Իսրայելցի մտավորականները հորդորել են ԱԳՆ-ին՝ ազդել Ադրբեջանի վրա

Իսրայելցի մտավորականները հորդորել են ԱԳՆ-ին՝ ազդել Ադրբեջանի վրա

Մի շարք ակադեմիկոսներ, լրագրողներ և ակտիվիստներ Իսրայելից նամակով դիմել են երկրի նորանշանակ Արտաքին գործերի նախարարին, խնդրելով նրան՝ կանխել Արցախում հումանիտար ճգնաժամը:

«Հրապարակի» հետ զրույցում նամակը ստորագրած իսրայելցի քաղաքագետ Յարոն Վեյսն ասաց, որ նամակին միացած բոլոր մարդիկ մտահոգ են Արցախում ստեղծված իրավիճակով:

«Մենք կոչ ենք անում Իսրայելի Արտաքին գործերի նախարարին դրսևորել պատասխանատվություն և առաջին քայլն անել: Իսրայելը հնարավորություն ունի ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա: Ես հավատացած եմ, որ այն հրեաները, ովքեր իրենք են ենթարկվել էթնիկ զտումների՝ պարտավոր են զգայունություն դրսևորել այն մարդկանց նկատմամբ, որոնք վտանգի մեջ են»,-ասաց Վեյսը:

Նամակում մասնավորապես ասվում է. «Մեկ ամսից ավելի է՝ սկսած 2022 թ․ դեկտեմբերի 12-ից, ադրբեջանցի ակտիվիստիները փակել են Հայաստանը և հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը (հայ բնակչության համար՝ Արցախը) իրար կապող միակ ճանապարհը։ Այդ շարունակական շրջափակման հետևանքով ոչ միայն կենսական նշանակության ապրանքները չեն հասնում Լեռնային Ղարաբաղ, այլև նրա հազարավոր բնակիչներ զրկվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան և Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գնալու հնարավորությունից։ Անկլավի բնակիչներն ամեն օր հիմնական պարենի,  դեղորայքի և լույսի ու ձմռան ցուրտ եղանակին անհրաժեշտ ջեռուցման համար էներգիայի պակաս են զգում։ Իրավիճակը վտանգավոր է, այն սպառնում է Արցախի 120,000 բնակիչների կյանքին»։

Նամակը հայերեն և անգլերեն տարբերակներով ստորև՝

Իսրայել պետության արտաքին գործերի նախարար
Նորին գերազանցություն պ․ Էլի Քոհենին

Հայցում ենք Ձեր աջակցությունը՝ հումանիտար ծանր ճգնաժամը և կյանքի համար
սպառնալիքը կանխելու համար

Ձերդ գերազանցություն,

Նախ ընդունե՛ք մեր ջերմ շնորհավորանքը՝ Իսրայել պետությունը և այլ
պետությունների հետ հարաբերություններում նրա բարոյական և քաղաքական դերը
ներկայացնելու կարևոր ու մարտահրավերներով լի պաշտոնին Ձեր նշանակման
առթիվ։

Մենք տարբեր բնագավառներ ներկայացնող գիտնականներ ու արվեստագետներ ենք,
որոնց գործունեությունն այլևայլ ուղիներով առնչվում է Հարավային Կովկասի
իրավիճակին, նրա պատմությանն ու մշակույթին։ Գրում ենք Ձեզ՝ խնդրելով դիմել
Իսրայելի բարեկամ երկու պետության՝ Ադրբեջանին ու Ռուսաստանին, որոնք ի զորու
են կանխելու հումանիտար ծանր ճգնաժամը։ Այն ամեն րոպե կարող է մարդկային
տառապանք և կյանք արժենալ։

Մեկ ամսից ավելի է՝ սկսած 2022 թ․ դեկտեմբերի 12-ից, ադրբեջանցի
ակտիվիստիները փակել են Հայաստանը և հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը
(հայ բնակչության համար՝ Արցախը) իրար կապող միակ ճանապարհը։ Այդ
շարունակական շրջափակման հետևանքով ոչ միայն կենսական նշանակության
ապրանքները չեն հասնում Լեռնային Ղարաբաղ, այլև նրա հազարավոր բնակիչներ
զրկվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան և Հայաստանից Լեռնային Ղարաբաղ
գնալու հնարավորությունից։ Անկլավի բնակիչներն ամեն օր հիմնական պարենի,
դեղորայքի և լույսի ու ձմռան ցուրտ եղանակին անհրաժեշտ ջեռուցման համար
էներգիայի պակաս են զգում։ Իրավիճակը վտանգավոր է, այն սպառնում է Արցախի
120,000 բնակիչների կյանքին։

Ճանապարհը՝ այսպես կոչված «Լաչինի միջանցքը» փակելը հակասում է 2020 թ․
նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ
կնքված հրադադարի պայմանագրին։ Ըստ այդ պայմանագրի՝ Լաչինի միջանցքը
մնում էր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող միակ ճանապարհը։
Հուսով ենք, որ Դուք՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարը, Ադրբեջանում և
Ռուսաստանում Ձեր գործընկերների հետ կապերի միջոցով կարող եք օգնել
խուսափելու հումանիտար այս ծանր ճգնաժամից։ Ուստի և խնդրում ենք Ձեզ
հնարավորինս արագ կապվել նրանց հետ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը
վերացնելու ուղղությամբ աշխատանք ձեռնարկելու համար։

Անկեղծորեն Ձեր՝

Յակով Ախիմեիր, լրագրող
Օրա Ախիմեիր, գրող
Պրոֆ․ Ռոյվեն Ամիտայ, Իսլամական և Միջին Արևելքի ուսումնասիրություններ,
Եբրայական համալսարան
Իրինա Բադալյան, ճարտարապետ
Դան Բիրոն, լրագրող
Յոավ ԼԷֆֆ, հայոց պատմության դասախոս, Եբրայական համալսարան
Յիսկա Հարանի, դասախոս, քրիստոնեության մասնագետ
Իլիա Մազիա, երաժիշտ
Պրոֆ․ Դոննա Շալև, դասական բանասիրություն, Եբրայական համալսարան
Պատվավոր պրոֆ․ Մայքլ Է․ Սթոուն, հայագետ և համեմատական կրոնագիտության
մասնագետ, Եբրայական համալսարան
Դոկտոր Օդեդ Շտայնբերգ, Միջազգային հարաբերություններ և եվրոպական
 ուսումնասիրություններ, Եբրայական համալսարան
Պատվավոր պրոֆ․ Իսրաէլ Չառնի, Եբրայական համալսարան, Երուսաղեմի
Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն և
Ցեղասպանության հանրագիտարանի խմբագիր
Սառի Ռազ-Բիրոն, լրագրող
Պատվավոր պրոֆ․ Էլիհու Ռիխտեր, Եբրայական համալսարանի Հանրային
առողջության դպրոց
Րաբբի Դավիդ Ռոզեն, էկումենիկ հարցեր
Յարոն Վայս, Կովկասյան երկրների մասնագետ
Պատվավոր պրոֆ․ Յաիր Օրոն, պատմաբան
Րաբբի Ավիդան Ֆրիդման, գործադիր տնօրեն, Յանշուֆ