Արգենտինան 28 տարի անց դարձավ Ամերիկայի գավաթակիր

Արգենտինան 28 տարի անց դարձավ Ամերիկայի գավաթակիր

Արգենտինան 1993 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը (Copa América)։

Բրազիլիայի Ռիու դե Ժանեյրու քաղաքի «Մարականա» խաղադաշտում կայացած եզրափակչում Արգենտինայի ֆուտբոլի ընտրանին 1-0 հաշվով հաղթանակ տարավ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձավ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի աջ եզրային հարձակվող Անխել Դի Մարիան, ով 22-րդ րոպեին խաղադաշտի աջ եզրից հանկարծակի հայտնվեց բրազիլացի 3 ֆուտբոլիստների առջևում, գնդակը դարպասապահ Էդերսոնի գլխավերևով ուղարկեց Բրազիլիայի հավաքական դարպասը։ Գոլային փոխանցումը արգենտինական կիսադաշտից կատարել էր կենտրոնական կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը (իտալական «Ուդինեզե»)։

Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց միակ գնդակի հեղինակը, ով բավականին ակտիվ էր ամբողջ խաղի ընթացքում։

2008 թվականի օգոստոսի 23-ին Պեկինի «Աշխատավորների» մարզադաշտում Դի Մարիան (պորտուգալական «Բենֆիկա», 2007-10) դարձել էր միակ գոլի հեղինակը, որի շնորհիվ Արգենտինան հաղթանակ էր տարել Նիգերիայի նկատմամբ՝ նվաճելով Օլիմպիական ոսկե մեդալը։

Ամերիկայի չեմպիոն Արգենտինան դարձել է 1921, 1925, 1927, 1929, 1937, 1941, 1945, 1946, 1947, 1955, 1957, 1959, 1991, 1993 թվականներին և 15-րդ անգամ արդեն 2021-ին։