Ինչ է պետք պահանջել, որ ընտրողներին այլեւս չհիմարացնեն

Ինչ է պետք պահանջել, որ ընտրողներին այլեւս չհիմարացնեն

Եթե անտառապահն իրեն վստահված՝ հայաստանցիներին պատկանող անտառում ծառեր կտրի ու վաճառելով փայտը, ստանա եկամուտ, նրան կդատեն: Եթե բնության պահպանություն իրականացնող տեսուչն ինքը սպանի կամ բռնի ժողովրդին պատկանող վայրի գազաններին, վաճառի եւ եկամուտ ստանա, նրան կդատեն: Եթե Կենտրոնական բանկի անվտանգության ծառայության աշխատակիցը գողանա բանկում պահվող՝ ժողովրդին պատկանող հարստությունները, նրան կդատեն: Բայց եթե ԱԺ պատգամավորները կամ կառավարության անդամները որոշեն եկամուտ ստանալ իրենց վստահված՝ հայաստանցիներին պատկանող պետբյուջեի հաշվին, նրանց ոչինչ չի սպառնա: 

Նրանք անպատիժ կարող են դա անել, եթե որոշումներ ընդունեն իրենք իրենց աշխատավարձերը բազմակի բարձրացնելու, առանց աշխատանքի արդյունքը հաշվի առնելու՝ իրենք իրենց աստղաբաշխական պարգեւավճարներ վճարելու մասին: Կամ էլ օրենքներ ընդունեն իրենք իրենց շքեղություններ թույլատրելու, սեփական թոշակները եվրոպական մակարդակի բարձրացնելու մասին: Որովհետեւ օրենքները եւ որոշումները հենց նրանք են գրում եւ ընդունում: Հետեւաբար, ոչ ձեռնտու, առավել եւս՝ հենց իրենց պատժող օրենք այդ մարդիկ չեն ընդունի: Չեն ընդունի, որքան էլ քաղցր-մեղցր խոստումներ տան ընտրվելուց կամ պաշտոնին նշանակվելուց առաջ:

Չեն ընդունի նաեւ օրենք՝ «Պաշտոնյաների եւ պատգամավորների՝ ստի մեջ բռնվելու, տրված նախընտրական եւ այլ խոստումները չկատարելու մասին», որը կնախատեսի՝ օրենքի ուժով զրկել մանդատից այն պատգամավորին, որը չի կատարի իր տված նախընտրական խոստումը կամ կբռնվի ստի մեջ: Այդ օրենքը նույն հիմքով, այսինքն, օրենքի ուժով կզրկի պաշտոնից այն պաշտոնյային, որը կբռնվի ստի մեջ կամ չի կատարի իր տված խոստումը:

Ընդ որում, մանդատից կամ պաշտոնից կզրկվեն օրենքի ուժով, այլ ոչ թե իրենց գործընկերներից կազմված հանձնաժողովի որոշումով: Փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում առավելագույն պատիժը լինում է նախատինքը:
Ոչ մի քաղաքական ուժ կամ առաջնորդ չէր նախազգուշացրել ընտրողներին, որ իշխանության գալուց հետո աննախադեպ չափերով ավելացնելու է բոլոր երեք իշխանությունների, այսինքն, հենց իրենց՝ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների եւ դատավորների աշխատավարձերը: Ամեն ամիս տալու է նրանց Հայաստանի մասշտաբներով աստղաբաշխական պարգեւավճարներ եւ թոշակներ, երբ նրանք անցնեն թոշակի: 

Ընդհակառակը, խոստացել էին ավելացնել շարքային քաղաքացիների աշխատավարձերը, թոշակառուների թոշակները, անապահովների եւ այլոց նպաստները: 
Դրանցից մի քանիսը եթե նույնիսկ ավելացել են, եղել են կոպեկներ, այլ ոչ թե հարյուր հազարավոր դրամներ, ինչպես քաղաքական վերնախավի դեպքում է:

Այնպես որ, պետք է փոխվեն ՀՀ շարքային քաղաքացիների պահանջները: Նրանք պետք է պահանջեն ոչ թե նոր եւ, իբր, բարի թագավոր, այլ ժողովրդի սոցիալական եւ իրավական պայմանների լավացում: Պահանջեն, որ շարքային քաղաքացու աշխատավարձի, թոշակառուի թոշակի, նպաստառուի նպաստի եւ իշխանավորների եկամուտների չափերը լինեն կապակցված. քանի տոկոսով բարձրանում են վերջիններիս աշխատավարձերը, նույնքան էլ բարձրանա շարքային աշխատավորներինը: Իսկ պարգեւավճարները տարվա վերջում տրվեն այն հավելյալ եկամուտներից, որոնք առաջացել են պաշտոնյաների՝ տվյալ տարվա հաջող գործունեության արդյունքում: Այդ դեպքում իշխանավորներն իրենք շահագրգռված կլինեն բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը:

Բայց, որպեսզի հնարավոր լինի հասնել դրան, անհրաժեշտ է նրանց ետ սովորեցնել ստելու եւ սուտ խոստումներ տալու արմատացած ավանդույթից: Իսկ դա հնարավոր կլինի, եթե ընդունվի վերը նշված ՀՀ օրենքը: Հենց դա պետք է պահանջեն ընտրողները եւ հետեւեն, որ այդ օրենքն իրոք ընդունվի:

Այլապես ընտրվողները նորից կխաբեն ժողովրդին, ինչպես որ վարվել են վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում:

Գրիգոր Էմին-Տերյան