Քրեական տեռոր քաղաքապետերի դեմ

Քրեական տեռոր քաղաքապետերի դեմ

Համայնքապետերի դեմ արշավն անցած տարեվերջից նոր թափ է հավաքել: Եթե նախկինում իշխանությունը համայնքներում մի խումբ «բողոքավորների» էր հանում անցանկալի համայնքապետերի դեմ եւ ակցիաներով հասնում նրանց հրաժարականին, ապա վերջերս այլ մեթոդներով են աշխատում, հիմնականում՝ քրեաիրավական: Մենք արդեն գրել ենք, որ խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ տարածքային կառավարման նախարար Պապիկյանն է «բանակցում»․ սկզբում «լավով» հասկացնում է, որ նպատակահարմար չեն գտնում իր հետ աշխատել՝ լավ կլինի կամովին թողնի հեռանա։ Ապա նրանց եւ ավելի փոքր քաղաքների համայնքապետերի հետ «աշխատում» են մարզպետները: Ովքեր դիմադրում են, հայտնվում են քրեական պատմությունների մեջ:

Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցվեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դեմ՝ պաշտոնը չարաշահելու, 75 միլիոն դրամի վնաս համայնքին հասցնելու փաստով: Իջեւանի նախկին քաղաքապետը նույն կերպ հեռացավ:  Հերթում գրեթե բոլորն են, առանց բացառության բոլոր խոշոր քաղաքների ղեկավարների դեմ իրենց գործունեության հետ կապված դոսյեներ են  հավաքագրվում Պետական վերահսկողական ծառայության կողմից։ Մի մասում ստուգումներն ավարտվել են, նյութերն էլ ուղարկվել դատախազություն։ Ենթադրյալ չարաշահումների, յուրացումների եւ ապօրինի գործարքների վերաբերյալ որոշ դեպքերում մարզպետներն են անձամբ գործ տվել իրավապահներին։ Իսկ ովքեր էլ մինչ այս պահը «պլստացել» են, ապա միայն այն պատճառով, որ այդպես է պետք իշխանությանը․ նրանց դեռեւս հարմար փոխարինողներ չեն գտել, կամ այլ պատճառներ կան, ինչպես, օրինակ, Վանաձորի դեպքում է, որտեղ Մամիկոն Ասլանյանին պահում են, քանի որ նրա հրաժարականի դեպքում քաղաքի ղեկավարումը կանցնի Վանաձորի «Լուսավոր Հայաստանին»՝ Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ։

Նկատենք, որ համայնքապետերին փոխելու գործընթացը պայմանավորված է ընտրությունների գործոնով՝ այսօրվանից գործող իշխանությունը պատրաստվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ սեփական կադրերին կարգելով համայնքապետեր, որոնք հիմնականում ձայն բերող են աշխատում նախընտրական փուլում։
Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի ԲՀԿ-ական ղեկավար Դավիթ Հարությունյանն իշխանության սեւ ցուցակում է հայտնվել դեռ անցած տարվա աշնանը, երբ Ամուլսարի հարցով մարզ այցելած վարչապետը քայլեց Եղեգնաձորի փողոցներով ու հայտարարեց, որ փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված` «հին ու բարի» ժամանակների նման: ԲՀԿ-ական ղեկավարի համար սկսվեցին «սեւ օրեր», նախ ստուգումներ սկսվեցին այդ մասով, ապա ավելի լայն՝ արդյունքում պարզվել է, որ քաղաքապետը չի ստորագրել շինաշխատանքների վերջնական ակտը, քանի որ համաձայն չի եղել կատարված աշխատանքների որակին, փոխարենը ՊՎԾ-ն դեկտեմբերի 24-ին ավելի քան 200 միլիոն դրամի չափով խախտումների, թերացումների մասին նյութեր է դատախազություն ներկայացրել։

Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի եւ տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված կամ պակաս գանձված հարկեր եւ տուրքեր։ Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով: 2016-2017թթ. համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնություն՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը եւ այլն։ «Ասում են չարաշահում, բայց ի՞նչ իմանանք՝ չարաշահո՞ւմ է, յուրացո՞ւմ, թե՞ ընդհանրապես ոչ մի բան»,- երեկ ասաց քաղաքապետ Հարությունյանը, երբ հետաքրքրվեցինք նյութերի ընթացքից։ Ասաց նաեւ, որ առարկություններ են ուղարկել դատախազություն․ «Մենք առարկությունների մի ամբողջ ցուցակ ենք ներկայացրել, ասենք՝ անցած տարի 5 ծրագիր ենք ներկայացրել, իրենք գտել են, որ մենք աննպատակ ենք իրականացրել, բայց ո՛չ գումար են տվել, ոչ մի բան, ո՞նց կարա աննպատակ լինի։ Չեմ ուզում շատ մանրանալ, մի քիչ սպասեք, ամեն ինչ պարզ կդառնա։ Օրինակ, 10 միլիոնն էլ գովազդի հետ կապված է եղել, մենք փողոց ունենք՝ Երեւանյան խճուղի, մի մասը չի իմացել, որ էդտեղ պիտի մուծի, մի մասը... մի խոսքով»։ ԲՀԿ-ական քաղաքապետը չի ուզում մտածել, որ այսկերպ մահակ են բանեցնում իր դեմ, որ հրաժարական ներկայացնի։ «Գիտեք, թերություններ կարող են լինել, եթե աշխատում ես, ո՞վ թերություն չի անում, բայց ես չեմ ուզում մտածել, որ նման բանի համար են այս ամենն անում»։

Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը, չնայած ՊՎԾ կայքի հաղորդագրությանը, թե իր ղեկավարած համայնքում 80 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել, երեկ «սուխոյ ատկազ» կանգնեց քաղաքապետարանում՝ թե՛ ստուգումների, թե՛ հայտնաբերված խախտումների մասին. «Չկա նման բան, ո՛չ ստուգել են, ո՛չ խախտում հայտնաբերել, ես նորմալ աշխատում եմ բոլորի հետ»։
Տեղեկացանք, որ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետի դեմ էլ է քրեական գործ հարուցվել տարեվերջին, անգամ ասացին՝ անձամբ մարզպետն է դիմել դատախազություն՝ քաղաքապետի դեմ։ Միքայել Ղարաքեշիշյանին մեղադրում են 89 մլն դրամից ավելի արժեցող իրեր յուրացնելու մեջ, որոնք պետք է որպես օգնություն տրամադրվեին համայնքի անապահով ընտանիքներին։ Մարզում խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի գործավար, ներկայումս «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին են ուզում Ստեփանավանի քաղաքապետ կարգել։

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն էլ նախանձելի վիճակում չէ, մեզ պատմեցին, որ նրա դեմ սարքվող գործի թելերն ուզում են տանել ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի կողմը, ով մեծ ավանդ է ունեցել Խեչումյանի քաղաքապետ դառնալու հարցում, բայց հեղափոխությունից հետո քաղաքապետն «ուրացել» է իր երբեմի հովանավորին եւ փորձում էր իր տեղը գտնել նոր արեւի տակ։ «Ես չգիտեմ՝ իմ դեմ ով ինչ է անում, կամ՝ կա՞ արդյոք իմ նկատմամբ քրեական գործ, չարաշահումներ, թե՞ ոչ»,- ասաց քաղաքապետ Խեչումյանը։ Բացառո՞ւմ եք, որ կլինի առաջիկայում։ «Ես, նախ պետք է հնարավոր համարեմ՝ չարաշահում արե՞լ եմ, թե՞ ոչ, որ հետո ասեմ՝ հնարավոր համարո՞ւմ եմ, թե՞ ոչ»։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վաղաժամ դադարեցնի իր լիազորությունները։ «Հարգելիս, ես միայն իմ աշխատանքով եմ զբաղված, մտածում եմ, ոնց անեմ, որ քաղաքն ավելի բարեկեցիկ դառնա։ Ո՞նց կլինի՝ մարդն աշխատի, բայց ուրիշ բաների մասին մտածի, ես մենակ մտածում եմ՝ ոնց անեմ, որ լավ լինի»։ Իսկ գործող իշխանությունները գնահատո՞ւմ են իր աշխատանքը, թե՞ հնարավոր է իր գործունեության նպատակահարմարության հարցը քննարկվի։ «Դա իրենցից խնդրում եմ հարցրեք»։ Քաղաքապետը չպատասխանեց՝ իր հետ մարզպետը կամ իշխանությունից որեւէ մեկը նման թեմայով խոսե՞լ է, թե՞ ոչ։ Սակայն չպատասխանելը պատասխանելուն համազոր է։ Նույն սցենարով Տաշիրի քաղաքապետի դեմ է պրոցես հասունանում։ Նշենք, որ Ապարանը նույնպես իշխանության խոշորացույցի տակ է, այստեղ էլ շուրջ 340 միլիոն դրամի խախտումներ են հայտնաբերել։
Իշխանությունը ՏԻՄ-երը «նվաճելու» պրոցեսի մեջ է։