Հարցազրույց

«Հրապարակ». Նույն օրը, երբ Պրահայում արտասանեց, թե Արցախն ադրբեջանական տարածք է, նրան պետք է հեռացնեիք

«Հրապարակ». Նույն օրը, երբ Պրահայում արտասանեց, թե Արցախն ադրբեջանական տարածք է, նրան պետք է հեռացնեիք

Այս ծանր օրերին Վիկտոր Կրիվոպուսկովին տվեցինք ծանր հարցեր, քանի որ նա Հայաստանի եւ հատկապես Արցախի հետ սերտ կապված ռուս գործիչներից է, ՌԴ գրողների միության անդամ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակը: Նա 90-ականներին աշխատել է ԼՂԻՄ-ում՝ որպես ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ քննչական շտաբի պետ, հետո մեկնել Մոսկվա, կրկին վերադարձել Հայաստան, իսկ 2013-2014 թթ․ ղեկավարում էր «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերությունը, ՌԴ դեսպանատան խորհրդատու է եղել։ Ռուսաստանցի այն գործիչներից է, որոնց մուտքը Հայաստան նիկոլական իշխանությունը վերջերս արգելեց։ 

- Արցախում սարսափելի իրադարձություններ են կատարվում։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞վ է մեղավոր։ 

- Իհարկե, սա ողբերգություն է։ 20-րդ եւ 21-րդ դարերը չունեն այնպիսի օրինակներ, որ եկվորներն աստիճանաբար գրավեն տարածքը, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է։ Սրա մասին պատմաբանների ու ճանապարհորդների վկայություններ կան՝ դեռ մ.թ.ա 7-րդ դարից։ Չնայած համաշխարհային քաղաքակրթության գոյություն ունեցող օրենքներին, ՄԱԿ-ի որոշումներին եւ այլնի, Ղարաբաղի բնիկ ժողովուրդը փաստացի կոչնչացվի։ Սա անբացատրելի է, աբսուրդային է, բայց կատարվեց։ Եվ պարադոքսալ ձեւով սա կատարվեց երկակի ստանդարտների պայմաններում։ Իհարկե, մեղքն ամբողջությամբ ժողովրդի ու այն ղեկավարների վրա է, որոնք հետեւողականորեն գնացել են դեպի այս կատաստրոֆիկ պահը։ Եվ սա աննախադեպ է՝ արգելել սեփական ժողովրդին եւ պետությանը՝ օգնել հայրենակիցներին՝ մեղքը գցելով այլ պետության վրա։ Այո, Ռուսաստանը կրում է որոշակի պատասխանատվություն, նա էլ ունի մեղքի իր բաժինը, բայց ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպաներ։ Իսկ երկիրը հրաժարվեց Ղարաբաղից, հայ ազգի սրտից։ Սա աննախադեպ իրողություն է։ Կարելի է պարտվել պատերազմում, վեճի մեջ, բայց այն, ինչ արեցին Փաշինյանն ու նրա կողմնակիցները ոչ միայն կառավարությունում, այլեւ ժողովրդի մեջ, որը նրան երկրորդ անգամ ընտրեց, ներում չունի։ Աշխարհում նման բան չի եղել։ Ինչպե՞ս կարող էին հայերն իրենց թույլ տալ այսպիսի «ճոխություն»։ Այս ամենն ուղեկցվում է «Ռուսաստանը պետք է», «Ռուսաստանը պարտավոր է» արտահայտություններով։ Այո, ես՝ որպես Հայաստանի հետ բարեկամության ընկերության ղեկավար, գիտեմ, թե ինչով է կանգուն մեր ժողովուրդների բարեկամությունը, այն մեկ օրվա չէ, դարերից է եկել։ Ժողովուրդների բարեկամությունը չունի փաստաթղթային ձեւակերպում, իսկ հիմա մեր աչքի առաջ փլվում են այս միջանձնային ջերմ կապերն ու իրական բարեկամությունը, այն դարերից է եկել։ Ցավալի է, որ մենք հայտնվեցինք այս բեսպրեդելի առաջ, որը կատարվեց Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ ոտնահարելով ժողովուրդների ինքնորոշման ամենահիմնարար սկզբունքը։ 

- Ռուսաստանի ամենակրքոտ աջակիցներն անգամ կարծում են, որ Փաշինյանին պատժելու համար չէր կարելի ժողովրդին նման տառապանքի առաջ կանգնեցնել, եւ Ռուսաստանը պետք է կանխեր արյունահեղությունը։ Այո, Փաշինյանը հակառուսական քայլեր արեց, բայց ժողովուրդը նրա այդ հակառուսականության պատանդը հո չէ՞ր։ 

- Ձեր այդ պնդումներում մեծ սխալ կա։ Սա Արեւմուտքի կողմից ձեր վզին փաթաթված ռիտորիկա է։ Նրանք հայերից, որոնք այսպես են ասում, իրենց անձնական պատասխանատվությունը հայերի վրայից հանում են ու դնում Ռուսաստանի ուսերին։ Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Պուտինը, հանդիպելով Փաշինյանի հետ, նրան մերժել է, նրա հետ սիրալիր չի եղել, ներողամիտ չի եղել։ Վերջերս նա նույնիսկ ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ չունի հակասություններ, որոնք կխաթարեն ստրատեգիական գործակցությունը, որ Հայաստանը մեր ամենամոտ ընկերն է։ Ոչ մի անգամ մեր ղեկավարությունը չի ասել նման բան։ Այո, ես այսօր կարող եմ կտրուկ քննադատել նրան, որովհետեւ նա ինձ արգելեց լինել Հայաստանում, բայց արդյո՞ք ռուսաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը թթու խոսք է ասել Փաշինյանին։ Այնինչ Արեւմուտքն Ուկրաինայում էլ է առաջ քաշում՝ որ ոչ թե ժողովուրդն է մեղավոր, այլ՝ Պուտինը։ Հիմա Հայաստանն է գնում այս կեղծ ճանապարհով։ Քանի՞ անգամ է Պուտինն ասել, նույնիսկ 20 թվի պատերազմի ժամանակ՝ ճանաչեք Ղարաբաղը։ Ինչպե՞ս կարող է երկիրը, Ռուսաստանը մտնել մի տարածք, տվյալ դեպքում՝ Ղարաբաղ, որի հետ չունի որեւէ հարաբերություն։ Ռուսաստանը գործում է՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։ Փաշինյանը ռուս խաղաղապահների վրա ցեխ է շպրտում, չի կարելի, չէ՞։ Սա լկտի ու անխիղճ մարդ է, եւ դուք նրան դեռ հանդուրժում եք ու հղում եք կատարում նրա կեղտոտ բառերին` Ռուսաստանի հասցեին։ 

- Ոչ, հիմա ժողովուրդը չի դիմանում, մարդիկ դուրս են գալիս փողոց, անում են այն ամենը, ինչ կարող են։ 

- Հիշո՞ւմ եք, թե ինչ էր անում Փաշինյանը, երբ հեռացնում էր Սերժին։ Արգելափակում էր բոլոր ճանապարհները, ամեն ինչ բլոկում էր։ 

- Հա, մերոնք էլ փակեցին կառավարության ճանապարհները։ 

- Իսկ հետո գնացին հանգիստ քնելու։ Հա, փակեցին, եւ ի՞նչ։ Խանգարեցի՞ն նրան ընթրել։ Խանգարեցի՞ն նրան սարսափ-երազներ տեսնել, որոնցից հետո նա ուզում է արթնանալ ու տեսնել, որ Հայաստանում էլ Ռուսաստանի ներկայություն չկա՝ 102-րդ բազայի կամ ՀԱՊԿ-ի տեսքով, կամ առհասարակ էլ ռուսներ չկան։ Եվ ժողովուրդը սա կուլ է տալիս։ Եվ Դուք ասում եք, որ ժողովուրդը դո՞ւրս է եկել։ 

- Իսկ ի՞նչ անեն մարդիկ։ Դուրս են եկել, գոռում են, նա էլ ոստիկան է բերում։ 

- Իսկ ինչպե՞ս նա արեց, որ Սերժ Սարգսյանը ստիպված հրաժարվեց իշխանությունից, որովհետեւ բլոկել էր ողջ կենսագործունեությունը Երեւանում։ Չեմ ասում՝ Հայաստանում, Երեւանում։ Դուք հիշում եք, չէ՞։ Իսկ այսօր ի՞նչ են անում, ինչո՞վ էր երեկվա դեմոնստրացիան տարբերվում Վազգեն Մանուկյանի երեւանյան շրջապտույտներից։ Հիմա նույնն է։ Պտտվենք Երեւանի պրոսպեկտներով, փողոցներով, եւ ի՞նչ։ Պետք է արգելափակել Փաշինյանի ու նրա բանդայի գործունեությունը, որոնք Ռուսաստանին են մեղադրում բոլոր մահացու մեղքերում։

- Բայց մարդիկ մեղադրում են ռուսներին։ Խաղաղաապահների աչքի առաջ մորթում են արցախցիներին, խաղաղապահները ոչ մի կրակոց չեն արձակում` խաղաղ մարդկանց պաշտպանելու համար։ Ինչպե՞ս է հնարավոր` նայել ու չմիջամտել։ 

- Ի՞նչ հիմքով պետք է խաղաղապահները միջամտեին։ Նրանք չունեն զենք կիրառելու իրավունք։ Նրանք կոչվում են խաղաղապահներ։ Դրանք Աստծո առաքյալներ են, որոնք չգիտեն ձգանի տեղը, եթե իրենց վրա չեն կրակում։ Ինչո՞ւ Հարավային Օսիայում ռազմական գործողություններ եղան՝ որովհետեւ մեր խաղաղապահների ուղղությամբ Սահակաշվիլին կիրառեց բոլոր հնարավոր զինատեսակները։ Այդ ժամանակ, այո, խաղաղապահ առաքելության կանոններով, նրանք ունեին իրավունք` զենք կիրառելու։ Բայց քանի դեռ նրանց ուղղությամբ չեն կրակում, նրանք իրավունք չունեն զենք կիրառելու։ Պարզվում է՝ խաղաղապահները, խաղաղություն արարելու փոխարեն, խաղաղ ճանապարհից շեղվելով պետք է մասնակցե՞ն ռազմական գործողություններին։ Նրանք այդ իրավունքը չունեն։ 

- Լավ, Դուք ի՞նչ սցենար եք տեսնում։ Եվլախում ավարտվել են բանակցությունները, լուրեր կան, որ ազերիներն իրենց դրոշն են տեղադրում Ստեփանակերտում։ 

- Ի՞նչ կապ ունի դրոշը։ Իհարկե, տարածքը հանձնվել է, եւ այդ դրոշը, որպես սիմվոլ, պետք է դնեին։ Հիմա ես հանդիպումներ եմ ունենում շատերի հետ, կարելի է ասել՝ գիշերները չեմ քնում, ու բոլորն ասում են՝ մենք կունենանք նոր նախագահ Արցախում, ամեն ինչ այլ կլինի։ Եկավ նոր նախագահը եւ իր առաջին ուղերձներում ոչ մի բառ չասաց ո՛չ խաղաղապահների, ո՛չ Ռուսաստանի մասին։ Ի՞նչ, մոռացե՞լ էր, որ ՌԴ բանակը Պետրոս Առաջինի օրոք պայքարել է, որ Գյուլիստանի պայմանագրի համար 30 հազար հայեր են մահացել, ինչքա՞ն են պայքարել Ղարաբաղի համար։ Գոնե այսօր հիշեին այդ մասին։ Բայց անընդհատ ասում եք՝ գնացեք, մեզ համար պայքարեք։ Լավ, ասենք, ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը, բայց գոնե Հայաստանը գիտի, չէ՞, որ դա հանրապետություն է, ինչո՞ւ Արցախի նախագահը չդիմեց հայ ժողովրդին, Հայաստանին, չասաց` օգնեք մեզ։ Իսկ մենք Մոսկվայում ամեն ինչ պետք է թողնենք ու վազենք օգնելու։ Ի՞նչ հիմքով։ 

- Կարծիք կա, որ Պուտինն առանց ռազմական միջամտության էլ կարող էր խոսել Ալիեւի հետ ու ամեն ինչ փոխել։ 

- Դա օբյեկտիվ կարծիք չէ, դա միֆ է, որ միջպետական հարաբերությունները կառուցվում են հարուստ-աղքատ, գեր-նիհար սկզբունքով։ Ոչ, այդպես չի լինում։ Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը միայն Հայաստանի մասի՞ն պետք է մտածի։ Չէ՞ որ Ալիեւի հետեւում էլ կան ուժեր, նա ինքնուրույն չի գործում, եւ ինչո՞ւ մենք մեր կեղտոտ սապոգով մտնենք այդ հակասությունների մեջ։ Մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, որոշակի շահեր Ադրբեջանի հետ եւ այդ ամենից պետք է հրաժարվենք հանուն այն բանի, որ Փաշինյանն ու հայ ժողովուրդը հրաժարվո՞ւմ են իրենց հայրենակիցներից, իրենց ոսկյա սրտից՝ Ղարաբաղից։ Դուք անեք, ինչ ուզեք, իսկ մենք տակից դուրս գանք՝ նախապես գուշակելով, որ դուք հրաժարվելու եք պաշտպանել ձեր ժողովրդին, իսկ մենք պետք է Հռոմի պապից էլ կաթոլիկ լինենք։ Դա սխալ է, պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել։ 

- Ի՞նչ է լինելու:

- Ես լավ եմ ճանաչում հայերին ու ուզում եմ հավատալ, որ հայ ժողովրդի մեծ մասը խելամիտ կգտնվի ու պատասխանատվություն կվերցնի ոչ միայն Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի համար, որը ծախեցին, այլ՝ սեփական ճակատագրի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել։ Առջեւում Զանգեզուրն է։ Ալիեւն առանց Թուրքիայի ոչինչ է։ 

- Այո, Թուրքիան արդեն հայտարարել է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ 

- Խնդրեմ, իսկ այդ մասին դուք չէի՞ք մտածում։ Ձեր ղեկավարությունը չգիտի՞ այդ բոլոր հետեւանքների մասին։ Ահա ինչու ես հույս ունեմ, որ իմ սիրելի հայ ժողովուրդը կլուսավորվի, իր ուժերը կհավաքի, կազատվի Փաշինյանի բանդայից, Սորոսի դաստիարակածներից, որոնք մի կտոր հացով գնեցին Հայաստանը։ Ոստիկանների աշխատավարձ բարձրացրին, որտեղի՞ց էր փողը։ Սա փաստացի ռուսական էկոնոմիկան է Հայաստանում։ 

- Ինչո՞ւ մարդկանց չեն տարհանում, ինչո՞ւ չկա հումանիտար միջանցք, որ մարդիկ գան Հայաստան։ Խաղաղապահները մի՞թե չեն կարող օգնել գոնե այդ հարցում։ Ռուսնե՞րը չեն թողնում, Փաշինյա՞նը չի թողնում, թե՞ Ադրբեջանը։ 

- Դարձյալ Դուք ասում եք այն, ինչից սկսվեց մեր զրույցը։ Իսկ ո՞վ փակեց Լաչինի միջանցքը, ո՞վ հրահրեց այս վիճակը, ո՞վ ասաց, որ Ղարաբաղն ադրբեջանական է: Իսկ եթե Ադրբեջան է, էլ ի՞նչ միջանցքներ։ 

- Բա մարդիկ ինչպե՞ս դուրս գան, մեռնե՞ն։ 

- Ռուսաստանը պետք է մտածի մարդկանց մասին։ Իսկ երբ որ դա հնչեց, նա մտածո՞ւմ էր, որ հայտարարելով, որ Ղարաբաղն ադրբեջանական է, փակում է Հայաստանի սահմանը, ինչը նա արեց։ Այդ նույն օրը, որ նա Պրահայում արտասանեց դա, նրան պետք էր հանել, հեռացնել։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրել է 3 կողմ, Ռուսաստանը գարանտ էր, բայց հիմնական ստորագրողները Հայաստանն ու Ադրբեջանն են։ Կողմերից մեկն ասում է՝ ես սա համարում եմ ձերը, վերցրեք, իսկ ի՞նչ անի գարանտը` նա պետք է ուղղակի լսի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image