Ներկա իշխանությունը քաղաքական գործընթացներից դուրս է թողել կուսակցություններին

Ներկա իշխանությունը քաղաքական գործընթացներից դուրս է թողել կուսակցություններին

Երկրում կարեւոր տնտեսական-քաղաքական-սոցիալական զարգացումներ են տեղի ունենում, սակայն քաղաքական ուժերը դրանք գրեթե անարձագանք են թողնում, եւ նրանց ներկայությունը զգում ենք միայն հիշողության ուժով։ Մենք զրուցեցինք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

- Չե՞ք կարծում, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները դե ֆակտո դադարել են լինելուց: Որեւէ քաղաքական օրակարգ չկա, կուսակցական միջոցառում, լավագույն դեպքում՝ 1-ին դեմքերը հեռուստատեսությամբ հարցազրույց են տալիս եւ այսքանով իրենց առաքելությունն ավարտում:

- Թեեւ երբեւէ Երրորդ հանրապետությունում դասական իմաստով քաղաքական դաշտ եւ կուսակցություններ չեն եղել, բայց այժմ, միանգամայն ճշգրիտ եք, դե ֆակտո դադարել են քաղաքական լինելուց: Մենք հիմա միանժար կշեռքի պետություն ենք: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երկրում քաղաքական բարձրագույն մարմինը խորհրդարանն է, իսկ ես եւ Դուք կարո՞ղ ենք գոնե մեկ ձեռքի մատների վրա հաշվելիք քաղաքական դեմքեր ցույց տալ ներկա խորհրդարանում. եթե ազնվորեն, ապա չենք կարող: Ուրեմն կուսակցություններին թողնվում են բացառապես ԶԼՄ-ները (Ձեր ասած՝ հեռուստաընկերությունները) ու փողոցները: Բոլոր քաղաքական դեմքերը՝ թե՛ հին, թե՛ նոր, քաղաքական միտք եւ կամք ունեցողները խորհրդարանից դուրս են: Մենք ունենք ապաքաղաքական խորհրդարան եւ օրինաչափորեն կունենանք քաղաքականացված փողոցներ:

- Ամուլսարի հարցով առայժմ միայն ՔՈ-ից ու «Սասնա ծռերից» են հայտարարություններ հնչել:

- Իսկ նրանք, որ հայտարարություններ են հնչեցրել խորհրդարանից դուրս՝ ԶԼՄ-ներով, ինչ-որ ազդեցություն կարողացե՞լ են ունենալ որոշումներ ընդունելու լիազորություն ունեցող խորհրդարանի կամ նրա կառավարության վրա: Այդ դեպքում՝ մյուսները որ հայտարարություններ անեն, ի՞նչ է փոխվելու: Որոշում կայացնողը եւ ապագա պատասխանատվություն կրողը լինելու է բացառապես կառավարությունը՝ իր խորհրդարանական միջինասիական բացարձակ մեծամասնությամբ:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է քաղաքական ուժերի ինքնաոչնչացման պատճառը:

- Իրավիճակի Ձեր ներկայացմանը համաձայն եմ, սակայն միանգամայն համամիտ չեմ եզրակացության հետ: Քաղաքական ուժերը չէ, որ իրենք իրենց ոչնչացրել կամ ոչնչացնում են, նրանց ոչնչացրել կամ ոչնչացնում է ներկա իշխանությունը, որը քաղաքական գործընթացներից դուրս է թողել կուսակցություններին, քաղաքական ու պետական գործիչներին: Հետեւանքներն աղետալի են լինելու:

- Այս իրավիճակը որքա՞ն կարող է շարունակվել:

- Ժամկետների մասին խոսելուց անգամ Հիսուս Քրիստոսը հրաժարվեց՝ միայն նշանների մասին զգուշացնելով. ես ո՞վ եմ, որ հանդգնեմ ժամկետից խոսել: Առավելագույնը, որ կարող եմ անել, իմ հասկացած նշանները ցուցանելն է: Եթե արտաքին ագրեսիայի հարց առաջանա, այս վիճակն անմիջապես փոխվելու է: Եթե օրեցօր մարող էմոցիաները փոխարինվեն հիասթափությամբ, ապա իրավիճակն իր ձեռքն է վերցնելու փողոցը, այսինքն՝ քաղաքական կուսակցությունները, որոնց վաղաժամ մահվան մասին ասացիք: Եվ այսպես շարունակ: Որոշ նշանների մասին պարզապես բարձրաձայնել չի կարելի, քանի որ ուղղակիորեն առնչվում են մեր պետության անվտանգության հետ: