«Զատկի հրադադարը» կեղծ էր

«Զատկի հրադադարը» կեղծ էր

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:

- Ապրիլի 19-ին Պուտինը Զատկի առթիվ հրադադար հայտարարեց, որը ֆորմալ առումով սահմանվեց մինչեւ ապրիլի 21-ի կեսգիշերը: Մոսկվան եւ Կիեւը, սակայն, մի քանի ժամ հետո մեղադրեցին միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Կարծիք կա, որ ՌԴ նախագահն այդ ժեստով նպատակ ուներ դրական տպավորություն գործել Թրամփի վրա, որը մեկ շաբաթ է տվել կողմերին՝ համաձայնության շուրջ իր առաջարկին պատասխանելու համար:

- Պուտինի հայտարարած կեղծ հրադադարը, ըստ ամենայնի, չէր կարող արդյունավետ լինել՝ ստուգման, վերահսկման ընթացակարգի բացակայության պատճառով։ Իսկ 30 ժամ տեւողությունը՝ հաշվի առնելով առաջնագծի երկարությունը, չափազանց քիչ է։ Վստահ եմ, որ Պուտինն օգտագործել է Կրեմլի կողմից Թրամփի ռեֆլեքսիվ կառավարումը՝ երկխոսության իր պատրաստակամությունը ցույց տալու համար։ Կրեմլին անհրաժեշտ է շարունակաբար Վաշինգտոնին պահել իր տեսադաշտում՝ պատժամիջոցներից եւ տնտեսական ճնշումներից խուսափելու համար:

- Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրադադարի նոր ֆորմատ է առաջարկել Պուտինին. 30 օրով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռային հարվածներից՝ հրադադարի երկարաձգման հնարավորությամբ։ Ըստ նրա՝ դա ցույց կտա Կրեմլի ղեկավարի՝ պատերազմը կանգնեցնելու անկեղծ մտադրության մասին:

- Վլադիմիր Զելենսկու գաղափարն իմաստ ունի, բայց ես չեմ ակնկալում, որ այն կյանքի կկոչվի մի շարք պատճառներով։ Նախ՝ ավարտվեց, այսպես կոչված, Զատիկի հրադադարը։ Երկրորդ․ ծառերը տերեւապատվեցին՝ ստեղծելով ավելի շատ մարտավարական հնա­րավորություններ։ Երրորդ եւ ամենակարեւորը․ Պուտինը չի թաքցնում Ուկրաինան որպես ան­կախ պետություն կործանելու իր ցանկությունը։

- Թրամփի վարչակազմում օրեցօր ավելի հաճախ են հնչում հայտարարություններն այն մասին, որ, որպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հնարավոր համաձայնագրի մաս, ուկրաինական կողմը պետք է ճանաչի Ղրիմի անեքսիան, ինչպես նաեւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Փաստորեն, սա կապիտուլյացիայի վերջնագի՞ր է:

- Ոչ, սա ԱՄՆ-ի տեսլականն է՝ իրավիճակի վերաբերյալ: Վստահ եմ, որ ոչ մի ուկրաինացի քաղաքական գործիչ չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների պատկանելությունը Մոսկվային, քանի որ նրա համար դա քաղաքական մահ կլիներ։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ Ուկրաինայի ձգտումներին աջակցելուց հրաժարվելը մեկուսացման գլոբալ մոտեցումներից ԱՄՆ-ի անցման մի մասն է, որը թանկ կարժենա Միացյալ Նահանգներին: Բայց դա ամերիկացի ընտրողների ընտրությունն է։

- Բացի այդ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, Վաշինգտոնն առաջարկել է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջակայքը դարձնել ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող չեզոք գոտի՝ որպես Ուկրաինայում խաղաղ կարգավորման մի մաս: Հազվագյուտ հողային ռեսուրսների գործարքից հետո արդյո՞ք չի մեծացել Թրամփի ախորժակը:

- Թրամփին անհրաժեշտ է գոնե ինչ-որ հաղթանակ` նախագահ լինելու առաջին 100 օրվա ընթացքում, նույնիսկ եթե դա խորհրդանշական է: Ցավոք, Վաշինգտոնում մեր երկիրը ընկալում են որպես «թույլ օղակ», որի վրա կարելի է ճնշում գործադրել։ Կարճ ժամանակահատվածում անհնար է շրջել այս իրավիճակը. Ուկրաինան պետք է ժամանակ շահի: Այո՛, ԶԱԷԿ-ն ամենամեծն է Եվրոպայում, եւ այն վերահսկելու ԱՄՆ ցանկությունը հիշեցնում է աշխարհաքաղաքական արշավանք։ Թրամփի թիմը շտապում է վարձատրություն ստանալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության մինչ այժմ ձախողված կարգավորման հարցում միջնորդության համար:

- Զուգահեռաբար, ընթանում են ուկրաինա-ամերիկյան եւ ռուս-ամերիկյան բանակցությունները. տարածքային հարցերը, կարծես, դարձյալ գերակա են: Ի՞նչ է կոնկրետ պահանջում ԱՄՆ-ն Կիեւից եւ Մոսկվայից, եւ որքանո՞վ է դա ողջամիտ:

- ԱՄՆ-ն Մոսկվայից ոչինչ չի պահանջում, մինչդեռ Կիեւից զիջումներ է պահանջում: Նրանք պարզապես գործում են միջազգային հարաբերությունների սովորական պարադիգմայով, երբ փորձում են վերջ տալ պատերազմին՝ ավելի թույլ կողմի հաշվին։ Թրամփի քաղաքականությունը թույլ է տալիս Պուտինին խուսափել պատերազմ հրահրելու պատասխանատվությունից եւ ուղղորդել նրան Եվրամիության դեմ։ Սա վտանգավոր խաղ է։