Արդեն զո՞հ կա. Էրդողանն ինքն է «Ստամբուլը վերածում արյան ծովի»

Արդեն զո՞հ կա. Էրդողանն ինքն է «Ստամբուլը վերածում արյան ծովի»

Անկարայում, Ստամբուլում, Իզմիրիում, Կայսերիում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում ամբողջ գիշեր բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել ի նշան Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի:

Մայրաքաղաքում և երկրի խոշորոգագույն քաղաքում՝ Ստամբուլում ցուցարարների և իրավապահների միջև բախումները շարունակվել են մինչև լուսադեմ։ 

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի փաստաբանների միության փաստաբանները երթ են կազմակերպել կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ «Սա դեռ սկիզբն է, շարունակե՛ք պայքարը» կարգախոսով։

Անկարայում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել, ինչպես նաև ռետինե փամփուշտներ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է 97 ցուցարարների ձերբակալության մասին, ովքեր «ցանկանում էին սադրանքներ իրականացնել ցույցերի ընթացքում»։

«Մեր ոստիկանությունը չի հանդուրժի նրանց, ովքեր փորձում են խաթարել թուրք ժողովրդի անդորրն ու անվտանգությունը և զբաղվել վանդալիզմով»,- ասել է Երլիքայան։

Հանրապետությունում այլ քաղաքներում նույնպես բողոքի բազմամարդ ցույցերը շարունակվել են ողջ գիշեր։ Ոստիկանությունը դիմել է կոշտ միջոցների, օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Միաժամանակ հաղորդվում է, որ թուրք ուսանողները որոշել են բոյկոտել դասերը երկուշաբթի օրվանից։

Որոշ արտասահմանյան լրատվամիջոցների պնդումները, թե ոստիկանները երիտասարդ ցուցարարի են սպանել՝ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությյան ապատեղեկատվական դեպարտամենտը:

Հայտարարության մեջ նշվում է, որ «որոշ օտարերկրյա լրատվամիջոցներ կեղծ հայտարարություններ են անում՝ բողոքի ակցիաները շահարկելու նպատակով»։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտնել է, որ 300 հազար ցուցարար է հավաքվել Սարաչհանեի այգում, որտեղ նա ելույթ է ունեցել։

Տեղեկություններ կան, որ Ստամբուլում Իրաքի գլխավոր հյուպատոսության վրա հրազենի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել: 

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Էքրեմ Իմամօղլուն 120 էջանոց ցուցմունք է տվել և մերժել կոռուպցիայի գործով բոլոր մեղադրանքները, հայտնում է Halk TV-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություն է տարածել ընդդեմ ընդդիմության՝ մեկնաբանելով Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահի բողոքի ակցիաների կոչերը։ 

«Մի մոռացեք, որ այն փողոցը, որտեղ CHP-ի առաջնորդը (Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն) կոչ արեց մարդկանց դուրս գալ, փակուղային փողոց է։ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է ծնկի բերել։ Թուրքիան չի հանձնվի փողոցային ահաբեկչությանը»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք նաև, որ այսօր՝ մարտի 22-ին, Թուրքիայի ժամանակով 21:00-ին տեղի կունենա Էքրեմ Իմամօղլուի գործով դատական ​​նիստը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ընդդիմության առաջնորդին, ով Էրդողանի գլխավոր մրցակիցն է գալիք ընտրություններում և ըստ հարցումների՝ երկրի հաջորդ հավանական նախագահը, կտեղափոխեն Ստամբուլի դատարան։

Բացի այդ, Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելը հայտարարել է, որ ապրիլի 6-ին կուսակցությունը արտահերթ համագումար կանցկացնի։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է լրատվամիջոցներին տված մեկնաբանությունում, ինչպես հաղորդում է Sözcü TV-ն։

«Ապրիլի 6-ին  CHP-ի ներկայացուցիչները արտահերթ համագումարում իրենց կամքը կցուցաբերեն նրանց, ովքեր նույնիսկ փորձում են Աթաթուրքի հիմնադրած կուսակցության խնամակալ նշանակել»,- նշել է նա։