Ինչո՞ւ են Շշի Մելոյի «Ռենջը» փորձել անհետացնել դեպքի վայրից. Աղմկահարույց միջադեպի նոր մանրամասները

Ինչո՞ւ են Շշի Մելոյի «Ռենջը» փորձել անհետացնել դեպքի վայրից. Աղմկահարույց միջադեպի նոր մանրամասները

 ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբոր գործով տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում։ Շշի Մելոյի եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին օգոստոսի 6-ին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ /քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով/: Նա մեղադրվում է իրեն բերման ենթարկող 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու համար: Առայժմ նա ազատության մեջ է, բայց վաղը քննչական կոմիտեն կհրապարակի որոշումը: Չի բացառվում, որ Ռոբերտ Մանուկյանը կալանավորվի: 
Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ Կոտայքի դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա նկատմամբ այդ նույն իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների գործողությունները, իսկ երեկ ստացվել է Ռոբերտ Մանուկյանի ստացած վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունը, որով հաստատվել է բռնությունների փաստը: Այդ մասին «Հրապարակին» հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը: 
Ռոբերտ Մանուկյանը, ինչպես հայտնի է, օգոստոսի 3-ին ձերբակալվել էր արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով /ՀՀ ՔՕ-ի 38-332-րդ հոդված/։ 
Օոգոստոսի 2-ին Սեւանի մայրուղու վրա Շշի Մելոյի ապակյա տարայի գործարանից ոչ հեռու փորձ է արվել պայթեցնել նախկին պատգամավորի երկու մեքենաները։ Ռումբը տեղադրված է եղել կամրջի տակ: Հանցագործներին ինչ-ինչ պատճառով չի հաջողվել իրականացնել ծրագրված մահափորձը: Բայց իրավապահների եւ հանրության ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է Շշի Մելոյի եղբոր վրա: Հաղորդվեց, որ նա Շշի Մելոյի թիկնապահին՝ Մարկոսյանին, հրահանգել է վնասված մեքենաներից մեկը հեռացնել  դեպքի վայրից առանց տեղում աշխատող իրավապահների թույլտվությունը ստանալու, իսկ հետո էլ չի ենթարկվել ոստիկաններին, որոնք եկել էին տուն նրան բերման ենթարկելու նպատակով: 
Ոստիկանները, ըստ Մանուկյանի փաստաբանի, նրան տանից բռնի ուժով տեղափոխել են բաժին եւ ծեծի ու բռնությունների են ենթարկել։ Մանուկյանի մարմնի եւ գլխի վրա փաստաբանը վնասվածքներ է հայտնաբերել: Կազմվել է արձանագրություն: Փաստաբանը ոստիկանների դեմ հաղորդում  է ներկայացրել ՀՔԾ: 

Ոստիկանությունը հերքել է ծեծի հանգամանքը, նշելով, որ Մանուկյանի նկատմամբ ուժ է կիրառվել բացառապես մեքենա նստեցնելիս եւ Կոտայքի բաժնի ճանապարհին։ Մանուկյանի փաստաբանը դիմել էր նաև դատարան, բողոքարկելով իր պաշտպանյալի ձերբակալությունը:  
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ, քանի որ անգամ Ռոբերտ Մանուկյանին բերման ենթարկելու որոշում, կամ ծանուցագիր գործում չի եղել, չի ապացուցվել, որ նա դիմադրել է ոստիկաններին, կամ փորձել է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ 
Փաստորեն դատարանը հաստատված է համարել, քննիչն էլ հայտարարել է, որ ինքը բերման ենթարկելու որոշում չի կայացրել, ծանուցագիր չի ուղարկել, իսկ Մելիք Մանուկյանի եղբայրն էլ ասել է, որ ծանուցագիր չկա՝ չեմ գա։ Դատարանը սա հիմք ընդունելով է արձանագրել, որ ոչ իրավաչափ է եղել ձերբակալությունը։
Ու հանկարծ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրում օրինական պահանջներին չենթարկվելու, ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար։ Այսինքն՝ երբ ոստիկանի խելքին փչի մեզանից մեկին տանի ոստիկանություն՝ առանց ծանուցագրի կամ որեւէ թղթի, պետք է գնանք, թե չէ մեզ կմեղադրեն դիմադրություն ցույց տալու մեջ: 
«316 հոդվածով մեղադրանքն առաջադրում են այն պայմաններում, երբ Ռոբերտ Մանուկյանը ամսի 3-ին ցուցմունք է տալիս, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Դուրս է գալիս, որ ոչ թե Ռոբերտին են բռնության ենթարկել, այլ Ռոբերտն է բռնության ենթարկել, իսկ դատաբժշկական եզրակացությամբ էլ բռնության փաստը Ռոբերտի մասով հիմնավորված է», - մեկնաբանում է իր պաշտպանյալի հետ կատարվածը Հովսեփ Սարգսյանը:  
Այսօր նրա պաշտպանյալին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, բացատրություն են վերցրել նրանից: «Ռոբերտ Մանուկյանը հստակ ձևակերպել է և անհատական նշել է, թե ովքեր են իր նկատմամբ բռնություն կիրառել: Նա ասում է, որ ոստիկանության բաժնում է բռնության ենթարկվել մի 10 հոգու կողմից և նրանցից մի քանի հոգու անունները նա տվել է: Դրանք եղել են պաշտոնական անձինք, որոնք իրեն ասել են՝ դու մեզ էիր ասում, դե հիմա գնա… ու սպառնալիքներ են տվել ընտանիքի հասցեին, և այլն», - պատմում է փաստաբանը: 
Ամենահետաքրքիրը թերևս այս պատմության մեջ, թերև  Շշի Մելոյի Range Rover-ի հարցն է, որը նրա թիկնապահը հեռացրել է դեպքի վայրից, ապա մի քանի րոպե հետո հետ է բերել: Ինչո՞ւ է Range-ը հեռացվել: Եթե այնտեղ կային արգելված իրեր, որոնք չպետք է ընկնեին ոստիկանության աչքը, ապա դրանք կարելի էր անհետացնել մինչև իրավապահների գալը: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Մանուկյանը հրահանգել է մեքենան հեռացնել դեպքի վայրից, ոչ թե վախենալով, որ ոստիկաններն այդ մեքենայի մեջ ինչ-որ արգելված բան կհայտնաբերեն, այլ սեփական տխուր փորձից ելնելով:
 Հունվարի 29-ին Շշի Մելոյին պատկանող  «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված «ռազբորկայի» գործով պատգամավորին և նրա հարազատներին պատկանող մեքենաները մի քանի ամսով տարել են ոստիկանության Կոտայքի բաժին: Դրանք մնացել են անձրևի, ձյան տակ, փչացել են, շարքից դուրս են եկել, և օգոստոսի 2-ի դեպքից հետո արդեն վախենալով, որ նույնը կկատարվի Range Rover-ի հետ, Ռոբերտ Մանուկյանը փորձել է այն հեռացնել դեպքի վայրից: