Տրանսպորտը շուտվանից պիտի թանկանար․ Գորիսի երթուղին սպասարկող ընկերության տնօրեն

Տրանսպորտը շուտվանից պիտի թանկանար․ Գորիսի երթուղին սպասարկող ընկերության տնօրեն

Մի քանի օր է՝ Գորիսում հասարակական տրանսպորտը թանկացել է 50 դրամով։ Նախկին 50 դրամի փոխարեն քաղաքացիներն արդեն վճարում են 100 դրամ։ Գորիսեցիներն ահազանգում են՝ ընդհանուր թանկացման ֆոնին տրանսպորտի թանկացումը կրկնակի հարված է։ Գորիսի քաղաքապետարանից էլ վստահեցնում են, որ այլևս ոչ մի ընկերություն չի համաձայնում սպասարկում իրականացնել 50 դրամով, քանի որ դիզվառելիքը եռակի թանկացել է։

Գորիսի թիվ 1, թիվ 2 և Գորիս-Քարահունջ երթուղիները սպասարկող «Լաստ» ՍՊԸ գործադիր տնօրեն Սմբատ Արզումանյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Տրանսպորտը շուտվանից պիտի թանկանար, էդ թանկացումը պայմանավորված է դիզվառելիքի, մի շարք ավտոպահեստամասերի գների բարձրացման, սպասարկման ծախսերի հետ։

Նախկինում վնասով, մի կերպ աշխատում էինք, որևէ կառույցից սուբսիդավորում, ոչինչ չկա, իսկ բնակիչներին համոզելու բան չկա, իրենք չեն դժգոհում, հասկանում են ։Երբ շահել էինք տենդերը, վառելիքի գինը 270 դրամ էր, հիմա  640 դրամ է։ Էլ հնարավոր չէ  էդ գումարով աշխատելը»։ Իսկ ահա Գորիսի «ԱՏԿ» թաղամասի բնակիչները 100 դրամով երթևեկելուն էլ դեմ չեն ՝ միայն թե թաղամասին նորմալ  տրանսպորտ տրամադրվի․ երկար տարիներ է, ինչ այդ թաղամասում  երթուղին կանոնավոր չի գործում։ Վերջին անգամ քաղաքապետ Առուշ Առուշանյանի հանձնարարականով քաղաքապետարանն էր սուբսիդավորել տրանսպորտային ընկերությանը՝ թաղամասում երթուղու բնականոն աշխատանքն ապահովելու համար։

Գորիսեցիների մյուս մտահոգությունը քաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերն են։ Թանկացմանը զուգահեռ, պահանջում են, որպեսզի քաղաքային տրանսպորտը գործի գոնե մինչև երեկո՝ ժամը 20։00-ն։

Նշենք նաև, որ վերջին տարիներին Գորիսը միակ քաղաքն էր, որտեղ տրանսպորտի ուղեվարձը 50 դրամ էր։