ՊԵԿ-ից արձագանքում են մեր հրապարակմանը 

ՊԵԿ-ից արձագանքում են մեր հրապարակմանը 

ՊԵԿ-ից արձագանքել են մեր երեկվա հրապարակմանը

«1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված կազմակերպությունների գտնվելու կամ գործունեության վայրերի մասով տվյալների ստացման համար հիմք է հանդիսանում ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը, որը ստացվում է իրավաբանական անձանց պետական հաշվառում իրականացման այլ հարթակներից:  

Հարկ վճարողները պետական գրանցման ժամանակ գործակալություն են տրամադրում իրավաբանական անձի գտնվելու վայրի  վերաբերյալ տեղեկատվություն, որը հետագայում կարող է փոփոխվել, եթե հարկ վճարողը ներկայացնի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Միաժամանակ հոդվածի հեղինակը պետք է, որ տեղեկացված լիներ, որ  ՊԵԿ-ը առանց հարկ վճարողի դիմումի իրեն վերաբերող տվյալներում փոփոխություն կատարելու լիազորություն չունի:
Եթե հեղինակը փորձեր մասնագիտական դաշտում ուսումնասիրության ենթարկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների 76% ապահովվող հարկ վճարողների ցանկը, ապա միանշանակ պարզ կդառնար, որ  «պետեկամուտների կոմիտեի աշխատանքի կանոնակարգվածությունը, կարգապահությունը, ճշտապահությունը չեն տպավորում: Սա հիմք է առնվազն կասկածելու 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի այլ բաղադրիչների հավաստիության վրա» եզրույթը առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, իսկ գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները պարզապես ունեն տեղեկատվական բնույթ»:

ՀԳ. Փաստորեն Պետական եկամուտների կոմիտեն ընդունում է, որ հարկ վճարողների հասցեները միատեսակ ձեւաչափով չեն ներկայացվում: Պարզապես ասում է, որ իրենք չեն փնթի աշխատողը, այլ պետռեգիստրը՝ արդարադատության նախարարությունը: Մի բան էլ՝ մենք չենք գրել «հարկ վճարողի տվյալներում փոփոխություն կատարելու» մասին, ինչի իրավունք ՊԵԿ-ը չունի, մենք ընդամենը արձանագրել ենք, որ այդ տվյալները ներկայացվում են առանց կանոնակարգման:

Իսկ ՊԵԿ պնդումը, թե «հարկ վճարողի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները պարզապես ունեն տեղեկատվական բնույթ», նույնն է, թե ասես՝ երկրագունդը կլոր է, արեւը ջերմացնում է, գետերը երկու ափ ունեն: Իհարկե, տեղեկատվական բնույթի է, բայց տեղեկության հիման վրա կարելի է վերլուծություն, դատողություն, եզրակացություն ու հետեւություն անել: Մենք վերլուծել էին տեղեկությունը, որ 1000 խոշոր հարկ վճարողների 80 տոկոսից ավելին գրանցված է Երեւանում ու սա չի խոսում տարածքային համաչափ զարգացման մասին: Ընդամենը այսքանը: