Դեռ մեկ ամիս առաջ էր ազատման դիմում գրել

Դեռ մեկ ամիս առաջ էր ազատման դիմում գրել

Նախօրեին, վարչապետի հրամանով, աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Թեպետ որպես աշխատանքից ազատման պատճառ մատնանշվում է նախօրեին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպը, երբ մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան էր անվանել, ինչին փոխնախարարը որեւէ կերպ չէր հակադարձել եւ չէր պաշտպանել «դավաճան» իշխանությանը, բայց, որոշ տեղեկությունների համաձայն, Ն․ Թուխիկյանը դեռ պատերազմի ավարտից հետո է դիմում գրել՝ մտածելով, որ իշխանությունը փոխվում է, եւ ճիշտ ժամանակն է նավը լքելու, բայց փոխնախարարի դիմումը չի ընդունվել նաեւ այն պատճառով, որ իշխանությունը նրան փոխարինող հարմար թեկնածու դեռ չի ունեցել։ Գաղտնիք չէ, որ նոյեմբերի 9-ից հետո պետական համակարգից արտահոսք կա, եւ թափուր հաստիքները գործող իշխանությունը մեծ դժվարությամբ է լրացնում։  

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ներկա է եղել Նկարիչների միությունում տեղի ունեցած թե՛ ցուցահանդեսին, թե՛ միջադեպին եւ կարծում է, որ միայն դա չէր կարող պատճառ լինել փոխնախարարին պաշտոնից ազատելու համար։ Ըստ նրա, հավանաբար, դրան գումարվել են նրա հանդեպ ունեցած դժգոհությունները, արդյունքում որոշում է կայացվել ազատել աշխատանքից։ «Կարծում եմ՝ ուրիշ հարցեր էլ կան, որ մենք էլ գիտենք, իրենք էլ գիտեն։ Սա կառավարության սխալ աշխատանքի հետեւանքն էր։ Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, եթե չկա մշակույթի նախարարություն։ Այդպես էլ պետք է լիներ։ Այն, ինչ այսօր կատարվում է, ոչ միայն այդ կառույցում է, այլեւ բոլոր բնագավառներում։ Ես չեմ տեսնում կառավարման լուրջ մոտեցում կամ պետական մտածելակերպ՝ երկրի զարգացմանն ուղղված։ Նախկինում էլ ամեն ինչ իդեալական չէր, բայց այն ժամանակ գոնե այդ ամեն ինչին հետեւում էին, պատասխանատուներ կային, պրոֆեսիոնալ, կյանքի փորձ ունեցող մարդիկ էին աշխատում, պատահական մարդկանց չէին նշանակում տարբեր պաշտոնների, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, անլուրջ մոտեցում է, որը դեռ կշարունակվի»,-կարծում է Միրզոյանը։

Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը եւս ներկա է եղել Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսին, ասում է՝ տեղում այդ տեսակ միջադեպ-բանավեճեր էլի են եղել, ուստի չի կարծում, որ այդ միջադեպն անմիջական կապ ունի նրա ազատման հետ, ավելին՝ տեղյակ է, որ դեռ մեկ ամիս առաջ դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատման համար։ Նալբանդյանը չի կարծում նաեւ, որ փոխնախարար Թուխիկյանը կոնկրետ մեղավորություն ունի Արցախում մնացած եւ թշնամուն անցած մշակութային արժեքների համար։

Ըստ նրա, մեղավորությունն այստեղ ավելի շատ Արցախի մշակույթի նախարարությանն է, որը «մեկը մեկի վրա գցելով»՝ թանգարանների իրերը չտարհանեց, մինչդեռ դա պետք է արվեր տեղում՝ տեղի կառույցի ուժերով․ «Դրա համար ես չեմ հասկանում մեղադրանքները նրա անձի հանդեպ, թեպետ տվյալ անձը կապ չուներ հուշարձանների հետ։ Նա ի՞նչ կարող էր անել այն հուշարձանների հետ, որ թողեցինք, օրինակ, Հադրութում։ Նրա տեղը ով էլ լիներ, նույն՝ զրո արդյունքն էր լինելու։ Անհասկանալի իրավիճակ էր, եւ չգիտեմ, թե պատճառն ինչ եղավ, որ Շուշիի կերպարվեստի թանգարանը չէվակուացվեց, ո՞նց կարելի էր Սարյանի ու մնացածի գործերը թողնել այդտեղ։ Գուցե մինչեւ վերջ մտածում էին, որ Շուշին մերն է։ Կարծում եմ՝ դա զուտ այդ թանգարանի տնօրինությունը պետք է աներ։ Դրանք թանգարանային օրենքներ են, որովհետեւ, եթե ցանկացած դրոն քեզնից 100 կմ հեռու էլ ընկնի, դու արդեն պետք է էվակուացնես եւ չսպասես, որ ինչ-որ մեկը քեզ ասի՝ սա վերցրու եւ այստեղ տար։ Ոչ մեկը ոչինչ անել չէր կարող, եթե ուզենար էլ, որովհետեւ պատերազմ էր, հիմա էլ մենք ընկած՝ ամեն օր թղթաբանություններ ենք անում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ բանակցություններ, որ գան, այն էլ Ադրբեջանն անընդհատ խոչընդոտում է, չի թողնում այցելեն»։