Կարևորն այն է, որ գործիք չդառնան

Կարևորն այն է, որ գործիք չդառնան

Վերջին շրջանում իշխանություններն իրենց ուշադրությունը սևեռել են դատական իշխանության վրա: Նախ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ են նշանակվում այնպիսի անձինք, որոնք որևէ փորձ չունեն դատական իշխանությունում, ապա Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվում է փաստաբան Սեդա Սաֆարյանը` Ստյոպա Սաֆարյանի քույրը: Փաստաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ զրուցել ենք դատական համակարգի մասին:

- Պարոն Օհանյան, վերջին շրջանում դատական համակարգում ոչ այնքան զարմանալի, սակայն մտահոգիչ նշանակումներ են արվում: Փաստաբան Սեդա Սաֆարյանն առաջադրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու:

- Արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ բոլորս էլ ունենք մեր քաղաքական հայացքները և դա շատ նորմալ է: Յուրաքանչյուր մարդ, կապ չունի իրավաբան է, բժիշկ, թե լրագրող, պետք է ունենա իր քաղաքական հայացքները: Ուստի այստեղ դա չէ կարևորը: Կարևորը` մարդկային և մասնագիտական որակներն են, որովհետև դու կարող ես լինել ինչ-որ քաղաքական թիմի անդամ, սակայն լինել օբյեկտիվ իրավաբան: Կարող է այնպես լինել, որ դու մի կողմ դնես քո քաղաքական հայացքները և օբյեկտիվ ու անաչառ աշխատանք կատարես: Անհամեստ չթվա, բայց ինձ, օրինակ, երբեք չեն խանգարել իմ քաղաքական, անգամ անձնական հայացքները: Ես ամեն ինչ, անգամ մի շարք խնդրանքներ, դրել եմ մի կողմ և օբյեկտիվ աշխատանք եմ կատարել: Հենց դրա «շնորհիվ» ահագին բարեկամներ ու ընկերներ իրենց կապերն ինձ հետ խզել են: Մինչ օրս ինձ չեն բարևում, հետս չեն շփվում…. Սահմանադրական դատարանում քաղաքականացված լինելն էական չէ, կարևորն այն է, որ գործիք չդառնաս: Պետք է Սահմանադրական դատարանի դատավորը նախ շատ լավ տիրապետի սահմանադրական իրավունք ասվածին, ապա իրականացնի անհրաժեշտ սահմանադրական գործառույթներ:

- Եթե քաղաքական հայացքներն էական չեն, եւ նույն Սեդա Սաֆարյանն այդքան օբյեկտիվ է, ինչո՞ւ հենց նրան առաջադրեցին, որպես ՍԴ դատավորի թեկնածու: Կարող էին, չէ՞, Ձեզ, կամ Ձեզ նման այլ փաստաբանի առաջադրել: Խնդիրն այստեղ այն է, թե ինչո՞ւ հենց Սեդա Սաֆարյան:

- Կարգն է այդպես: Ստացվում է, որ իշխող քաղաքական ուժը մշտապես նման հարցերում լիդեր է: Ինքն է որոշում այս հարցերը: Ես և ինձ նման փաստաբանները կեղծավորություն անել չեն կարողանում, այդ պատճառով էլ մենք նման թեմաներում չկանք: Իշխանությունը մտածում է ընտրել այնպիսի թեկնածուի, որը հավատարիմ կլինի իրեն: Իր դեմ դեմ դուրս չի գա, չի հակառակվի իրեն: Եթե խորանանք, դա էլ է նորմալ: Ամեն իշխանություն մտածում է իր թիմը զարգացնելու մասին: Մենք ամեն ինչ իդեալական ենք ուզում, սակայն այդպես լինել չի կարող: Հասկանալի է, որ այս ամենը լավ տեղ չի տանում, բայց աշխարհն է այդպիսին դարձել: Դու իշխանություն ես, ուրեմն դու պետք է քո կադրերին ընտրես:

- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նոր դատավորներով է համալրվել: Դատավորներ են ընտրվել ՔՊ-ական Արթուր Դավթյանը և Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Նրանք ևս չունեն դատավորի մասնագիտական փորձ` ինչպես Սեդա Սաֆարյանը:

- Գևորգ Գյոզալյանը հրաշալի մասնագետ է: Նրան շատ լավ եմ ճանաչում: Մեր գրասենյակում է աշխատել, հիանալի կադր է: Որ խորանաք` փորձի պակասը գուցե խանգարի, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել: Սակայն կարծում եմ քաղաքական ուղղվածություններից ավելի կարևոր են` մասնագիտական և մարդկային հատկանիշները: