Չկա որևէ բան, գնալով ամեն ինչ քաոսի է վերածվում․ Նիկոլ Աղաբաբյան

Չկա որևէ բան, գնալով ամեն ինչ քաոսի է վերածվում․ Նիկոլ Աղաբաբյան

Hraparak.am-ի հարցազրույցը ամերիկաբնակ նկարիչ Նիկոլ Աղաղաբյանի հետ

-Պարոն Աղաբաբյան, ժամանակ առաջ խոսում էիք նախկին իշխանությունների կողմից իրականացվող  «Հայաստանն առանց հայերի» ծրագրի մասին՝ անհուսություն, արտագաղթ, հայաթափում։ 1 տարի և մի քիչ ավել ժամանակ է անցել իշխանափոխությունից, և ստանո՞ւմ եք ազդակներ, որ այդ ծրագիրը չկա այլևս ևՀայաստանում ինչ-որ բան փոխվում է։

-Վստահաբար, ինչ-որ բան փոխվել է, առաջվա նման չէ։ Բայց և սպասելիքներս ավելին էին, անկեղծ ասած։ Որ շատ կտրուկ, լուրջ փոփոխություններ կլինեն և վերջապես «Հայաստանը՝ հայերին» ծրագիրը կսկսի գործել։ Եվ, դժբախտաբար, Հայաստանից արտագաղթի տեմպերը չեն դադարել, դուք Հայաստանում երևի թե ավելի լավ եք դա տեսնում։ Մենք էլ այստեղ ենք տեսնում, անընդհատ նոր մարդիկ են ներգաղթում Ամերիկա։ Դժբախտաբար, նպաստավոր պայմաններ դեռ չեն ստեղծվել, որպեսզի հայը կարողանա իր երկրում լիարժեք և պատվով ապրել։ Պետական կառույցները դեռ չեն գործում ի նպաստ պետականաշինության։ Դժբախտաբար։ Երբ ամբողջը եղավ, մենք մեծ հույսեր ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի և ամեն քայլը կդառնա հայանպաստ, բայց ինչպես տեսնում ենք՝ ոչ թե հեղափոխություն եղավ, այլ մարդափոխություն։ Ցավով եմ ասում դա, բայց ինր-որ տեսնում եմ, դա եմ արձանագրում։

-Արդյոք այս մեկ տարվա ընթացքում չմսխվեցի՞ն հեղափոխության արժեքները։ Տեսեք՝ իրենք ասում են՝ մենք գուցե անփորձ ենք, բայց մաքուր կենսագրություններ ունենք։ Արդյոք այս երկիրն այդքան ռեսուրս ունի՞, որ իր կառավարման համակարգի շալակին այդքան անփորձ մարդիկ ունենա։

-Մի քանի հոգի փոխել չի նշանակում, որ իշխանափոխությունը փոխվել է կամ նախկինները չկան։ Նախկին բոլորը կան,սկսված ոստիկանապետից, վերջացրած էդ Հունան Պողոսյանով, որ հիմա Սյունիքի մարզպետն է։

-Դե, նրանք «մեր ոստիկաններն են, մեր ոստիկանապետը»։

-Ես չգիտեմ՝ ում ոստիկանապետն է, բայց ոչ մեր։ Էն գլխից էլ մեր չի։ Էդ մարդն ընդհանրապես անհայտ ծագում ունեցող մեկն է, և նրա մինչև էսօր արած գործողություններից ոչ մի բան չի նպաստել մեր պետականաշինությանը։ Այսինքն՝ այն ժամանակ նա ծառայել է Սերժ Սարգսյանին, հիմա էլ երևի ծառայում է էլի Սերժ Սարգսյանին, մի քիչ էլ Նիկոլին։ Ես էդ տպավորությունն ունեմ, իսկ էդ անփորձ երիտասարդներին, որ բերել, լցրել են, նրանք բան չեն հասկանում, պետական մտածողություն չունեցող մարդիկ են, էդ պրակտիկան չունեն, նրանք ի՞նչ պիտի անեն։ Ես դրանում միտում եմ տեսնում։ Եվ երիտասարդները հեշտ կառավարելի են, քանի որ փորձ չունեն, կախվածությունը միայն Նիկոլից է։ Իսկ, առհասարակ, Հայաստանում այնքան պինդ ու լայն մարդկային ռեսուրս կա, որ բոլոր ոլորտները կարող են շատ արագ ոտքի կանգնեցնել։ Ինչն էլ Նիկոլ Փաշինյանը ինձնից ու Ձեզնից ավելի լավ գիտի։ Այ, այդ մարդկանց պետականաշինության մեջ չընդգրկելը ինձ համար մեծ համար մեծ հարցական է, արդեն կասկածներ է հարուցում, թե ուզո՞ւմ է մի բան փոխել, թե չէ։ Մենակ հո ասելո՞վ չի։ Հա, ամպագոռգոռ խոսում ենք, բայց կոնկրետ ինչ-որ բան փոխվե՞լ է։ Էն օրը կարդում եմ՝ կրթության նախարարն ասում է՝ տասը հազար ուսուցիչ կկրճատվի։ Այ քե՜զ բան։ Այսինքն՝ տասը հազար մարդ կրճատելուց առաջ դու պարտավոր ես նրանց համար գործատեղ բացել։ Չէ՞ որ սա արտագաղթի նոր ալիք է բերելու։

-Դրսում այս մտահոգությունները, որոնք Դուք ունեք, նկատու՞մ են։ Ինչո՞ւ։

- Որովհետև տպավորություն ունեմ, որ դրսում ապրող մեր հայրենակիցները ինչ-որ շատ վարդագույն ակնոցով են նայում իրականությանը նոր Հայաստանում։ Նաև իրենց թույլ տալ արտասահմանից մունաթ գալ, որ ինչ եք ուզում, դե քիչ ժամանակ է անցել, 30 տարվա աղբն ինչպես մաքրի և այլն։ Սփյուռքը 2 շերտ ունի․ առաջինը ոչ Հայաստանից եկած մարդիկ են՝ Լիբանանից, Իրանից, տարբեր տեղերից, նրանց մտածողությունը և Հայաստանից արտագաղթածների տրամադրությունն էապես տարբերվում է և դա այն է, որ ոչ Հայաստանի Սփյուքռն իշխանության նկատմամբ վերապահում ունի։ Առանձնակի հարգանք, ինչ էլ որ անեն, իրենց համար ընդունելի է։ Մենք՝ Հայաստանում ծնված, մեծացածներս շատ ավելի լավ ենք պատկերացնում ներքին խոհանոցը և դրա համար մեր մոտեցումները տարբեր են։Այսինքն՝ Սփյուռքում 2 մտածողություն կա, մեկը,այո, այդպես է մտածում և միշտ է այդպես մտածել․ ժամանակին էլ Սերժ Սարգսյանի առաջ էին խոնարհվում, մյուսը տեսնում է , և նաև տեսնում է պատճառահետևանքային կապը։ Ես չեմ ուզում հակառակ թևի ջրաղացին ջուր լցնել, բայց չեմ կարող չասել նաև էն իրականությունը, որ տեսնում եմ։ Դժբախտաբար, կոնկրետ, ռեալ քայլեր չեն կատարվում։ Միայն բոլորը ՝ մի մարդ դառած՝ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը, այսինքն՝ ժողովուրդը հաղթանակի։ Բայց մի տարին էլ անցավ, էական բան չեմ տեսնում։ Եթե չեմ տեսնում՝ ասեմ տեսնո՞ւմ եմ։ Չկա, որևէ մի լավ բան չկա, գնալով  քաոսի է վերածվում։ Լուրջ ռեալ քայլեր են պետք, և հանցագործները պետք է պատժվեն և օրենքի ողջ խստությամբ պիտի պատժվեն։ Դատավորներից սկսած, վերջացրած էդ «Հյուիս- Հարավի» փողեր գողացողներից։ 

-Շատերի գնահատմամբ սա հաց և տեսարաններ շարքից է՝ միայն թե առանց հացի։ Եվ իրականում այլ հաջորդականության քայլեր են պետք։

-Ինքը պոչից է բռնում՝ դատարան փակեմ և այլն։ Ի՞նչ է նշանակում դատարան փակել,եթե հանցագործ են, պատժիր դրանց։ Նրանք նախկին իշխանություններին ու ռուսական ԿԳԲ-ին ծառայած մարդիկ են։ Դրանց բոլորին հարկավոր է սրբել։ Ի՞նչ է նշանակում՝ էս մեկին, էն մեկին․․․․ բոլորի՛ն։ Մեկ-մեկ բոլորին պետք է ուսումնասիրել՝ ով ինչ սխալ է թույլ տվել, որոնց համար պատասխանատվության ենթարկեն, որովհետև եթե պատասխան չտան, սա շարունակվելու է։ Սերժ Սարգսյանը պատասխան չտա, շարունակվելու է, մի Սերժ Սարգսյանն  էլ Նիկոլն է դառնալու։ Լևոն ՏերՊետրոսյանը՝ նույնպես։ Մի հատ Ռոբերտի են բռնել, նա  հանցագործ է, բոլորս էլ գիտենք, բայց դրանով չի սկսվում ու ավարտվում։ Այլապես նորից հիասթափության երկրորդ ալիքն է գնալու և դա  կործանանար կարող է լինել, որովհետև հավատացել ենք։ Ես էլ հետը հավատացել եմ։

-Ինչո՞ւ Սփյուռքից չկան ներդրումներ։ Եթե հիշում եք՝ 2018-ին ինչ գռանդիոզ թվեր էին ներկայացվում։

-Միայն դրանից են խոսում՝ ներդրում արվի։ Ներդրումներ եկան արեցին Ռոբերտի ժամանակ, Լևոնի ժամանակ, Սերժիկի։ Ով ներդրում արեց և Սերժիկի դրած բաժինը չտվեց ուղղակի հոշոտեցին։ Հիմա նորից նույն բանն է ասվում՝ առանց ռեալ տեսանելի երաշխիքների։ Դրա համար էլ մարդիկ չեն գալիս։ Գան նորից փող դնեն,հիմա էլ ուրիշները գողանա՞ն։ Անվանափոխությունը դեռ իշխանափոխություն չէ։

-Դուք Սփյուռքում ստեղծված նախաձեռնող խմբի անդամ եք, որը պահանջում է ընտրվելու ու ընտրելու իրավունք։ Իշխանություններին ուղղված տարբեր հայտարարություններ էիք տարածել։ Արձագանքեցի՞ն։

-Եթե արձագանքած լինեին, կարծում եմ՝ տեղյակ կլինեինք։ Բայց կարծում եմ՝ բան չի փոխվել։ Նույնիսկ ասում են՝ «գիտեք, կարող ա երկրները․․․ իրենց ինչ-որ գաղտնի ծառայությունների մարդկանց բերեն, մտցնեն»։ Հիմա չեն մտցրե՞լ։  88-ից վխտում են Հայաստանի  իշխանության մեջ օտար գործակալները։ Եվ երկրորդ․ ես Հայաստանի քաղաքացի եմ, ինձ որևէ մեկն իրավունք չունի զրկել Հայաստանում կատարվող երևույթներին մասնակից լինելուց, որը  ընտրություններն են, որը ընտրվելու իրավունքն է։ Թե չէ, Սփյուռքը հո միայն հայրենիքի համար մատակարար չէ։ Եվ հետո, սա կանխում է նաև Ռուսաստանի ազդեցությունը․․․ մի քիչ, որովհետև Ռուսաստանն ինչ ուզում է , իր վասալների միջոցով Հայաստանում անում է։ Իսկ Հայաստանից արտագաղթածները գոնե գիտեն էդ ամեն ինչը, կարող են իրենց ընտրական մոտեցումներով հակազդել։ Դրա համար, կարծում եմ, որ անհրաժեշտություն է։