Իմ խնդիրն աշակերտների միտքն ու հոգին շարժելն էր

Իմ խնդիրն աշակերտների միտքն ու հոգին շարժելն էր

ՀՀ մշակույթի եւ կրթության նախարարությունների 2018թ. համատեղ հայտարարած «Քո արվեստը՝ դպրոցում» ծրագրի մեկնարկը տրվեց ընթացիկ տարվա սկզբին, եւ մրցույթով ընտրված 47 արվեստագետներ վիճակահանությամբ բաշխվեցին ՀՀ 30 դպրոցների միջեւ՝ իրականացնելու մշակութային մեկական հանդիպում յուրաքանչյուր մարզի երեքական դպրոցում, Երեւանը՝ ներառյալ։ Այս առիթով զրուցեցինք բանաստեղծ, արձակագիր, Գրականության եւ արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, ՀԳՄ վարչության անդամ Գոհար Գալստյանի հետ։ 

- Տիկին Գալստյան, թեեւ ծրագրի վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 1-ն է, բայց Դուք հասցրել եք ավարտել։ Ո՞ր դպրոցներում եք եղել եւ ի՞նչ եք ներկայացրել։

- Արարատից մինչեւ Կոտայքի մարզ, Արմավիրից մինչեւ Արագածոտն, Տավուշից՝ Լոռի, Շիրակից՝ Վայոց ձոր, Գեղարքունիք ու Սյունիք, մինչեւ Երեւան, շուրջ 4000 կմ ճամփորդել եմ, եղել եմ սահմանային Խաչիկ, Ելփին, Ազատ, Սիփանիկ, Արագածավան, Մարտունի գյուղերի դպրոցներում, Բերդում, Նավուրում, Արծվանիկում, Լճավանում, Ղազանչիում,  Սիզավետում՝ 30 դպրոց… Երեւանի Սեբաստացի կրթահամալիրում, Ագրարային համալսարանի վարժարանում եւ ծրագիրս ավարտել եմ իմ հարազատ՝ Չարենցի անվ. թիվ 67 դպրոցում։

Մասնակից յուրաքանչյուր արվեստագետ ծրագրին ներկայացրել էր իր անհատական հայեցակարգը, որով առաջնորդվել է։ Իմ հայեցակարգով դասի առանցքում, բնականաբար, գրականությունն էր, գեղարվեստական խոսքը, լեզուն, բառապաշարը, ինքնուրույն միտքը, անդրադարձ Թումանյանին եւ Կոմիտասին՝ որպես մեր մշակույթի եւ ինքնաճանաչողության կարեւոր հենակետեր։ Սա մեծ ու հրաշալի հնարավորություն էր՝ այդպիսի ընդարձակ լսարանի առջեւ ներկայանալ սեփական արվեստով եւ գրականության միջոցով հնչեցնել ու արծարծել մարդկային խառնվածքներին, ձգտումներին, հոգեբանությանը, բնության ու շրջակա միջավայրի հետ մարդու հարաբերակցությանն առնչվող ամենատարբեր սոցիալ-մշակութային ու գեղագիտական խնդիրներ։ 

Դասի գործնական մասում, որը գերակշիռ հատվածն էր, քննարկումների միջոցով աշակերտները ներգրավվում էին խոսքի մեջ։ Իմ խնդիրը աշակերտների միտքն ու հոգին շարժելն էր, քիմքը գրականության հանդեպ զգայուն դարձնելը եւ նրանց մեջ բացահայտել մտածող, ստեղծագործող անհատին, հետաքրքրություն առաջացնել ընթերցանության հանդեպ, կապել ժամանակակից գրականությանը։

- Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի արդյունավետությունը։ Եղե՞լ են բացեր եւ ի՞նչ կարգի։

- Ամփոփելով ծրագիրս՝ այն շատ կարեւոր ու անհրաժեշտ եմ համարում երկուստեք։ Նախ՝ հատկապես հեռավոր գյուղերում հարյուրավոր այն աշակերտների համար, որոնց՝ իրարից քիչ տարբերվող օրերի մեջ երեւույթ է կենդանի շփումը գրողի կամ այլ արվեստագետի հետ։ Մեր՝ թեկուզեւ մեկ հանդիպման ընթացքում երեխաների մեջ իմաստ է ստանում ու պատկերանում է հոգեւոր մի նոր արժեք։ Ուրիշ հայացքով է տեսիլվում գրականությունը, կարեւորվում է ընթերցածի շուրջ մտածելու կարողությունը, իսկ սա արդեն տեղում խթանելով՝ կարող է արդյունքներ տալ։ Հուսադրողն այն է, որ շատ դեպքերում աշակերտների ոգեւորությունից ոչ պակաս ոգեւորվել են մանկավարժները։ 

Ծրագրի բացերի մասին. չեմ սեթեւեթի, իհարկե՝ եղել են։ Առաջին անգամ էր այսպիսի ընդգրկուն նախագիծ մշակվել, եւ այն անթերի լինել չէր կարող։ Պիտի ասեմ, որ, բարեբախտաբար, բոլոր թերությունները եղել են շտկելի, օրինակ՝ անհարթություններ կային վիճակահանությամբ հաստատված դպրոցների ցանկում, որոշ դեպքերում նույն դպրոցները կրկնվում էին, բայց հարցը բարձրացվեց, եւ կրկնվող դպրոցները փոխարինվեցին այդ նույն մարզի մեկ ուրիշ դպրոցով։ Չեմ ասի, թե մտքիս չկան հետագայում փոփոխություններ անելու գործնական առաջարկներ՝ կապված դասաժամի եւ նույն դպրոցում հանդիպումների քանակի հետ։ Գուցե այս եւ հարակից հարցերի մասին առանձին խոսելու առիթ եւս լինի, չէ՞ որ ամեն մի դպրոցի առնչությամբ յուրաքանչյուրս մեր դիտարկումներն ունենք, որոնք կարող են օգտակար լինել, եւ այս ծրագրի մեծ ներուժը նաեւ դրա մեջ է։ 

- Հեռավոր գյուղերը որքանո՞վ են մասնակից այսօրվա գրական պրոցեսներին եւ տեղյակ ժամանակակից հայ գրականությանը։

- Սա տխրեցնող փաստ է. ժամանակակից գրականությանը հիմնականում ծանոթ չեն կամ շատ քիչ գիտեն ոչ միայն հեռավոր գյուղերում, այլեւ Երեւանում, մյուս քաղաքներում։ Լուրջ խնդիր կա՝ դասագրքերը վերանայել, հատուկ քրեստոմատիաներ կազմել, որոնք գոնե հումանիտար հակումներով առանձին խմբերի աշակերտներ կուսումնասիրեն թեկուզ արտադասարանական ժամերին։ Այս կարգի խնդիրների թվում է նաեւ գրական պարբերականների հասանելիության, դպրոցների գրադարաններին նոր գրքեր տրամադրելու, եղած գրքերը պատշաճ վիճակի բերելու եւ շրջանառության մեջ դնելու հարցը։ 

- Այդ հանդիպումների ընթացքում ի՞նչ խնդիրներ եք արձանագրել՝ ուսումնական նյութերի, դասապրոցեսի կամ մանկավարժների պատրաստվածության հետ կապված։

- Հիմնականում դրական տպավորություն եմ ստացել իմ դասին ներկա ուսուցիչների դիտողականությունից, ասված խոսքից։ Ճիշտ է՝ եղել են առանձին դպրոցներ, օրինակ՝ մի դպրոց, որտեղ ընդամենը չորս աշակերտ է սովորում, ուր հաստատ մանկավարժների որակի խնդիր էլ կար, բայց սահմանային գյուղերում, ուր առաջնայինը բնակչության խնդիրն է, ուր չգիտես՝ սոցիալական հարցերից որից սկսես խոսել, դա մի տեսակ երկրորդվում է… Թեեւ դա էլ չափանիշ չէ, օրինակ՝ հեռու-հեռավոր Մարտունի գյուղում ես հանդիպեցի զարմանալի մի ուսուցչուհու, որն իր անձնական գրադարանը տեղափոխել էր դպրոց եւ աշակերտների համար գրականության դասերին նաեւ Կոմիտասի բանաստեղծություններից էր խոսում, Կոմիտաս էր երգում։ Խնդրում էր իրենց գրքեր ուղարկել, ոգեւորվել էր մեր ծրագրով, որ նաեւ ուրիշ արվեստագետների կհանդիպի։ Աշակերտները նրան ակնհայտորեն սիրում էին. դա չնկատել չէր լինի… 

Դպրոցներ կան, որ անցյալ դարից հիմնանորոգման կարիք ունեն, զուրկ են տարրական կենցաղային պայմաններից, աշակերտները ցիստեռնով ջրից են օգտվում, չկա կոյուղի, ջեռուցման հարցը դեռ լուծվում է վառարանով կամ էլեկտրական տաքացուցիչներով, իսկ գորշ պատերով ու բետոնե հատակով դասասենյակներում ամենապայծառ երեխաներն էլ կարող են թոշնել՝ անարեւ մնացած ծաղիկների պես։ Մեր երեխաների գեղագիտական ճաշակն ու երեւակայությունը ձեւավորվում են հենց միջավայրում, մենք ի՞նչ սնունդ ենք տալիս նրանց էդ տխուր իրականության մեջ։ Բայց նաեւ ասեմ, որ կան դպրոցներ, որ արժանավայել պայմաններ ունեն, շատ աշխույժ մշակութային առօրյա, եւ ես հրաշալի տպավորություն եմ ստացել, օրինակ, հենց սահմանային Խաչիկ գյուղի դպրոցից… 

- Նման կարճատեւ ծրագրերն ունե՞ն ներուժ՝ ձեւավորելու եւ մթնոլորտ փոխելու հատկապես հեռավոր գյուղական համայնքներում։

- Մթնոլորտ փոխելու առումով․ շատ դպրոցներում վստահ կարող եմ ասել, որ դրական տեղաշարժ կա, եւ դրա հաստատումը մեր շարունակվող կապն է այցելած դպրոցի հետ։ Իմ եղած բոլոր դպրոցներում անխտիր ես հանդիպման ավարտին առնվազն մեկ կամ երկու գիրք եմ իմ ժողովածուներից ընծայել դպրոցի գրադարանին, հաճախաբար՝ նաեւ ամենամտածող կամ ստեղծագործող աշակերտներին։ 

Մասնակցության առումով․ բոլոր դպրոցներից ամփոփելով ստեղծագործող աշակերտների ինձ վստահված գործերը՝ ընտրել եւ երեք աշակերտների ստեղծագործություններ փոխանցել եմ «Հասկեր» պատանեկան տարեգրքին, որն օրերս տպագրվել է։ Ի դեպ, այս տարվա մրցանակներից մեկը ժյուրին հենց իմ բացահայտած աշակերտներից մեկի ստեղծագործությանն է արժանացրել, որի համար ես կրկնակի ուրախ եմ։

«Քո արվեստը՝ դպրոցում» ծրագիրը ես կարեւոր եմ համարում նաեւ հենց ինձ համար՝ որպես գրողի։ Ո՜վ ասաց, որ ծրագիրը մտահղացվել է միայն աշակերտների համար։ Սա հնարավորություն էր նաեւ՝ դիմագիծ առ դիմագիծ բացահայտել իմ երկիրը, նրա մարդկանց, իմ՝ փոքրից մեծին, տեսնել ու ճանաչել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ճանապարհներից սկսած մինչեւ բուն դպրոց…։ Սա իսկապես կարեւոր ու բացառիկ մի ծրագիր է, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին, եւ շատ ցանկալի է, որ այն շարունակական լինի։