Ադրբեջանական «առեւտուր»․ Սյունիքի միջանցքը՝ Լաչինի դիմաց
Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքվում էր չարաբաստիկ եռակողմ համաձայնությունը, որը կոչեցին Հայտարարություն, որ չստացվի, թե Սահմանադրության խախտմամբ երկրի ղեկավարը միանձնյա որոշում է կայացրել, մինչդեռ նման որոշումները պետք է կայացվեն պետական մի շարք ինստիտուտների մասնակցությամբ, թվում էր` մեզ հետ դրանից վատ բան լինել չի կարող: Դա ամենավատ ելքն էր, որ կարող էր արձանագրվել: Բայց պարզվեց` գալու է մի օր, որ երազելու ենք անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահպանման մասին, որովհետեւ մեր իրական պարտությունը սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից` պատերազմի բուն ավարտից հետո: Եվ դա արդեն մեր դիվանագիտության, մեր իշխանությունների սնանկության ու ապաշնորհության հետեւանքն է:
2021-ին դեռ ամեն կողմից, եւ հատկապես` միջազգային ատյաններից, հնչում էին խոստումներ, որ պատերազմում պարտությունը դեռ չի նշանակում Արցախի ինքնիշխանության ոչնչացում, Արցախի կարգավիճակի հարցի փակում: Որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը շարունակելու է աշխատել, եւ Արցախը` ԼՂԻՄ տարածքով, պետք է պահպանի իր անկախությունը: Խոսվում էր նաեւ Հադրութն ու Շուշին վերադարձնելու մասին: Որեւէ մեկը չէր վիճարկում Լաչինի միջանցքի եւ Հայաստան-Արցախ անարգել կապի գոյությունը, որի մասին հատուկ կետ կար նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Բայց մեր ապաշնորհ իշխանությունների պաշտոնավարման ամեն օրը մեզ նորանոր պարտություններ ու զիջումներ բերեց, եւ մենք 2023-ի մայիսին շատ ավելի վատ վիճակում ենք, քան էինք 2020-ի նոյեմբերին:
Երկուսուկես տարի շարունակ ՀՀ իշխանությունը, մի կողմից, ոչինչ չարեց, որ ամրացնի ու վերազինի մեր բանակը, կահավորի սահմանները, բարձրացնի զինվորի ու գեներալի ոգին: Մյուս կողմից՝ հարյուրավոր քրեական գործեր հարուցեցին զինվորականների դեմ, ամենօրյա ռեժիմով խոսեցին դասալքության ու դավաճանության մասին` ներշնչելով, որ մենք վախկոտ ու դավաճան ազգ ենք, եւ այդ պարտության մեղավորն էլ ոչ թե իրենց տհասությունն ու անկազմակերպվածությունն է եղել, կառավարման տարրական գիտելիքներ ու դիվանագիտական հմտություններ չունենալը, այլ դավաճան գեներալներն ու դասալիք զինվորները:
Թշնամուց ու պատերազմից այնքան վախեցան ու այդ վախը ներարկեցին ժողովրդին, որ պետք է ամեն ինչ անել՝ թշնամուն չզայրացնելու համար: Եվ հրաժարվեցին զենք բերելուց, զորավարժություններ անելուց, Իրանի ու Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական շփումներից ու պայմանագրերից: Եվ սկսեցին խաղաղություն մուրալ Թուրքիայից ու Ադրբեջանից: Սրանց վախերն այնքան ակնառու էին, որ ագրեսորներն անմիջապես հասկացան, որ Հայաստանն այլեւս պետություն չէ, այլ վախկոտ անխելքների կողմից կառավարվող մի տարածք, որը գրավելն ընդամենը տեխնիկայի հարց է, եւ սկսեցին գրավել ու ճնշել: Ռազմական մինի-սադրանքներով հող էին գրավում` զոհեր պատճառելով գլոբալ պատերազմից սարսափող հայ հասարակությանը, իսկ դիվանագիտական ասպարեզում խորամանկություն եւ խելք բանեցնում, միջազգային լծակներ կիրառում, օգտվում աշխարհաքաղաքական նպաստավոր իրավիճակից: Մյուս կողմից էլ՝ անտեսում էին իրենց ուղղված միջազգային կոչերն ու հորդորները՝ բացահայտորեն շրջափակելով ու աղետի մատնելով Արցախի բնակչությանը:
Հիմա արդեն հասել ենք վերջին փուլին, երբ դիվանագիտական ճանապարհով են մեզնից տանում առավելագույնը՝ չբավարարվելով Արցախով: Տանում են հայկական տարածքներից ապօրինաբար խլված հատվածները եւ պատրաստվում են նոր տարածքներ խլել: Պատրաստվում են վերցնել Սյունիքի միջանցքը` դրա անունը դնելով կոմունիկացիաների ապաշրջափակում: Եվ հասել են նրան, որ Սյունիքի եւ Լաչինի միջանցքները դնում են նույն հարթության վրա: Նոր տերմին են անգամ շրջանառության մեջ դրել` ասիմետրիայի սկզբունք: Այսինքն` ինչ միջանցք ուզում եք ունենալ Լաչինում, նույնը պետք է մենք ունենանք Սյունիքում: Եթե ուզում եք ունենալ առանց անցակետի գործող ճանապարհ, որտեղ ադրբեջանցի սահմանապահները չստուգեն Արցախ գնացող-եկողների փաստաթղթերը, ապա մենք էլ պետք է առանց ստուգվելու` վզզալով մտնենք Նախիջեւան ու հետ գնանք Բաքու:
Եվ Արցախում այս ճնշումները, ճանապարհ փակելն ու անցակետ տեղադրելն էլ այդ նպատակին են ուղղված: Կտաք Սյունիքի միջանցքը` կստանաք Լաչինի միջանցքը․ ադրբեջանական «առեւտուրը» սրան է ուղղված: Եվ քանի որ մենք, ըստ էության, չունենք իշխանություն, եւ ոչ մի հարցում դիմադրություն ցույց չի տրվում, ի վերջո, ադրբեջանցիները հասնում են իրենց ուզածին:
Կարծիքներ