Դաշնակցությունը հրաժարվու՞մ է Արթուր Մկրտչյանից

Դաշնակցությունը հրաժարվու՞մ է Արթուր Մկրտչյանից

Ապրիլի 14-ը Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է: Այս տարի այն համընկավ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների հետ: Բանն այն է, որ, ինչպես հայտնի է դարձել մի օգտատիրոջ գրառումից, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն Ասկերանի շրջանի համայնքներից մեկում հանդիպման ժամանակ խիստ բացասական է խոսել Արթուր Մկրտչյանի մասին, նրա մահը անվանել հարյուր տոկոսանոց ինքնասպանություն, ասել, որ կա նրա կնոջ ցուցմունքը, ձայնագրված է, որ Արթուր Մկրտչյանը իրոք ինքնասպան է եղել, սպառնացել է, թե կասի բաներ, ճշմարտությունը կբացվի, եւ Արթուր Մկրտչյանի գերեզմանաքարը դուրս կշպրտվի Ստեփանակերտի հուշահամալիրից:

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը կասկածում է, որ Սամվել Բաբայանը նման բաներ է խոսել, խնդրում է հերքում, իսկ եթե դա չլինի, ուրեմն կհամարի, որ տեղեկությունը ճիշտ է`«իր բոլոր դառը եւ ցավոտ հետեւանքներով հանդերձ»: Մի քանի օր է, ինչ այս թեման քննարկվում է, Սամվել Բաբայանի գրասենյակից որեւէ արձագանք չկա:

Ավելի արտառոցը, սակայն, Դաշնակցության Արցախի կառույցի քար լռությունն է: Առիթ-անառիթ Արթուր Մկրտչյանի անձի եւ գործի մասին պաշտամունքին զուգակցող վերաբերմունք դրսեւորող քաղաքական կազմակերպությունը, թվում է, պետք է հրապարակային բացատրություն պահանջեր կատարվածի կապակցությամբ:

Եւ ոչ միայն: Մամուլից տեղեկանում ենք, որ Դաշնակցության համառ պնդումների արդյունքում դատախազությունը որոշել է վերսկսել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով քննությունը` նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով: Արթուր Մկրտչյանի առեղծվածային մահից անցել է 27 տարի:

Այդ ընթացքում Արցախում երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել, Դաշնակցությունն արդեն տասներկու տարի է` իշխանության մաս է, գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է ՀՅԴ Արցախի ԿԿ նախկին ներկայացուցիչը: Թվում է` բոլոր պայմաններն առկա են, որպեսզի Դաշնակցությունը պահանջի վերաբացել Արթուր Մկրտչյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը, անցկացնել նոր օբյեկտիվ քննություն: Մինչդեռ Դաշնակցությունը համառորեն լռում է: Այնքան, որ նույնիսկ չի արձագանքում Արթուր Մկրտչյանի հասցեին ՊԲ նախկին հրամանատարի արած անարգական հայտարարություններին: Դաշնակցությունը հրաժարվե՞լ է Արթուր Մկրտչյանից, թե նրա լռությունն այլ հիմնավոր պատճառնե”ր ունի: