Հերթական կեղծ հերքումը

Հերթական կեղծ հերքումը

Երբ օգոստոսի 8-ին Հովիկ Աբրահամյանի հայրական գյուղից՝ Մխչյանից զենք-զինամթերք հայտնաբերվեց եւ իրավապահներն անմիջապես հայտարարեցին, որ այդ զենքը ենթադրաբար Մարտի 1-ին կիրառված զենքերից է, իսկ վերջնական պատասխանը կտա դատաձգաբանական փորձաքննությունը, օրեր անց «Հրապարակը» գրեց, որ փորձաքննությունն ավարտվել է՝ հերքվել է այդ վարկածը՝ հայտնաբերված զենքերը ոչ մի առնչություն չունեն Մարտի 1-ի դեպքերի հետ։

Սակայն այդ օրերին փորձաքննության արդյունքները գաղտնի էին պահվում եւ մենք պլանավորվածից շուտ էինք բացահայտել իրականությունը եւ մեր հրապարակմանն անմիջապես հետեւց Հատուկ քննչական ծառայության հերքումը, թե՝ փորձաքննությունն ավարտված չէ եւ «Հրապարակին» ուղղված մի բարոյախրատական տեքստ, թե՝ ճշտեք նոր գրեք, մի ապակողմնորոշեք հանրությանը եւ այլն։ Օրեր անց մեր գրածը հաստատվեց եւ մենք մեր ասելիքն ասացինք ՀՔԾ-ին՝ մամուլն ավելորդ անգամ վարկաբեկելու, հանրությանը ապակողմնորոշելու եւ կեղծ հերքումներ տարածելու համար։ 

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր իրավապահներին դաս չի լինում՝ կեղծ հերքումներ տարածելու մարմաջը բոլոր կառույցներին է հատուկ։ Այս անգամ նման մի հերքումնանման տեքստ տարածել է ՀՀ քննչական կոմիտեն՝ «Ամուլսարի» փորձաքննության հետ կապված մեր այսօրվա լուրի կապակցությամբ, որտեղ գրել էինք, որ նախնական եզրակացությունը պատրաստ է եւ այն «Լիդիան Արմենիանի» օգտին է՝ 5 փոքրիկ դիտողություններով։ 

Քննչական կոմիտեի խոսնակը (ՔԿ-ն է փորձաքննության պատվիրատուն) շտապել է հայտարարել, որ․ «ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննություն եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու վերաբերյալ»։

Այս անգամ էլ՝ օրեր անց հաստատվելու է մեր գրածը եւ պարզվելու է, որ Ամուլսարի փորձաքննությունը դրական է եւ հերքելն անիմաստ էր ու անազնիվ` մենք ընդամենը մի փոքր շուտ ենք տեղեկացել եւ մեր պարտքն ենք համարել փոխանցել հանրությանը։ Մանավանդ մեր հրապարակման մեջ մենք հստակ նշել էինք, որ «նախնական եզրակացության» մասին է խոսքը, այլ ոչ վերջնական։ Ի՞նչ իմաստ ունի խեղաթյուրել մեր գրածը, կեղծ հերքում տարածել, չէ՞ որ օրեր անց ամբողջ հանրությունը տեղեկանալու է փորձաքննության եզրակացությանը։