Վաղն էլ կմիավորեն բոլոր տիկնիկային ու դրամատիկական թատրոնները

Վաղն էլ կմիավորեն բոլոր տիկնիկային ու դրամատիկական թատրոնները

Պետական կամերային երաժշտական թատրոնը երեկ իր հարկի տակ էր հավաքել թատերական ոլորտի մի շարք գործիչների, ովքեր եկել էին սատար կանգնելու Կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին։ Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի եւ Պետական երաժշտական կամերային թատրոնները՝ Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին դեմ են թե՛ կամերային, թե Պարոնյան թատրոնի կոլեկտիվները:

Թատրոնի անձնակազմը՝ գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի գլխավորությամբ, նախօրեին հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցչի հետ, հայտնել իրենց անհամաձայնությունը՝ 2 թատրոնների միավորման հետ կապված։ Միաժամանակ հանդիպումից հետո փոխանցել են նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչի առիթով կառավարությունից խոստացել են, որ կլինի գրավոր պատասխան։ Ս․ Ստեփանյանը հանդիպումից այնպիսի տպավորություն է ստացել, որ կառավարությունում անգամ տեղյակ չեն խնդրից, ուստի ենթադրում է, որ սա միայն ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի գաղափարն է, ինչն ամեն գնով նա ուզում է իրագործել։

«Ընդ որում՝ այս օրերի ընթացքում մի քանի անգամ փոխվել են պարոն Խզմալյանի կարծիքն ու մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ»,- ասում է թատրոնի ռեժիսորն ու հավելում, որ նախարարության փաստարկներն անհեթեթ են․ «Ըստ փոխնախարարի՝ բարելավվում են մեր պայմանները, մենք կունենանք երգչախումբ, պարային, երաժշտական խումբ եւ կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ պայմաններում, բայց սրանք տեսականորեն չապացուցված խոսքեր են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ իրականությունը սա է՝ մեր հաշվին ուզում են ազատել մի շենք, որը հետո կտրամադրեն սիմֆոնիկ նվագախմբին, թե ոչ՝ անհայտ է»։  

Այդուհանդերձ, եթե հանկարծ թատրոնները միավորվեն, ըստ ռեժիսորի, դա կլինի ահռելի կոլապս Պարոնյան թատրոնի համար։ «Մի թատրոնը կվերանա անմիջապես, 2-րդ թատրոնը երկար ժամանակ կլինի կատաստրոֆիկ վիճակի մեջ, եւ այս ամենը՝ նրա համար, որ սիմֆոնիկ նվագախումբն ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում նվագախմբի պահանջներին․ 120 հոգի, անգամ 80 հոգանոց նվագախումբ չի տեղավորվի այստեղ»,- ասում է նա ու հավելում, որ այս փաստերը ներկայացրել են նաեւ փոխնախարարին, որը դա որակել է որպես էմոցիոնալ զեղում։

«Պարոն Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, որ մահացել ու մահանում ենք, ավելին՝ անախրոնիզմ է համարում այն արտահայտությունները, որ թատրոնը մեզ համար տուն է եւ տաճար։ Եթե Դուք անախրոնիզմ եք համարում «տաճար» եւ «տուն» հասկացությունները, ուրեմն ողջ ԿԳՄՍՆ-ն ատավիզմ է։ Սա՝ որպես պատասխան պարոն Խզմալյանին,- ասում է Ս․ Ստեփանյանն ու համոզմունք հայտնում, որ պետք չէ մի ոլորտի խնդիրը խառնել մեկ այլ ոլորտի խնդրի հետ։- Եթե ունեք խնդիր երաժշտական ոլորտում, ինչո՞ւ եք ուզում դա լուծել թատերական ոլորտի հաշվին։ Սա դիլետանտիզմ է, դրանք տարբեր ոլորտներ են ու իրար հետ կապ չունեցող, ավելին՝ ես կարծում եմ, որ այստեղ կա անձնական շահագրգռություն։ Իսկ այդ երկու թատրոններին միավորում է միայն «երաժշտական» բառը՝ անվանման մեջ։ Դրանք երկու տարբեր ձեւաչափերի թատրոններ են՝ տարբեր խաղացանկերով, որոնց միավորման դեպքում մենք միանգամից կորցնելու ենք մեր աշխատանքը»։ 

Նա անդրադարձավ նաեւ Նազենի Ղարիբյանի օրոք տարբեր մշակութային ՊՈԱԿ-ներն ու թատրոնները միավորելու խնդրին, որը կարծես հիմա է ընթացք ստանում։ «Բայց Ն․ Ղարիբյանն ասում էր՝ միավորենք ոչ թե շենքերը՝ ազատվելով շենքերից, այլ միավորենք կառավարումը, այսինքն՝ մնում էր թե՛ շենքը, թե՛ թատրոնը, բայց կառավարվում էր մեկ տեղից։ Հիմա ավելի առաջ են գնացել՝ ազատում են շենքը, պայմանականորեն մեզ միավորում են Պարոնյան թատրոնին, որպեսզի հետո Պարոնյան թատրոնի ղեկավարության ձեռքերով հերթով կրճատեն մեզ, արդյունքում կկորի մի ամբողջ թատերական միավոր, իսկ սիմֆոնիկ նվագախումբը կլինի այստեղ, թե ոչ՝ ես խիստ կասկածում եմ, որովհետեւ սա բացարձակապես չի համապատասխանում իրենց տեխնիկական պահանջներին»,- ասում է թատրոնի ռեժիսորն ու վստահեցնում, որ կռվելու են մինչեւ վերջ, բայց թե ինչ ձեւով ու ճանապարհով՝ չի ուզում բարձրաձայնել։ 

Հանդիպմանը ներկա էր նաեւ «Գոյ» թատրոնի գեղղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը, ով իր խոսքում նկատեց, որ հիմա, երբ բոլորս զբաղված ենք թատրոնների միավորման խնդրով, Երասխում կրակոցներ են հնչում։ Ռեժիսորը բնավ հակված չէ մտածել, որ սա թյուրիմացություն է, որի մասին ոչ ոք չգիտի։ «Ես հեռու եմ այն մտքից, որ հայկական թատրոնը ռեֆորմների կարիք չունի, բայց դրանք պետք է անեն այն մարդիկ, ովքեր մտածում են հայկական թատերական արվեստի մասին, սակայն գլոբալիստներն ու իրենց սպասարկողներն այլ բան են անում։ Ինչ-որ մեկը վերջերս հնչեցրեց, չէ՞, որ պետք է մնա 3 հատ թատրոն․․․։ Իրենց պետք չեն հայկական մտածողություն, հայոց լեզու, առաքելական հավատ, այդ ամենը խանգարում է նրանց։ Սա է առանցքն այս ամեն ինչի, որի մեջ ենք արդեն 3 տարի»,- նշեց նա ու ընդգծեց, որ ակնկալում էր ավելի շատ թատերական դեմքեր տեսնել թատրոնում, քանի որ հույս ուներ՝ թատերական աշխարհը միասնականություն կդրսեւորի․

«Այն մարդիկ, ովքեր հիմա չկան, իրենց թվում է՝ ամեն ինչ ֆանտաստի՞կ է․ ես իմ կոլեգաներին չեմ հասկանում։ Վաղը ես իրենց կողքն էլ կկանգնեմ, բայց խնդիրն այն է, որ մեկը մյուսի խնդիրներին հաղորդակից լինի ու կարողանա մասնագիտական սոլիդարություն դրսեւորել։ Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը որեւէ բանից տեղյակ չէ կամ անփորձ է, երեւակայություն չունի աշխատելու, մի հավատացեք նման բաների, սա մտածված քայլ է»։ 

Դերասանուհի Լալա Մնացականյանն էլ նշեց, որ գործ ունենք արդեն կայացած, իր խաղացանկն ունեցող թատրոնի հետ՝ ստեղծագործական կազմով եւ հանդիսատեսով․ «Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծեն, եւ ի՞նչ է ստացվելու, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ կայացած օրգանիզմի մե՞ջ՝ կոլապսի մեջ գցելով նրան։ Հետո՝ այստեղ, բեմի վրա նստած, ես ոչ մի կերպ 100 հոգի երաժիշտ՝ իրենց գործիքներով, չտեղավորեցի։ Այսինքն՝ այդ մարդկանց ճակատագրի հետ էլ են խաղալու, եւ ստացվելու է շատ ծիծաղելի մի իրավիճակ՝ մեր այս ողբերգական վիճակում։ Մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք սահմանի հետ կապված, բայց լուծում ենք այս տեսակ խնդիրներ, ինչի հեչ ժամանակը չէր։ Հետո, եթե միավորմանը դեմ է թե՛ կամերային, թե՛ Պարոնյան թատրոնը, ինչպես նաեւ 50/50 տարբերակով դեմ է սիմֆոնիկը, ի՞նչ եք անելու, բռնի ուժո՞վ եք փակելու»։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, ով հիշեց եւս մի նախադեպ, երբ տարիներ առաջ փակվեց «Փոսի թատրոնը»․ «Չգիտեմ ով, ինչու եւ ինչպես փակեց, բայց այդ թատրոնի տեղն այսօր կարծես ռեստորան է գործում կամ նման մի բան։ Այն ժամանակ եւս ոչ ոք ոտքի չկանգնեց եւ ոչինչ չասաց։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ այս շենքում չի լինելու, այստեղ կլինի հերթական մի ռեստորանը։ Դրա համար մենք պետք է լինենք միասնական, մի՞թե մարդկանց թվում է, որ իրենց շրջանցելու է սա։ Վաղը կմիավորեն բոլոր տիկնիկային թատրոնները, հետո՝ դրամատիկական թատրոնները, հետո կմնա 1-3 թատրոն, ինչպես ասաց մեկը, ի դեպ, այդ «մեկը» Հրաչյա Հակոբյանն է՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը, ով ասել է, որ մեզ 5 թատրոնն էլ բավական է, ով եղել է նաեւ Կամերային թատրոնի դերասան»։

Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանն էլ հիշեց, որ գրեթե նույն իրավիճակն էր 15 տարի առաջ, երբ որոշ մարդիկ ցանկացան թատրոնի շենքին տիրանալ, բայց երկար պայքարից հետո նահանջեցին։ Հիմա դարձյալ նույն իրավիճակն է, եւ հույս ունի, որ այս անգամ եւս թատրոնը փակելու մտքից կհրաժարվեն․ «Ի դեպ, Հակոբ Ղազանչյանն արդեն հղել է վարչապետի անունով նամակ, բայց միայն՝ դեռ իր անունից, քանի որ անընդհատ մեզ ասում են, որ սա դեռ նախագիծ է, եւ ոչ մի հստակ բան չկա։ Այդուհանդերձ, օրերս կլինի վարչության նիստ, իսկ այդ նամակը պատրաստ էին ստորագրել բոլոր թատրոնների ղեկավարները, ուղղակի որոշվեց առայժմ սպասել»։