Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել

Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

- «Իմ քայլը» մտադիր է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով` առանց վարչապետի հրաժարականի․ լուծարել խորհրդարանը, ի՞նչ կանխատեսումներ ունեք, խմբակցությունը կգնա՞ այդ քայլին։

- Հարցը դեռ օրակարգում չէ։

- Բայց իմքայլականները հաստատում են այդ մտադրությունները։ Հաշվի առնելով, որ Սահմանադրությունն ԱԺ-ի լուծարման այլ հնարավորություններ է տալիս, նման մտադրություններն ինչո՞վ են պայմանավորված։

- Անկեղծ ասած, Սահմանադրության այս պահին տրվող գործիքակազմը լրիվ բավարար է, ուստի ես խոր ընկալում չունեմ այդ առաջարկի վերաբերյալ։

- Եթե բավարար են, իշխող թիմն ինչո՞ւ չի գնում արտահերթ ընտրությունների։

- Վարչապետը նման առաջարկով հանդես եկավ, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց դա անենք խորհրդարանական ընդդիմության հետ մի շարք հարցերի շուրջ համաձայնության գալուց հետո։ Այդ հարցերի թվում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է եւ այլն։

- Իսկ այդ համաձայնությունների մեջ մտնո՞ւմ է կոալիցիայի ձեւավորումը՝ մինչեւ ընտրությունների գնալը։

- Ոչ, չի մտնում։

- Ընդդիմությունը կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ կարող եք առանց նախապայմանների ընտրության գնալ, հատկապես, որ մինչեւ այս պահը պահպանում եք խորհրդարանական մեծամասնությունը։

- Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները՝ ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, հայտարարել են, որ իրենց համար ընդունելի չէ ընտրություններն անցկացնել մեր իշխանության օրոք, հետեւաբար, ես խորը անհանգստություն ունեմ, որ արտահերթ ընտրությանը ընդդիմադիրները կարող են չմասնակցել՝ բոյկոտել։

- Թող չմասնակցեն, կգտնեք ուժերի, որոնք կմասնակցեն, եւ հանրությանը, աշխարհին ցույց կտաք, թե ինչ վստահության քվե ունեք։ Դա կերեւա թե՛ ընտրողների մասնակցությունից, թե՛ ձեր ստացած ձայների քանակից։

- Երբ կոնսուլտացիաները կավարտվեն, եւ կունենանք ամբողջական պատկերը, կանդրադառնանք այդ հարցին։

- Այդ դեպքում ինչո՞ւ է Վահագն Հովակիմյանը հայտարարում, որ ունեք նման մտադրություն․․․

- Ո՞վ է Վահագն Հովակիմյանը։

- «Ձեր քայլից», օրենքներ գրողը։

- Դուք իրեն ճանաչում եք, դե ուրեմն իրեն էլ հարցրեք։ Ինչպես ինքը կարող է նման կարծիք ունենալ, որ դա կարեւոր նախագիծ է, այնպես էլ ես իրավունք ունեմ կարծիք հայտնելու, որ դա այս պահի համար այնքան էլ կարեւոր չէ։

- Եթե կոնսուլտացիաներն ավարտվեն, իշխանությանը չհաջողվի խորհրդարանական ընդդիմությանը համոզել՝ հուշագիր ստորագրել, հնարավո՞ր է ընդհանրապես հրաժարվեք արտահերթ ընտրությունների մտքից։

- Երբ Ձեր ասածը տեղի ունենա, ես մեր թիմում կլինեմ այն տեսակետի կրողը, որ, այո, անհրաժեշտություն չկա գնալ արտահերթ ընտրությունների։

- Բայց Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, ասում, որ կատարվածի հարցում ընդունում է պատասխանատվությունը եւ, այո, պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Հիմա չե՞ք ուզում հասկանալ՝ ժողովուրդը ձեզ վստահո՞ւմ է, թե՞ ոչ։

- Այդ վստահությունը ճշգրտելու լիքը ճանապարհներ կան, օրինակ՝ վստահության հանրաքվեն։

- Վազգեն Մանուկյանն Արարատում հայտարարեց․ եթե սահմանադրական ճանապարհով չստացվի Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, դա կանեն ըմբոստության, ընդվզման, ապստամբության միջոցով։

- Ինձ անհանգստացնում է այդ հայտարարությունը, որովհետեւ այդտեղ թաքնված կոչ կա՝ քաղաքացիական պատերազմի հրահրման։

- Մոռացե՞լ եք 2018-ին ձեր գործողությունները։

- Մենք ապստամբությո՞ւն արեցինք։

- Դուք էլ էիք ռադիոտուն գրավում, շենքեր պաշարում․ սրա մասին է խոսքը։

- Եթե իրենց գործողությունները կլինեն Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ես խնդիր չեմ տեսնում։ Բայց տարօրինակ է, երբ իշխանությունն ասում է՝ եկեք գնանք ընտրությունների, ընդդիմությունը պատասխանում է՝ իյա, կկեղծես։ Ասում է՝ ո՞նց կկեղծեմ, եթե դու ընտրական հանձնաժողովներում երկուական ներկայացուցիչ ունես, ասում են՝ դա քիչ է։ Քիչ է, եկեք նստենք, լրացուցիչ գործիքակազմ քննարկենք, էլի չեն համաձայնում։

- Ասում են՝ ուժային բոլոր կառույցները Փաշինյանի գրպանում են, եւ ընտրությունների նախաշեմին բոլորին էլի կփռեն ասֆալտին, կծեփեն պատերին։

- Այսօր դատարանները, որ ամենակարեւոր ինստիտուտն են նմանատիպ խնդիրները լուծելու համար, ամբողջությամբ գտնվում են, ի դեմս Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի եւ այդ առանցքի շուրջ համախմբված ուժերի, որոնց մի մասին ես կասեի հանցագործ, էլեմենտների, երկիրը թալանած, գողացած էլեմենտների ազդեցության տակ։

- Բայց Փաշինյանի գրպանում գտնվող իրավապահները ոչ մի փաստ չեն ներկայացրել, որոնք կապացուցեն Ձեր ասածը, թե այս կամ այն դատավորը սրա-նրա ազդեցության տակ է գործում։

- Իհարկե, չի բացառվում, որ ես սխալվում եմ, եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքվածները մաքրության, անմեղության խորհրդանիշներ են։

- Թեման մի փոխեք, Դուք խոսում էիք դատավորների մասին, ես էլ ասում եմ՝ ցույց տվեք մի դատավորի, որը գործում է քաղաքական պատվերներով, եւ ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել այդ մասին։

- Ղալաթ արեցի, չէ, ես նման բան չեմ ասել, երեւի սխալվեցի դատավորների հարցում։ Եթե Դուք այսքան բան տեսնում եք ու չեք ընդունում, դա արդեն Ձեր գործն է։

- Ես շատ բան եմ տեսնում, բայց եկեք խոսենք փաստերով, ուզում եմ Ձեզ հավատալ, ներկայացրեք փաստարկներ, որ հավատամ։

- Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար։

- Փաստորեն, նոր ժամանակների քաղաքական գործիչներն ինչ ուզենան, կարող են հայտարարել, կարեւոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի։

- Բնական է, որ պետք է նաեւ պատասխան տամ արտահայտածիս համար, բայց երբ ես հայտարարում եմ, որ դատարանները գտնվում են հետեւյալ գործիչների ազդեցության տակ, դա չի նշանակում, որ ես պետք է ապացուցեմ։ Եթե ամեն ինչը լիներ ապացուցելի, ասենք՝ 3-4 տարի առաջ կարողանայինք ապացուցեինք, որ ընտրակաշառք է բաժանվել, որ դատավորները գտնվում են իշխանության ազդեցության տակ, եթե այդքան բանը կարողանայինք ապացուցել, ապա հեղափոխության անհրաժեշտություն էլ չէր լինի։ Հիմա այսօր եթե մեր ընդդիմադիրները գտնում են, որ ակնհայտ իրողություններն իրենք չեն կարողանում ապացուցել իշխանություններին, ապա իրենք իրավունք ունեն հեղափոխություն անել, հասնել իշխանափոխության իրենց նպատակին։

- Իսկ կարծում եք՝ ապացույցնե՞ր են պետք, որ Արցախը հանձնել եք, ապաշնորհ կառավարման արդյունքում առնվազն 5 հազար զոհ ենք տվել։

- Դրա համար, այո, ապացուցելու կարիք չկա, բայց եթե դու դրա համար ես իշխանափոխություն պահանջում, դա արդեն այլ խնդիր է։

- Այսինքն՝ դա բավարար հիմք չէ՞, որ իշխանությունը հրաժարական տա։

- Ես կարծում եմ, որ բավարար չէ։