Իշխանական պրոպագանդան ցայտնոտի մեջ է

Իշխանական պրոպագանդան ցայտնոտի մեջ է

Hraparak.am-ը նախօրեին գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննիչներին «դուխ» տալու համար, քանի որ իրավապահ կառույցում ապատիկ տրամադրություններ են և քննիչները լուրջ մտահոգություն ունեն, որ քաղաքական հրահանգներ կատարելու արդյունքում վերջում իրենք են օրենքի առաջ պատասխան տալու: 
Փաշինյանի այցը վերաբերել է հիմնականում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործի կապակցությամբ ստեղծված իրավիճակին ու քննիչների մտահոգություններին:

Մեր հրապարակումից շուրջ 1 ժամ անց, իշխանական քարոզչամիջոց 1in.am-ը, ապա «Ժամանակ» թերթը տեղեկություն տարածեցին, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ է գնացել մարտի 1-ի գործի շրջանակներում: Իսկ այս լուրը շատ արագ  շրջանառության մեջ դրվեց այն պատճառով, որ ՀՀ վարչապետն իրավունք չունի մասնավոր այց կատարել նախաքննական մարմին:

Իսկ ավելի ուշ, իր մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետը «Հանրային հեռուստաընկերության» հարցին ի պատասխան՝ ՀՔԾ իր այցի պատճառի միանգամայն այլ տարբերակ շրջանառության մեջ դրեց՝ ասելով, թե հարցաքննվել է 2010 թվականին իր վրա խցում տեղի ունեցած հարձակման գործով մի քաղաքացու տված հաղորդման կապակցությամբ:

Այս իրարմերժ ու հապճեպ «արձագանքները» վկայում են, որ իշխանական պրոպագանդան ցայտնոտի մեջ է: Իսկ Փաշինյանի՝ ՀՔԾ այցի պատճառն իսկապես քննիչներին «դուխ» տալն է եղել: Անհասկանալի է, թե ՀՔԾ-ում հիմա ինչպես պետք է «ձևակերպեն» Փաշինյանի այցը, որպեսզի հետագայում հնարավոր չլինի քննությամբ պարզել, որ իրականում ոչ մի քննչական գործողություն էլ չի եղել: