Բնակիչը ոչ թե ռեկետ է անում, այլ հատուցում է ուզում

Բնակիչը ոչ թե ռեկետ է անում, այլ հատուցում է ուզում

Նախօրեին կառավարությունը քննարկեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը։ Նկատենք, որ, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, քաղաքաշինական փաստաթղթերի, մասնավորապես՝ շինթույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված։ Այդ հիմքով շինաշխատանքներն արգելվում են, մինչեւ դատարանի կողմից վեճի վերջնական քննությունը։

Քննարկման ընթացքում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մեջբերեց վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ մոտավորապես 400-500 մլն դոլարի աշխատանքներ են կասեցված, իսկ քաղաքապետարանի տեղեկանքի համաձայն՝ շինաշխատանքները կանգնեցվել են մոտ 125 հազար քմ տարածքում։

Ի դեպ, խնդրի առնչությամբ օրեր առաջ արտահայտվել էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը․ «Մեր շինարարության խնդիրների 99 տոկոսը բնակիչների ռեկետի հետեւանք է։ Դա սարսափելի է բարոյահոգեբանական տեսակետից։ Կոնդիցիոներ կտաս՝ չեմ բողոքի, տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի․ սրանից մենք պետք է դուրս գանք։ Մեզ հարկավոր է նախագծային փաթեթ՝ հաստատված պետական բարձրագույն փորձաքննությամբ, որպեսզի խնդիրների դեմ պայքարել ստացվի»։ Նա խնդրի լուծում է համարել առավելագույնս գրագետ արված էքսպերտիզան։  

«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն ընդգծում է՝ քանի որ մեր երկիրն օրենքի երկիր չէ, ու մենք էլ օրինապահ չենք, ապա դժվար թե պրոյեկտների շինթույլտվությունները, եզրակացությունները, էքսպերտիզաներն անաչառ արվեն․ «Այդ օրինագիծն ինչով է վատ․ բնակիչները բողոքում են տարբեր հարցերի շուրջ, բողոքը գնում է դատարան, որն էլ կասեցնում է այդ շինարարությունը, մինչեւ դատարանի վճիռը դուրս գա՝ ի օգուտ բնակչի կամ կառուցապատողի։ Ու այդ ժամանակ, եթե նորմերի բացթողումներ ու շեղումներ են եղել, դատարանը կարող է զսպանակի դեր ունենալ։ Հիմա, եթե դա հանեն, ու շինարարությունը շարունակվի, կապ չունի՝ գործը դատարանում է, թե չէ, կստացվի, որ այդ բողոքողների ձայնը տեղ չհասավ։ Այսինքն, շինարարությունը կշարունակվի, կվերջանա, ու եթե անգամ դատարանի վճիռն էլ ասի, որ շեղումներ են եղել, շենքերը հո չե՞ն քանդելու։ Այսինքն, կստացվի՝ հաշտվեք ու ապրեք, իսկ դա անթույլատրելի բան է»։

Չնայած վարչապետն ասաց, որ յուրաքանչյուր շինթույլտվություն, բողոք պետք է առանձին ուսումնասիրվի, Խաչատրյանը չի կարծում, որ դա արդյունավետ կլինի։ «Որովհետեւ արդեն բաներ կան, որ հին ռեժիմից եկել են, շինարարությունն էլ գնում է ու շատ անգամ է կասեցվել, որովհետեւ նորմերի խախտում է եղել։ Հիմա ի՞նչ են անելու՝ շարունակելո՞ւ են։ Այստեղ խոսքը ոչ թե վերջին մեկ տարվա շինարարության մասին է, այլ վերջին տարիներին կուտակված ողջ շինարարական ծավալի։ Կարող է մի դեպքում շինարարությունը սկսել է 10 տարի առաջ, հետո դատական պրոցեսի մեջ է ընկել ու կանգնել։ Այսինքն, այսօրվա շինարարության մասին չէ խոսքը, որ ասես՝ այսօրվանից անաչառ է լինելու եւ վերջ։ Հետո՝ ենթադրենք, 4 հարկ ես արդեն սարքել եմ, ի՞նչ են անելու, քանդելո՞ւ են, հատկապես, որ այսօր կառավարությունն ամեն մի ներդրողի վրա դողում է եւ երբեք քանդման թույլտվություն չի տա»,- ասում է Խաչատրյանը։ Նա նկատում է, որ այս քննարկումներն ընթանում են, որպեսզի պետությունն իրավական ճանապարհով հնարավորություն տա, որ դատական պրոցեսն ընթանալու պարագայում շինարարությունը չկանգնի, բայց դա, ըստ նրա, հակաժողովրդական քայլ է։

«Հյուսիսային պողոտայից սկսած՝ նորմերի մեծ խախտումներ եղան, ու հիմա ժողովուրդը տեսնում է, որ այդ նորմերի խախտումը բերում է շատ վատ կառուցապատման։ Սենյակներն ինսոլյացիա չեն ունենում, մինչդեռ սովետի ժամանակ արեւի ճառագայթները նվազագույնը երկուսուկես ժամ պետք է ընկնեին քո սենյակի մեջ, որ նաեւ մանրէներն ու վիրուսները ոչնչանային։ Իսկ ներկայիս օրենքով, եթե դու ունես մի քանի սենյականոց բնակարան, ապա երեքից՝ մեկ, չորսից՝ երկու սենյակ կարող են ունենալ անբավարար ինսոլյացիա։ Իսկ վարչապետն ասում է՝ ինչո՞ւ են բողոքում, հենց սա է խնդիրը, որ ինսոլյացիոն նորմերը պահպանված չեն, հակահրդեհային նորմն էլ, նախկին 30 մետրի փոխարեն, հիմա միայն 6 մետրն է պահվում, դրա համար է ժողովուրդը բողոքում, ոչ թե Արթուր Մեսչյանի բնորոշմամբ՝ բնակիչը ռեկետ է անում։ Բնակիչն ուղղակի հատուցում է ուզում․ եթե իմ լույսը փակում ես, պետք է ինձ հատուցես՝ կա՛մ պետությունն է հատուցում, կա՛մ ներդրողը։ Այդ հատուցումը պետք է օրենքով սահմանվի, եթե մի բան ի վնաս ինձ է արվում, դրա դիմաց պետք է հատուցես, եւ ոչ մի դեպքում դա ռեկետ չէ»,- ասում է Մ․ Խաչատրյանն ու հավելում, որ դրսում պրակտիկան նույնն է՝ քաղաքացիների բողոքների հիման վրա կարող են մեծ շինարարություններ կասեցվել․ «Ուղղակի դրսում իրենց նորմերը հստակ են, իսկ մեզ մոտ մանեւրելու եւ մանիպուլացնելու դաշտը շատ է»։      

Նույն տրամաբանությամբ՝ որքանո՞վ օբյեկտիվ ու անշահախնդիր կարող են լինել նաեւ բնակիչների բողոքները․ «Եթե դա վնասում է քաղաքացու առողջությանը, կենսակերպին, ապա բոլոր այդ բողոքներն օբյեկտիվ են, եւ նորմերը պետք է վերանայվեն, իսկ եթե կառուցապատողը հատուցում է, ենթադրենք, քաղաքացու ավտոտնակի համար, եւ բնակիչը շարունակում է բողոքել, ապա, իհարկե, դա կարող է լինել ոչ օբյեկտիվ, եւ ես չեմ ասում, որ բնակիչները միշտ ճիշտ են, բայց այն, որ տեսնում եմ, թե քաղաքում ինչ է կատարվում՝ փակում են լուսավորությունը, տեսարանը եւ այդպես շարունակ։ Պետք է վերանայել նորմերը, իսկ այն, որ Մեսչյանն ասում է՝ պետությունը, էքսպերտիզան երաշխավորում են, որ ամեն ինչ նորմալ է, դա ինձ վստահություն եւ հավատ չի ներշնչում»։