեդերալ նախարար Աննալենա Բերբոքը կոչ է արել՝ չափազանց հապշտապ եզրակացություններ չանել Սիրիայի հարցում։ ՆԳ նախարար Նենսի Ֆազերն էլ կարծում է, որ իրավիճակն անորոշ է Սիրիայում, եւ փախստականների վերադարձի կոնկրետ քայլերի մասին խոսելը դեռ շատ կանուխ է։ Բավարիայի երկրամասային վարչապետ Մարկուս Զյոդերը կոչ է արել՝ մշակել սիրիացիների հայրենադարձման կոնկրետ գործողություններ։ Փախստականների խնդիրը, ըստ փորձագետների, բազմաշերտ է, եւ չի կարելի բոլոր հարցերը միանգամից, ինչպես ասում են՝ գրչի մեկ հարվածով լուծել։ Այսպես․ անցյալ տարվա վերջին գերմանական հիվանդանոցներում մոտ 5 հազար սիրիացի բժիշկ է աշխատել։ Ու եթե նրանք՝ բոլորը, միանգամից հեռանան, ապա գերմանական առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա։

Սակայն, չնայած դրան, հայրենադարձման գաղափարը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական դիսկուրսի օրակարգում։ Սիրիացի փախստականների հանդեպ ներկայիս վերաբերմունքը, որը որդեգրվեց եվրոպական երկրների կողմից՝ վերջին օրերին, ըստ Մակարկինի, վկայում է այն մասին, որ Եվրոպան մտադիր չէ ապաստան տալ նրանց, ովքեր չեն կարողանա յոլա գնալ Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Եվրոպան Ասադի վարչակարգը դիտարկում էր որպես բռնապետություն։ Հետեւաբար նաեւ՝ նոր իշխանությունների հետ չհարմարվողները դիտարկվելու են որպես նրանք, ովքեր աջակցել են բռնապետական ռեժիմին։