Մի՞թե երջանկությունից մինչև դժբախտություն այդքան կարճ է ճանապարհը

Մի՞թե երջանկությունից մինչև դժբախտություն այդքան կարճ է ճանապարհը

 

 

Ահա թե ինչ է նշանակում մարդկային սփոփանքը, ձեռքսեղմումը, գրկախառնությունը, համբույրը, երբ կորցնում ես հարազատ, սիրելի  մարդուդ։ Երբ կորցնում ես ամենասիրելի մարդուդ։ Առաջ դրա զորությունը չէինք զգում, երբ դժբախտության ժամանակ մտերիմներդ գրկում, կիսում էին վիշտդ։ Համարում էինք սովորական մի արարողություն։ Մեկուսացման  այս պայմաններում ո՜նց ենք զգում այդ բացը։ Ո՜նց ենք զգում մարդկային մոտիկության,ջերմության, սիրո կարիքը։

Լևոն Արոնյանի  այս նկարը, թե ինչպես է ցավը համեստ լռությամբ տանում, ողբերգություն է։ Մեր ժամանակը պատկերող տխուր իրականություն։ Հետագայում, երբ այս ողբերգական վիճակը հաղթահարենք,  միայն այս նկարը բավական է, որ պատմի մեր ողջ տառապանքի մասին։  Մեր լռության, մեկուսացման, տիեզերական մենության մասին։

․․․ Ու արժևորելու ենք մարդուն՝ նրա խոսքը, սփոփանքը, ներկայությունը, ձեռքսեղմումը։ Արժևորելու ենք այն ջերմությունը, որը եղել ու չենք արժևորել։

Լևոնի Ֆեյսբուքյան էջն եմ նայում ու գտնում երջանիկ օրերի այս չքնաղ նկարը։ Մի՞թե երջանկությունից մինչև դժբախտություն այդքան կարճ է ճանապարհը։