Իմ նկատմամբ գործը ընդամենը մեկ նպատակ է ունեցել․ Չալաբյան

 Իմ նկատմամբ գործը ընդամենը մեկ նպատակ է ունեցել․ Չալաբյան

Այս գործը միայն մեկ նպատակ է ունեցել։ Նպատակը եղել է, որ ինձ ամեն գնով ազատությունից զրկեն։ Երբ որ կարդաք որոշումները, դուք ինքներդ էլ կհասկանաք, որ թե կալանքը , թե կալանքի երկարացման որոշումը դրանք երկուսն էլ ապօրինի են եղել։ Այդ որոշումները տվել է տխրահռչակ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, իմ փաստաբանները արդեն իսկ նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել։Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որը երկու օր առաջ է ազատության մեջ հայտնվել, իսկ Չալաբյանի համակիրների պնդմամբ նրան կրկին փորձելու են կալանավորել, քիչ անց պիտի մեկնարկի հերթական նիստը։

«Կարգապահական վարույթ են հարուցել այդ դատավորի նկատմամբ, քանի որ իսկապես երբ կարդում ենք այդ որոշումները, հասկանում ենք, որ դրանք հիմքում իրոք կեղծիքներ են։ Դատավորը բացահյտ կեղծիք է իրականացրել իր որոշումը հիմնավորելու համար։ Ես իրականում հայտնվել եմ հիմա ազատության մեջ ոչ թե նրա համար, որ այս գործող իշխանություններն են ինձ բաց թողել, այլ նրա համար, որ նրանք պարզապես չեն կարողացել ինձ անազատության մեջ պահելու պրոցեսը շարունակել։ Դատական նիստը հետաձգվել էր, իսկ նրանք նոր որոշում չէին կարողացել ընդունել, դրա համար էլ հիմա ազատության մեջ եմ»,- հավելեց նա։