ԿԳՄՍՆ-ին զարմացնում է, թե ինչու են ուսուցիչները բողոքում ատեստավորումից

ԿԳՄՍՆ-ին զարմացնում է, թե ինչու են ուսուցիչները բողոքում ատեստավորումից

Նոյեմբերի 9-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի էլեկտրոնային եղանակով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6 հազար մանկավարժ։ Մի շարք առարկաների գծով՝ «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Անգլերեն», «Ռուսաց լեզու», «ֆիզկուլտուրա», «Շախմատ», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու» եւ այլն, ուսուցիչների ատեստավորումն արդեն տեղի է ունեցել։ Սոցիալական ցանցերում՝ մանկավարժների տարբեր խմբերում, դժգոհությունները, սակայն, համատարած բնույթ են կրում՝ բոլոր առարկաների մասով, որոնք վերաբերում են թեստերի բովանդակությանը եւ մի շարք տեխնիկական խնդիրների։ 

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝  ո՞րն է խնդիրը, որ այս տարի գրեթե բոլոր առարկաների թեստերից կան դժգոհություններ։ Սարգսյանը համաձայն չէ, որ ուսուցիչների մեծ մասը դժգոհ է, իրենք արձանագրել են միայն գոհ ուսուցիչներին․ «Շատ առարկաների թեստերի մասով այդ բավարարվածությունն ունենք։ Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա մի քիչ արդեն բնական է դարձել, որ ուսուցիչները երբ իրենց ակնկալած արդյունքը չեն կարողանում գրանցել, անպայման փորձում են դրա պատճառներն այլ տեղերում փնտրել։ Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում վիճակագրությանը։ Առաջին տվյալը, որ մենք վերլուծում ենք, այն է, թե մասնակիցների ինչպիսի բաշխվածություն է եղել իրենց վաստակած միավորներով։ Դա հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն գնահատել, թե որքանով են, օրինակ, թեստից դժգոհություններն օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ»։

Նախօրեին ֆիզկուլտուրայի ուսուցիչները բողոքի ակցիա իրականացրին ԿԳՄՍՆ-ի մոտ՝ դժգոհելով իրենց թեստերի բովանդակությունից։ Սարգսյանը կոնկրետ ֆիզկուլտուրայի առնչությամբ դժվարանում է որեւէ գնահատական տալ, փոխարենը նախնական վիճակագրությունն է նշում․ «Եթե չեմ սխալվում՝ մասնակիցների 68 տոկոսը հաղթահարել է շեմը, մոտավորապես այնքան, որքան մյուս առարկաներից է լինում։ Ավելի բարձր միավոր հավաքած ուսուցիչների թիվն է համեմատաբար ցածր՝ նկատի ունեմ 80 եւ ավելի միավորը։ Սակայն այստեղ շատ կարեւոր է այն պահը, որ քննությունից հետո նախատեսվում է բողոքարկում, որի ընթացքում բոլոր այն հարցերը, որոնք խնդրահարույց են, վիճահարույց, գուցե երկակի պատասխաններ են ենթադրել եւ այլն, հանձնաժողովը դիտարկելու է այդ բոլոր հարցադրումները, եւ յուրաքանչյուր նմանատիպ հարցի վերաբերյալ որոշումներ են կայացվելու, ավելին՝ բոլոր վիճելի իրավիճակների դեպքում որոշումները կայացվում են հօգուտ ուսուցիչների։ Այսինքն՝ մենք վերջնական պատկեր կունենանք այն ժամանակ, երբ բողոքարկման գործընթացն ավարտվի»։

Նկատեցինք, որ ֆիզկուլտուրայի ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից մեկը ցանկացել է բողոքարկել, բայց համակարգը չի աշխատել, իսկ երբ սկսել է գործել, 24 ժամն արդեն անցած է եղել։ «Այդպես չէ, սովորաբար կարգով նախատեսված է, որ բողոքարկումն իրականացվում է 24 ժամվա ընթացքում, բայց քանի որ ուսուցիչներն իրենց թեստին հասանելիություն ունենում են այն նույն համակարգով, որով հանձնում են քննությունները, մենք դեռ նախորդ շաբաթ այդ պարզաբանումը տարածեցինք՝ հաշվի առնելով, որ այդ կայքը քննությունների օրերին՝ շաբաթ-կիրակի չի աշխատում որպես բողոքարկման վերջնաժամկետ, հաշվվում է հաջորդ աշխատանքային օրը՝ մինչեւ ժամը 7-ը։ Իսկ կայքը հասանելի է եղել կիրակի օրը, ժամը 7-ից»,- վստահեցրեց ԿԳՄՍՆ ներկայացուցիչը՝ նկատելով, որ գուցե առկա է քիչ իրազեկվածության խնդիր։

Թե ամենաշատ բողոքարկումները որ առարկայից են եղել, զրուցակիցս նշում է 3 առարկա՝ «Աշխարհագրություն», «Ֆիզկուլտուրա», «Հայոց լեզու»․ «Չնայած, երբ արդյունքները նայում ենք, դրանք էլի շատ համադրելի են նախորդ տարիների արդյունքների հետ։ Այսինքն՝ ընդհանուր վիճակագրությունը գրեթե նույնն է՝ մասնակիցների, դրական միավորներ ստացածների թիվ, որեւէ արտառոց պատկեր չկա, օրինակ՝ Հայոց լեզվից դեռ առանց բողոքարկումների ուսուցիչների մոտ 72 տոկոսն է դրական արդյունք ցուցաբերել, իսկ եթե կամավոր ատեստավորումների առարկայական վիճակագրությունը նայենք, հիմնականում այդպիսի միջին արդյունք է լինում»։

Հանրակրթության վարչության պետն անդրադառնում է «Ֆիզկուլտուրա» առարկայի այն բազմաթիվ ուսուցիչների բողոքին, որ իրենց հետ միասին լսարանում ատեստավորվել են նաեւ «Շախմատ» առարկայի ուսուցիչները, որոնց խաղատախտակների քարերի ձայնը, շարժը թույլ չի տվել կենտրոնանալ։ «Ես այդ օրը ներկա եմ եղել 3 քննական կենտրոնում՝ մեկական ժամով, եւ որեւէ նման իրավիճակ չեմ տեսել, ընդ որում՝ շախմատի ուսուցիչները շատ ավելի քիչ էին քննասենյակներում եւ քանակական իմաստով էլ չէին կարող խանգարել։ Չեմ բացառում, որ հնարավոր է նման մի դրվագ եղել է, որը տեւել է 3 րոպե, բայց հիմա փորձ է արվում տարբեր արտաքին պայմաններով պայմանավորված պատճառաբանություններ գտնել, եւ շատ տեղերում էլ մենք ուղղակի տեսնում ենք, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչները շատ արագ թեստը լրացնում էին ու դուրս գալիս։ Նաեւ արդյունքներն էլ շատ ցածր չեն, այսինքն՝ նորմալ ցուցանիշներ են եղել»։

Դժգոհություններից մեկը վերաբերում էր նաեւ նրան, որ ատեստավորման շատ հարցեր հանրակրթական ծրագրից դուրս են եղել, մինչդեռ նախորդ տարիներին այդպես չի եղել։ «Այդ հարցը միշտ բարձրացվում է..., իսկ նախորդ տարիներին տարբեր իրավիճակներ են եղել, որից էլ մենք շատ գոհ չենք եղել, նույն թեստի որակից ու արդյունքներից, որովհետեւ եղել են մարդիկ, ովքեր առանց պատրաստվելու բարձր արդյունքներ են գրանցել։ Դրանով պայմանավորված, կարծում եմ՝ այն միտումն է առկա, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչները սովորաբար պարզ, դյուրին թեստեր են պատկերացնում, եւ այդ առումով իրենց ակնկալիքներն այնքան էլ չեն բավարարվել։ Բողոքարկման հանձնաժողովն ուսումնասիրելու է բոլոր հարցերը, այդ թվում՝ այն, ըստ որի՝ շատ հարցեր հանրակրթական ծրագրից դուրս են եղել, դրանք կա՛մ հիմնավորվելու են, կա՛մ էլի հօգուտ ուսուցչի են լուծվելու։ Այսինքն՝ հրահանգը հստակ է, որ թեստերը կազմելիս տվյալ առարկայի առարկայական ծրագրի շրջանակներից չի կարելի դուրս գալ։ Այստեղ այլ հարց կա, որ ուսուցիչներն առարկայական ծրագիրը սովորաբար դասագրքով են պատկերացնում»,- ասում է ու նկատում, որ թեստերը միայն տվյալ առարկայի մասնագետներն են կազմել։

Այսինքն՝ ֆիզկուլտուրայի հարցերը ֆիզկուլտինստիտո՞ւտն է կազմել։ «Եթե անկեղծ՝ չգիտեմ որտեղից են մասնագետները, որովհետեւ ԳԹԿ-ն է փորձագետներին ներգրավում ու նրանց հետ հատուկ պայմանագիր ստորագրում՝ գաղտնիության, չհրապարակման, նաեւ՝ չասելու, որ իրենք են այդ թեստերը գրում։ Դրա համար ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, գուցե դպրոցի ուսուցիչ է եղել, գուցե՝ դասախոս, չեմ կարող ասել»։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային համակարգին, քանի որ շատ բողոքներ կան, որ այն նորմալ չի աշխատել, հաճախ է խափանվել, նույնիսկ եղել է, որ մասնակիցն այլ պատասխան է նշել, համակարգն այլ պատասխան է պահպանել, Թ. Սարգսյանը վստահեցրեց, որ նմանօրինակ տեխնիկական խնդիրներն ամեն առարկայից շատ քիչ են եղել՝ 1 տոկոսի չափով։ «Մի բան նշելու, հետո փոխելու, չպահպանելու պահն ուզում եմ, որ բացառենք, որովհետեւ շատ պարզ է համակարգը, եթե փոխում ես պատասխանը, պետք է հետո «պահպանել» կոճակը սեղմեն։ Այսինքն՝ այստեղ կարեւոր է, որ իրենք հիշեն դա ու այդ կոճակը սեղմես, եթե չսեղմեն, իրենց նախկին պատասխանն է մուտքագրված լինելու։ Մի քանի դժգոհություն ստացել ենք՝ այն իմաստով, որ հարցերի կամ առաջադրանքների պատասխաններն ամբողջությամբ արտացոլված չեն եղել, բայց դրանք հատուկենտ բաներ են, որ հիմա փորձում ենք հասկանալ։ Մի քանի դեպք ունենք, երբ ուսուցիչն անզգուշությամբ սեղմել է «ավարտել» կոճակը, իսկ այդ դեպքում թեստն ավարտվում է, եւ նոր թեստ չի գեներացվում, այսպիսի 3 դեպք ունենք։ Եվ մի համեմատաբար բարդ իրավիճակ ենք ունեցել՝ հայոց լեզվի քննության ժամանակ․ թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում, որտեղ ամբողջ թաղամասում շատ երկար ժամանակ կապի խնդիր է եղել, եւ, դրանով պայմանավորված, քննությունն ուշ է մեկնարկել, հետո էլի 30 րոպեով ընդհատվել է գործընթացը, բայց մենք այստեղ քննարկեցինք, որ այդ քննական կենտրոնի ուսուցիչների համար նոր թեստ կպատրաստվի, եւ իրենք լրացուցիչ նոր հնարավորություն կունենան վերահանձնելու»,- ասում է Սարգսյանն ու նկատում, որ մի քանի բացառություններից բացի, էլեկտրոնային համակարգն իրեն արդարացնում է, հատկապես որ ուսուցիչն արդյունքն իմանում է թեստն ավարտելուց հետո։

ԿԳՄՍՆ-ն կընդառաջի՞ այն ուսուցիչներին, ովքեր խնդրում են կա՛մ թեստերը փոխել եւ իրենց 2-րդ շանս տալ, կա՛մ ատեստավորված լինելու շեմն իջեցնել 50-ի։ «Ատեստավորման շեմի իջեցում ոչ մի պարագայում չենք դիտարկում, իսկ լրացուցիչ քննություն կազմակերպվելու է միայն այն դեպքերում, երբ տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրավիճակներ են եղել՝ հոսանքի, կապի հետ կապված»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր բողոք ուսումնասիրվելու է։