Նոր բնապահպանական հարկ՝ ընդդեմ պոլիէթիլային տոպրակների

Նոր բնապահպանական հարկ՝ ընդդեմ պոլիէթիլային տոպրակների

Քաղաքացիների մեծամասնությունը՝ 89 /11 տոկոսի հարաբերակցությամբ կողմ է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման նպատակները նվազեցնելու նպատակով լրացուցիչ հարկ սահմանելուն։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երկու օրա առաջ շրջանառության դրված նախագծում բացի բնապահպանական հարկը նախատեսվում է նաև՝ տոպրակների իրացման նվազագույն գին սահմանել 100 դրամը, իսկ անվճար տրամադրումը կարգելվի։

Նախագծի հիմնավորումը բնապահպանական խնդիրներն են, որոնց լայն կիրառումը հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում առաջ է բերել շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթների կուտակումների․ դրանք երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի:

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: Հայաստանում խնդիրը բարդանում է նաև նրանով, որ աննշան են պլաստիկ հումքի վերամշակման ծավալները, որի արդյունքում պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և շրջակա միջավայրում: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված է Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասը, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենից փաթեթների ողջ քանակությունն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատում են դիօքսին և ֆուրան գազեր: Սրան գումարվում է այն, որ ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։

2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։ Օրենքի հեղինակները հույս ունեն, որ սա կբերի պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2023-ի հունվարի մեկից նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։