Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է

Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է

«Հրապարակի» հարցազրույցը Մխիթար Հերացու անվան Բժշական համալսարանի շրջանանավարտ, բժշկական նախկին «ԿՎՆ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանի հետ

-Պարոն Գրիգորյան, համավարակի այս խառը իրավիճակում, նախարար Թորոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ տարօրինակ երկխոսություն ունեցան պատվաստանյութի թեմայով։ Փաշինյանը հարցրեց, թե ինչ կա պատվաստանյութերից, Թորոսյանն էլ ասաց, որ բանակցում է ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի և  պատվաստանյութ մշակող ընկերության հետ, որն առնչվում է Նուբար Աֆեյանին։ Ավելացրեց, որ շատ մեծ է հավանականությունը, որ հենց նրանց պատվաստանյութը կդառնա թեկնածու պատվաստանյութ։ Այսինքն՝ ձուկը ջրում, դեռ ոչ մի բան պարզ չէ, նորմալ փորձարկումներ չկան, խոսում են ինչ-որ պատվաստանյութեր Հայաստան բերելու մասին։

-Այստեղ զարմանալու ոչ մի բան չկա։ Ես այդ թեմայով չէի գրում, որովհետև համոզված էի, որ այդ օրը գալու է և այսօր է այդ օրը։ Չմոռանանք, թե այդ մարդն ինչ է ասել ի սկզբանե․ որ Հայաստանը «չմո» երկիր է (նախարար Թորոսյանի առաջին գրառումներից) ու որ պետք է գոհ լինենք, որ մեզ պատվաստանյութ են տալիս։ Ասեմ, որ դեմ չեմ պատվաստվելուն, իրոք համարում եմ, որ վակցինացիան ահռելի մեծ դեր է խաղացել մարդկության պատմության մեջ և իրոք օգնել է մեզ՝ կասեցնելու շատ ու շատ վտանգավոր համաճարակներ։ 1918-ին, օրինակ, Հայաստանում  3 համաճարակ կար, որոնցից մարդիկ մահանում էին փողոցներում․ խոլերան, որովայնային տիֆն ու դիզենտերիան և Երևանում գիշերները շրջում էր սայլ, որը հավաքում էր մահացած մարդկանց։

Սա ժամանակին մեզ օգնեց։ Բայց ի՞նչ է կատարվում այսօր։ «Այսօր» ասելով՝ վերջին 20 տարին հաստատ։ Հայաստանը, ինչպեսև՝ շատ հետամնաց երկրներ, դարձել պատվաստանյութերի համար փորձադաշտ։ Իսկ ո՞ւմ համար է նորություն, որ ԱՀԿ-ն փողը տալիս է ու․․․ կամ ինչու՞ , օրինակ, ԳԱՎԻ-ում ներգրավված Հայաստանի առողջապահության նախարարը։ Հանճա՞ր է, եսիմ ինչ բժիշկ, չէ․․․ տեսե՞լ եք՝ ովքեր են այդ ԳԱՎԻ-ում․ ինչքան հետամնաց երկիր կա, իրենց առողջապահությամբ զբաղվողներն են։ Շատ էլեմենտար է․ հավաքում են իրենց, դե ԱՄՆ-ի համար իրենք աբորիգեն են, չէ՞․․․ ասենք՝ լավ հյուրանոցում պահում են, խոստանում են՝ ձեր պետությանը փող կտանք, չեմ կարող ասել՝ իրենց անձնապես փող տալի՞ս են, կարող եմ միայն կռահել, բայց ասում են՝ այս պատվաստանյութը ձեր մոտ պատվաստեք։ Հետո 1-2-3-5 տարի հետո հավաքում են տվյալները։ Հաստատ չգիտեմ, բայց կասկածներ ունեմ, որ «Գարդասիլի» պատմությունը նույնն է․ մեր վրա «սաղացրեցին» ոչ վերջնական փորձարկումներ անցած «Գարդասիլի» տարբերակ։ Հիմա էլ կորոնավիրուսի վակցինան։ Ես կարող եմ ասել՝ ինչ է կատարվելու։ Տեսել եք, չէ՞, այս ինֆոդեմիայի հետևանքով որքան վախեցած մարդ կա աշխարհում ու Հայաստանում։ Միայն իմ շրջապատում կան երեքը, որոնք հոգեկան խանգարման աստիճան ֆոբիա ունեն կորոնավիրուսի նկատմամբ․ ամիսներով տնից դուրս չեն գալիս։ Հիմա այս մարդկանց, եթե ասվի՝ պատվաստվիր ու կփրկվես, ի՞նչ կլինեն։ Եթե 1000 դոլար էլ չունենան, կգնան պարտք կվերցնեն, որ պատվաստվեն։ Իսկ օրինակ՝ ես, եթե անգամ դրա համար քրեական հետապնդում իրականացնեն իմ նկատմամբ, չեմ պատվաստվի։ Ինչու․ վիրուսը շատ արագ մուտացիայի է ենթարկվում, այնպես չէ՞։ Հիմա․ այն պատվաստանյութը, որն այսօր պատրաստ է, այն վիրուսի շտամի կամ գենոմի վրա է, որը եղել է ենթադրենք՝ 4 ամիս առաջ։ Մինչև պատվաստանյութը գա, հասնի Հայաստան, կանցնի՞ ևս 2-3 ամիս։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս  6-7 ամսվա ընթացքում կորոնավիրուսի նոր տեսակը որքան մուտացիաների կենթարկվի։ Արդյունքում՝ անհատ է, թե պատվաստվելով էն շտամին, քանի՞ տոկոսով այն կհամընկնի նոր եկող շտամին։ Իմաստը՞ պատվաստվելու։

-Նաև, եթե չեմ սխալվում, գիտականորեն ապացուցված չէ, որ կորոնավիրուսով հիվանդացածների մոտ ձևավորվում է իմունիտետ, այսինքն՝ հակամարմիններ են լինում։

-Կարդացել եմ նյութեր այդ մասին, որ գիտականորեն ապացուցված չէ, բայց երբ ես սովորում էի Բժշկական ինստիտուտում, մեզ նման բան չէին ասում։ Ու այսօր խոսելով մեր խելացի համաճարակաբանների հետ, կարող եմ ասել մեր ընդհանուր կարծիքը։ Այն է՝ չկա տենց ինֆեկցիա, որն ունենում ես, հիվանդանում, լավանում ես ու քո մոտ չի լինում հակամարմին։ Նման բան չի լինում։ Ինչ ուզում են, թող գրեն։ Մոտ 6 ամիս առաջ էլ ԱՀԿ-ն ասում էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է ձեռքից ձեռք։ Տեսա՞ք, որ հիմարություն դուրս եկավ։ 2 ամիս առաջ բոլորին ստիպոււմ էին ձեռնոցներ հագնել։

-Մասնավոր կլինիկաների տնօրեններին ու բժիշկներին ուղղված կոչով եք դիմել՝ գրելով․ «Երբ Հայաստանի առողջապահության նախարարն ու իր կիսագրագետ շրջապատը եկան Արմեն Մուրադյանի հետևից, դուք լռեցիք։ Երբ նրանք քարուքանդ էին անում տուրբերկոլլյոզային դիսպանսերն ու ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը, որպեսզի այստեղի ֆինանասական հոսքերն ուղղեն իրենց ենթակա ՀԿ-ների ու գլխավոր բժիշկների միջոցով  այլ ԲԿ-ներ, դուք լռեցիք։ ․․․․
Հիմա տեղական «նշանակության» բժիշկ Մահը եկել է ձեր բոլորի հետևից։ Նա արտաքին ղեկավարում է իրականացնում բոլոր բուժական հաստատություններում և կարծում եմ՝ այնտեղ կնշանակի, ինչը նա սիրում է, նախկին հարկային տեսուչների։ Քողարկվելով արտակարգ դրության և Պարետի որոշումներով՝  նրանք մեկ ամսից կկազմաքանդեն ձեր կլինիկաները, քթները կմտցնեն ձեր հաշվապահություններ, քրեական գործերի հարուցման սպառնալիքներով և շատժով իրենց կենթարկացնեն ձեր կլինիկաները»։ Ինչո՞ւ եք կարծում, կդիմադրե՞ն առողջապահական կլինիկաների սեփականատերերը։

-Տեղյակ եմ, որ կա դրա պրոեկտը, որն առայժմ հրապարակայնացված չէ, բայց ճանաչելով այս իշխանությանը, չեմ կասկածում, որ դա ամեն վայրկյան կարող է լինել։ Ես ասել եմ՝ եթե չեք ուզում կորցնել ձեր կլինիկաները, ընդդիմացեք հիմա, որովհետև այսօր արդեն 2 պետական կլինիկա կազմալուծված է․մեկը տուբերկուլյոզային դիսպանսերն է, մյուսը ՁԻԱՀ կենտրոնը։ Դուք գիտե՞ք՝ ով է ՍՊԻԴ-ի կենտրոնի ղեկավարը․․․ ՊԵԿ-ի աշխատող։ Այդքան մեծ կռվով ՍՊԻԴ-ի կենտրոնը միացրեցին «ինֆեկցիոնին», գլխավոր բժշկի հաստիքը հանեցին, բժիշկներն էլ ստորագրեցին, դուրս եկան, նա ղեկավար նշանակում է ՊԵԿ աշխատակցին։ Իսկ գիտե՞ք, որ մինչև հիմա ՍՊԻԴ-ի կենտրոնը չի միացել։ Իսկ գիտե՞ք, որ ինֆեկցիոնի գլխավոր բժշկի տեղակալն էլ է ՊԵԿ-ի աշխատող։ Իր տեղակալներից մեկն էլ։ Գիտե՞ք, թե ինչի համար։ Ղեկավարել ֆինանսական հոսքերը։ Վերջ։ Իրենք թքած ունեն բժշկության վրա։