Չեն կարող այդ ճանապարհով գնալ, դա մեծ աղմուկ կբարձրացնի

Դեկտեմբերի 16-ին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկում էին ատելության խոսքի դեմ ուղղված պայքարի հարցը։ Հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էր։ Աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը կզբաղվի օրենսդրական փոփոխություններով: «Կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել եւ, եթե չեմ սխալվում, խորհրդարան է ուղարկել բռնության կոչերի քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծ, որը եւս կդառնա այս աշխատանքային խմբի քննարկման առարկա»,- ասել է նա: Թեմայի շուրջ զրուցեցինք իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ։
Հարցրինք, թե ինչ հիմնական սկզբունքներ պետք է հաշվի առնվեն օրենքի նախագիծը մշակելիս։ «Հիմնական սկզբունքը ատելության շարժառիթն իրավաբանորեն ֆիքսելն է, որը բավականին բարդ է, նույնիսկ «թրոլինգն» ատելության խոսք չէ, ատելության խոսքը պետք է ավելի նեղ սահմանվի, որպեսզի նեղ մեկնաբանվի։ Հակառակ դեպքում, այո, դա կարող է ազդել խոսքի ազատության վրա»,- ասաց նա։
- Օրինակ՝ քաղաքական հայացքների համար վիրավորելը կարո՞ղ է համարվել ատելության խոսք։
- Քաղաքական հայացքների համար ինչ-որ մեկին մեքենայական բռնության կոչ անելը եւ դա արդարացնելը, այո, ատելության խոսք է, խոսքը բռնության կոչի, անհանդուրժողականության կոչի մասին է։ Դա չպետք է գնահատվի միայն կոչի շրջանակներում, պետք է տեսնել՝ այդ անձն ունի՞ կանխակալություն զուտ քաղաքական հայացքների համար, ունի՞ նախապաշարմունք քաղաքական հայացքների համար․․․ ընդհանրապես, դա նեղ է մեկնաբանվում, ավելի հաճախ ատելության խոսքը կապված է անձի տարիքի, առողջական վիճակի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների, ռասայի հետ․ հիմնականում այս հիմքերով է դրսեւորվում, քաղաքական հայացքների պարագայում ավելի շատ լինում են բռնության կոչեր։
- Ինչպե՞ս պետք է որոշվի ատելության խոսքի եւ քննադատության սահմանագիծը։
- Սահմանագիծը որոշվում է սկզբունքով, ոչ թե կոնկրետ նորմով, իսկ այդ սկզբունքը շարժառիթն է։ Եթե անձի շարժառիթն է քննադատելը, դա ատելության խոսք չէ, իսկ եթե շարժառիթն է ատելությունը, ուրեմն դա ատելության խոսք է։
- Պրակտիկայում դա պարզելը հնարավո՞ր է։
- Իհարկե, հնարավոր է, դա ավելի շատ քրեական իրավունքի զամբյուղի մեջ է։ Պրակտիկայում հնարավոր է, սակայն երբեմն բարդ է, որովհետեւ դրդապատճառը քողարկվում է։ Օրինակ՝ «Սասնա ծռեր» խմբավորման կոչերն առերեւույթ ատելության խոսքի դրսեւորումներ են, եւ իրենք դա չեն էլ թաքցնում։
- Կա՞ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, Հայաստանում ատելության խոսքն այդքան մեծ չափերի՞ է հասնում։
- Դրա գլոբալ պահանջ կա, միայն Հայաստանի մասին չէ խոսքը։ Հայաստանում գուցե այդ աստիճանի չի արտահայտվում։ Քանի որ այսօր նոր տեխնոլոգիաներ կան՝ համացանցը, դա ավելի մեծ չափերով է տարածվում, ավելի արագ եւ ավելի խոր հետք է թողնում, այսինքն՝ ավելի անհրաժեշտ է գլոբալ իմաստով՝ նոր տեխնոլոգիաների պատճառով։
- Հիմնականում հենց ֆեյք օգտատերերի միջոցով են տարածվում նման հայտարարությունները, դա հնարավո՞ր է վերահսկել։
- Հնարավոր է, բայց դա ավելի մեծ ռեսուրս է պահանջում։ Եթե այդ ֆեյքը Ֆեյսբուքում է, եւ իր արած հայտարարությունը հանցակազմ է պարունակում, իրավապահ մարմինները ստիպված պետք է Ֆեյսբուքին դիմեն, որը մասնավոր ընկերություն է եւ գտնվում է ԱՄՆ-ում։ Հայաստանից մի քանի տասնյակ նման դիմումներ են եղել, կեսից շատը բավարարվել է։ Ֆեյսբուքն ամերիկյան ստանդարտ է կիրառում, եվրոպական ստանդարտով դա կարող է անօրինական նյութ համարվել, իսկ ամերիկյան ստանդարտով՝ ոչ։ Մի հայ, որն ապրում էր Նյու Յորքում, ժամանակին Ֆեյսբուքում գրառում էր արել՝ «ես ձեր ցեղասպանությունը․․․», ու հայհոյանքներ, հայ ժողովրդին ամենատարբեր վիրավորական որակումներ էր տալիս՝ ոչխարներ եւ այլն։ Նա նաեւ ցեղասպանությունն էր հերքում։ Ես դիմեցի Ֆեյսբուքին, Ֆեյսբուքը պատասխանեց, որ իրենց համայնքի նորմերը չեն խախտվում, եթե մի հազար հոգի գրեին, այլ որոշում կկայացներ։ Այսինքն՝ դժվարություններ կան, նույնական չեն մոտեցումները, մանավանդ այն հարթակներում, որոնք գլոբալ չափեր ու տարածում ունեն։ Այժմ Եվրոպայում մշակվում է անձնական տվյալների պաշտպանության համաձայնագրի նոր տարբերակը, որը մի փոքր այլ մոտեցումներ է ամրագրում։
- Կարծիք կա, որ ատելության խոսքի դեմ պայքարի լավագույն միջոցը մարդկանց կրթական ցենզը բարձրացնելն է։ Դուք ի՞նչ եք կարծում, սա լուծում կարո՞ղ է լինել, թե՞ պարտադիր իրավական կարգավորումներ են պետք։
- Բոլորը Եվրոպայում ի վերջո գալիս են այդ եզրահանգմանը, որ պետք է բարձրացնել մեդիագրագիտությունը, եւ այն իրապես կարող է օգնել, սակայն առանց քրեաիրավական մեխանիզմների յոլա չես գնա, պատիժը պետք է, մանավանդ, որ կապ ունի ահաբեկչության, միջազգային հանցավոր գործունեության հետ, բայց քաղաքացիական իրավունքների շրջանակներում, իհարկե, մեդիագրագիտությունը շատ կօգնի։
- Կարո՞ղ է այս օրենքը մտրակ դառնալ իշխանությունների ձեռքին՝ լրատվամիջոցների դեմ, վտանգ չկա՞, որ ամեն քննադատություն կդիտարկվի որպես ատելության խոսք, եւ կսկսվեն քրեական հետապնդումներ։
- Չի դառնա, որովհետեւ քաղաքացիական հասարակության հակակշիռները շատ են, օրենքները՝ նույնպես։ Եթե նման փորձ լինի, մեծ աղմուկ կբարձրանա, եւ չեմ կարծում, որ իշխանություններն այդ քայլին կգնան, նախկին իշխանությունները նույնպես նման քայլի չէին գնում։
Կարծիքներ