Աղավնոյի դպրոցում վերջին զանգ էր. գյուղը մնում է ամուր կանգնած

Աղավնոյի դպրոցում վերջին զանգ էր. գյուղը մնում է ամուր կանգնած

Այսօր Արցախի դարպասը հանդիսացող ու Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կարևոր հանգույց դարձած Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վերջին զանգի միջոցառում էր։

Դպրոցին հրաժեշտ տվեցին երկու շրջանավարտներ, որոնցից մեկը տեղահանված՝ Մարտունաշեն գյուղից։

Չնայած օրհասական մարտահրավերներին ու դժվարություններին այսօր Աղավնոյի դպրոցում իրական տոն էր։ Դպրոցը նաև հյուրեր ուներ։ Հյուրերի թվում էր նաև Արցախ Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, ով նվերներ հանձնեց շրջանավարտներին։

Միջոցառմանը մասնակցում էր նաև Արցախի ԿԳՍՄ նախարար Անահիտ Հակոբյանը։ 

Հաշվի առնելով գյուղի կարևորությունն ու դրա իրական դերը Արցախի համար՝ մենք նույնպես այցելեցինք Աղավնոյի միջնակարգ դպրոց։

Աղավնոն պատերազմից հետո մնացած միակ հայաբնակ գյուղն է Քաշաթաղի շրջանում։ Գյուղի հետ կապված տարբեր տեղեկատվությունների էինք հանդիպում վերջերս։ Այն ինչ տեսանք գյուղում ապացուցում է հակառակը՝ աղավնոցիները ամուր են կանգնած իրենց հողում ու չեն պատրաստվում լքել այն։ Չնայած գյուղի անորոշ ապագայի մարդիկ շարունակում են բնակվել գյուղում, ապրել բնականոն կյանքով ու շարունակում են գյուղը հայկական պահել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9֊ի տխրահռչակ փաստաթղթով , Աղավնոն, ինչպեսև Բերձոր քաղաքը, պետք է անցնի թշնամուն՝ նոր ճանապարհի կառուցումից հետո։

Իսկ թե ինչ տրամադրություններ էին տիրում դպրոցում կարող եք տեսնել լուսանկարներում։