Բեսպրեդելի հաղթանակ

Բեսպրեդելի հաղթանակ

Սակայն ի՞նչ տարբերություն` ընտրողի քվեն կխլես ընտրությա՞ն օրը, թե՞ ընտրությունից հետո: Առաջ Հանրապետական իշխանությունը` իր ձայն բերողների «կուռ» համակարգով, նախապես էր աշխատում ընտրողների վրա: Կաշառում էր, վախեցնում էր, ցուցակներ կազմում, անձնագրեր հավաքում, պլան դնում թաղային հեղինակությունների եւ ընտրական «տասովշչիկների» վրա: Ու արդյունքում ստանում էր ձայների այն քանակը, որն իրեն անհրաժեշտ էր: Մարդիկ էլ բողոքելով, հայհոյելով, ՀՀԿ-ին ատելով` գնում էին ու ՀՀԿ-ին էին ընտրում: Այդ ընթացքում իրենց ներսում կաթիլ առ կաթիլ կուտակելով այն դժգոհությունը, որը պետք է ժայթքեր 2018-ին:

Հիմա իշխանությունը, ճիշտ է` գործադրում է վարչական լծակներ, բայց փող չի բաժանում, ուստի մարդիկ իրենց ընտրությունը կատարում են հիմնականում ազատորեն: Փոխարենը` ընտրությունների հաջորդ օրվանից սկսվում են տեռորն ու ահաբեկչական քայլերն ընտրված թեկնածուների եւ կուսակցությունների նկատմամբ` ընտրությունների արդյունքում ձեւավորված պատկերն իրենց հայեցողությամբ վերաձեւելու եւ իշխանությունը խլելու համար: Ընդ որում, սրանք ոչնչից չեն խորշում. իրենց պաշտոնյաներն ամեն օր քրեորեն պատժելի արարքներ են կատարում ու չեն պատժվում, իսկ քաղաքական հակառակորդները` մանր զանցանքների ու չապացուցված հանցանքների համար, արագորեն հայտնվում են բանտերում եւ առանց դատավճիռների պատժվում:

ՏԻՄ ընտրությունների արդյունքում տեղի ունեցող պրոցեսները ծաղր են ընտրությունների գաղափարի նկատմամբ եւ հակասում են իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին, թե իշխանությունը վերադարձրել ենք ժողովրդին: Այն, ինչ այս օրերին կատարվում է Թալինում, Վեդիում, Նոյեմբերյանում, Փարաքարում, Վանաձորում անպատկերացնելի բան է` բեսպրեդելի հաղթանակ: