Փաշինյանը նորից սպառնաց պառկեցնել ասֆալտին ու պատերով տալ

Փաշինյանը նորից սպառնաց պառկեցնել ասֆալտին ու պատերով տալ

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին դատավորների՝ սոցփաթեթներից օգտվելու մասին նախագծի շրջանակներում ծավալվեց իր ելույթում, խորացավ այնքան, որ եկավ հասավ նորից հեղափոխությանը, հեղափոխության արժեքներին, հիշեց հոկտեմբերյան հեղափոխությունը՝ նշելով, որ ապրիլյան իրադարձությունները նման չեն այդ հեղափոխությանն ու նորից հիշեցրեց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին իր հայտնի սպառնալիք-թեզերը։

Ըստ նրա՝ անկախ նրանից, թե այսօրվա պետական ծառայողներից որ մասն է կողմնակից եղել հեղափոխութանը, որ մասն է հակառակորդ եղել, բայց այսօր ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության շրջանակներում։

«Սա հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի, երբ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողների կողմից կամ, պայմանական ասած, բաժանում են սպիտակների և կարմիրների, մեր դեպքում՝ սևերի և սպիտակների, և ըստ այդմ են գործում։ Ուզում եմ ասել, րոր սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգ որդեգրելու շանս ունենա»,-պատմական ակնարկ կատարեց Փաշինյանը՝ դրա տակ իր ակնարկներն ու ենթատեքստերը դնելով։

Նրա խոսքով՝ բոլորն ունեն շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու, այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու։ «Համենայնդեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով, լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, թե լինի դա պատերին տալով, թե լինի դա որևէ այլ օրինական միջոցներով։ Ես ուզում եմ, որ սա մենք՝ բոլորս, հստակ արձանագրենք»,-սպառնաց վարչապետը՝ զարմանալիորեն պատերին տալու և ասֆալտին պառկացնելու մեթոդները համարելով օրինական։