Աբսուրդի պայմաններում մասնավոր աբսուրդը նորմալ երեւույթ է

Աբսուրդի պայմաններում մասնավոր աբսուրդը նորմալ երեւույթ է

Ենթադրենք՝ Արցախն «ադրբեջանական» էր, ու Արցախի կորուստն առնչություն չունի «իրական Հայաստան» կոչված «հայրենիք-պետության» հետ: Եվ Արցախում էլ բնակվել են ոչ թե հայեր, այլ՝ ադրբեջանական ղարաբաղցիներ: Ու այդ հիմքով էլ մենք պետք է ոչ թե մեզ վատ զգանք, այլ շարունակենք ապրել այնպես, կարծես թե ոչինչ էլ չի պատահել: Եվ ընդունենք, որ «հանուն ոչնչի» մեր բազմահազար մարդկային զոհերն ընդամենը այն բանի համար էին, որպեսզի մարդիկ դավաճան չհամարեին երբեմնի «դուխով» Նիկոլին: Ինչպես տեսնում եք, որքան էլ որ ադեկվատ մարդու ականջին աննորմալ հնչի դատողությունների այդ շղթան, դա ՀՀ գործող իշխանության պաշտոնական դիրքորոշումն է: Ինչից փախչել չենք կարող, կարող ենք միայն այն չեղարկել, եթե, իհարկե, կարողանանք վարչապետի աթոռից պոկել դրան սոսնձված անձին:

Բայց քանի որ դեռեւս դա մեզ չի հաջողվում, մենք ստիպված ենք անընդհատ ականատես լինել մի շարք հանգամանքների: Առաջին․ մենք աստիճանաբար տարածքներ ենք կորցնում բուն ՀՀ-ից: Ըստ պաշտոնական տվյալների, թշնամին գրավել է 200 քառ/կմ տարածք, որը վերադարձվելու է իբրեւ թե խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո՝ զուտ դրա իրավունքի ուժով: Ինչը, իհարկե, հեքիաթ է: Իսկ մինչ այդ, իրավապահ համակարգի միջոցով գործող իշխանությունը Աշտարակ խոշորացված համայնքին (Արագածոտնի մարզ) է վերադարձնում, օրինակ, Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Որպեսզի ընկալելի լինի թշնամուն հանձնված եւ սեփական քաղաքացուց, ինչը ձեռք էր բերվել 20 տարի առաջ աճուրդով, խլված հողամասերի տարբերությունը, քառ/կմ-ն վերածում ենք հեկտարի: Այնուհետեւ բաժանում ենք 4 հա-ի վրա ու ստանում ենք 500.000 թիվը: Այսինքն, թշնամուն հանձնվել է կես միլիոն անգամ ավելի մեծ տարածք, քան խլվել է սեփական քաղաքացուց: Պատկերացրեք, թե որքան նման տարածքներ պետք է խլվեն ՀՀ քաղաքացիներից, որպեսզի խլվածը հավասարվի թշնամուն հանձնվածին: Դա՝ մեկ, երկրորդ՝ չմոռանանք, որ փաստ չէ, որ թշնամուն հանձնվածը երբեւէ կվերադարձվի ՀՀ-ին:

Ինչեւէ, շարունակենք տարածքի թեմայով դատախազության կողմից ՀՀ այս կամ այն քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործերից խոսելը: Հասարակագիտության մեջ հայտնի երեւույթ է այն հանգամանքը, որ մի բանի հետեւից անընդհատ գնալը՝ ինչ էլ դա լինի, տրամաբանորեն հանգեցնում է զավեշտի: Դրա տիպիկ օրինակն անօրինական համարվող անշարժ գույքի գծով քրեական վերջին գործերից մեկն է: Թիրախը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որին մեղադրում են Երեւանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարման մեջ: «Հրապարակ»-ը պարզել է, որ, նախ, այդ հողամասերն իրականում բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ քարոզչական նպատակով ընդգծված է «Եռաբլուր» անվանումը, որպեսզի հանրության շրջանում ցասում առաջացնեն նախկինների նկատմամբ: Եվ ինչը զավեշտի ժանրից է, այդ հողակտորների մեծ մասը ոչ թե օտարվել է, այլ կառավարության որոշման հիման վրա 2005-ին հատկացվել է Հայաստանում Չինաստանի դեսպանությանը։ Հիմա ինչ, Սերժին դատելուց հետո տարածքը վերադարձնելու պահանջով պետք է քաղաքացիական հա՞յց հարուցվի ընդդեմ Չինաստանի կառավարության: Ինչպես տեսնում ենք, բանը հասնում է աբսուրդի, բայց հաշվի առնելով, որ մենք ապրում ենք հենց աբսուրդի պայմաններում, ապա պետք է ընդունենք, որ դա նորմալ երեւույթ է:  

Վերադառնալով հոդվածի սկզբում թվարկված հանգամանքներին, որպես երկրորդ գործոն՝ նշենք ազգաբնակչության անվտանգային սպառնալիքների գնալով ավելանալը: Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ըստ իշխանության, դրանք վերանալու են: Հեքիաթ է, քանի որ հաջորդ հարձակումը ՀՀ տարածքի վրա տեղի կունենա, երբ դա հարմար լինի թշնամուն: Երրորդ․ զրոյացվում է հայոց արժանապատվությունը՝ հատկապես Բաքվի բանտերում հոգեբանական եւ նույնիսկ ֆիզիկական կտտանքների ենթարկվող եւ դատական խեղկատակությանը (ռուսերենում կա ավելի տիպիկ մի բառ՝ судилище) ենթակա մեր հայրենակիցների առումով: Եվ, չորրորդ, սակայն ամենակարեւորը՝ այդ ամենի հանրագումարի արդյունքում աստիճանաբար կորցնում ենք հայոց պետականությունը: Ինչպես արդեն ասվեց, այդ ամենը հնարավոր է չեղարկել, եթե պաշտոնից զրկվի այն անձը, որը հանուն անձնական իշխանության պահպանման նման «խաղեր» է տալիս մեր «հայրենիք-պետության» հետ: