Մի հավատացեք

Մի հավատացեք

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ` լարախաղացի նման պարանի վրա ճոճվող իշխանությունն ակնհայտորեն չգիտի ո'չ անելիքը, ո'չ էլ, թե ինչ է սպասվում մեր երկրին: Ճիշտ է` ամենայն ջանք թափում են կայունության եւ ոտքերի վրա ամուր կանգնած լինելու տպավորություն թողնելու համար, բայց դա միայն երեւութական է: Մի հավատացեք ո'չ պաշտոնական լրահոսին, երբ իշխանական էլիտան մեկ էլ տեսար` հավաքվում է ինչ-որ կառույցում, որպես կանոն` ուժային, ելույթներ է ունենում, մեդալներ շնորհում, իրար ձեռք սեղմում, նկարվում` տարածում: Մի հավատացեք եվրոպական այցելություններին ու տարածվող հաղորդագրություններին, թե Մակրոնը թփթփացրեց Նիկոլ Փաշինյանի ուսին, Ֆոն դեր Լայենը լայն ժպտաց, Շառլ Միշելը` բակում դիմավորեց:

Մի հավատացեք նաեւ Հայաստան այցելությունների բովանդակալից էությանը, թե ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները ժամանել են Հայաստան: Մի հավատացեք նաեւ տարբեր ելույթներում հնչող հոխորտանքին ու վերամբարձ հայտարարություններին, թե` այս կանենք, այն կանենք: Հայաստանի իշխանությունները մի բան կարող են անել եւ մի բան են անում` հայ ժողովրդին պահում են տեւական սթրեսի մեջ, ամեն ինչ անում են նրա կամքը կոտրելու, նրա ցանկությանն ու երազանքներին դեմ գնալու համար: Եվ եթե անգամ այդ ծրագրերից որոշներն իրականություն չեն դառնում, պատճառն այն չէ, որ իրենք Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից են ելնում, այլ մի դեպքում, անկախ իրենց կամքից, գլուխ չի գալիս, մյուս դեպքերում իրենց առաջ դիմադրություն են տեսնում եւ վախենում են, որ ժողովրդի համբերության բաժակը կլցվի, եւ իրենց ուղղակի կվռնդեն իշխանական կաբինետներից: Բայց եթե ժողովուրդը դա դեռ չի անում, ընդամենը մի պատճառով` չկա այն ուժը, որին կարող է բերել իշխանության: