Բաց նամակ երկրի իշխանություններին եւ ՀՀ քաղաքացիներին
Իմ ամբողջ կյանքում աշխատել եմ օր ու գիշեր։ Զրոյից հասել ամեն ինչի՝ տուն-տեղ դրել, բիզնես՝ քաղաքի կենտրոնում ծաղկող։ 2008 թվականից սկսվեցին ձախորդություններս, հերթով կորցրի ամեն ինչ՝ բիզնեսը, խանութը, ընդհուպ մինչեւ տունը, որտեղ ապրում էր բազմանդամ ընտանիքս։ Ամեն ինչ վաճառեցինք՝ հարկերն ու պարտքերը տվեցինք․ ես օրենք սիրող մարդ եմ, չէի կարող օրենքը շրջանցել։ Գրանցվեցինք ծանոթների տանը։ Հիմա ո՛չ տուն ունենք, ո՛չ հիմնական գրանցում, ո՛չ կայուն եկամուտ։ Դրանից հետո արդեն 15 տարի ապրում ենք վարձով եւ օրվա հացն անգամ դժվար ենք հայթայթում։ Նոր տարի, ծնունդ, կնունք նշել վաղուց չկա այլեւս, չենք էլ հիշում, թե դրանք ինչ ճոխություններ էին, որ մնացին նախորդ կյանքում։
Հաջողությունը երես է թեքել ինձնից ու իմ ընտանիքից։ Իսկ երբ վարձով բնակարանի տերը մի քանի ամիս առաջ եկավ ու ասաց, որ վարձը 50 հազարով թանկացնում է, անհնարին դարձան վարձ վճարելն ու գոյություն պահելը։
Բարձրագույնավարտ 4 մարդ կա ընտանիքումս, բայց ստացածներս չի բավարարում, որ տան վարձ տանք ու չոր հացի փող ունենանք։ 13 տարի շարունակ կենսաթոշակս չեմ ստացել․ պետությունից չէի ուզում մի դրամ անգամ վերցնել՝ անհարմար էի զգում, ասում էի՝ պետությունը հազար ու մի կարիք ու կարիքավորներ ունի, ես եկամուտ ունեմ, ամոթ չէ՞, որ գնամ՝ մի խեղճուկրակի համար այդքան անհրաժեշտ այդ գումարները ստանամ։ Հիմա այդ թոշակով ենք ապրում։
Ոչ մի պետական ծրագրից եւ օգնությունից չենք օգտվում, ոչ մի տեղից նպաստ կամ լրացուցիչ գումար չենք ստանում։ Հիմա հպարտությունս մի կողմ դնելով՝ ուզում եմ խնդրել բարի մարդկանց՝ օգնեք, որ գոնե մի քանի ամսվա տան վարձը կարողանամ վճարել, որ ընտանիքս փողոցում չհայտնվի։
Ամաչում եմ, որ այսօր այս տողերն եմ գրում, որ հասել եմ այս ծայրահեղ ծանր վիճակին ու գումար եմ մուրում մեր իշխանություններից ու ժողովրդից։ Եթե երեխաներիս ցավ պատճառելու վախը չլիներ, չխղճայի նրանց, վաղուց կդիմեի ուրիշ քայլի․․․ այսպես ապրելն ո՞ւմ է պետք։
Հարգանքով՝ Ն․ Ա․, 055727574
Կարծիքներ