Բացի տարածքային պահանջներից, ներառվելու են կետեր նաեւ Հայաստանի ապազինման վերաբերյալ

Բացի տարածքային պահանջներից, ներառվելու են կետեր նաեւ Հայաստանի ապազինման վերաբերյալ

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

- Շատերը մտավախություն ունեին, որ Քիշնեւում կարող է պայմանագիր կամ նախապայմանագրային որեւէ փաստաթուղթ ստորագրվել։

- Նախապայմանագրային բան արդեն շատ ստորագրվեց կամ ոչ թե ստորագրվեց, այլ՝ ընդունվեց... պայմանագիրը քիչ հավանական եմ համարում, բայց թե ինչ դավադրություն կանի Փաշինյանը Հայաստանի դեմ՝ դա կանխատեսելը մի քիչ դժվար է։

- Ալիեւը փաստացի սպառնաց Արցախի նախագահին ու պետական ինստիտուտներին, որ հրաժարականներ ներկայացնեն, լուծարեն բոլոր պետական կառույցները։ Ի՞նչ էր նշանակում այդ հայտարարությունը։

- Սա ցուցիչ է իր վստահության, վստահության առ այն, որ ուժային մեթոդներով կարող է գործել եւ Երեւանից որեւէ հակազդեցություն չի ունենալու։

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա համաձայնեցված է։

- Անշուշտ, իհարկե, կա համաձայնություն։

- Հետաքրքիր էր, որ ԱՄՆ-ն դրական արձագանքեց Ալիեւի հայտարարություններին՝ կարծես չնկատելով, որ Ալիեւը փաստացի ցեղասպանական գործողությունների մասին է հայտարարություն անում։

- ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է Ալիեւին եւ Ադրբեջանին, որովհետեւ միասնաբար Թուրքիայի հետ աշխատում են Ռուսաստանի եւ Իրանի դեմ, եւ երկրորդը` Արցախի հարցն իրենց համար արդեն ընդունելի տարբերակով լուծվել է, որի մասին արդեն պարզ ասում են։

- Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն ու անկլավները ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ Ալիեւը հայտարարում է, որ սահմանն իրենք են գծելու։ Այսինքն՝ ակնարկում է, որ ավելի՞ն են վերցնելու։

- Իրենք արդեն ավելին են վերցրել Հայաստանի տարածքներում եւ իրենք ուզում են ավելի առաջ գնալ, որի մասին բացահայտ ասում են։ Այն ժամանակները, երբ պետք էր Ալիեւի խոսքերը, այսպես ասած, դեկոդինգ անել, անցել են, Ալիեւը բացահայտ ասում է այն, ինչ ասում է։ Ուղղակի, քանի որ Հայաստանում շատերը կուրացել են, նաեւ կա այդ քարոզչությունը, շատերը չեն հասկանում, թե Ալիեւն ինչ նկատի ունի։ Բայց նա նկատի ունի, որ Հայաստանից նոր տարածքներ է պոկելու։ Անադեկվատ է մտածել, որ Հայաստանին որեւէ տարածք է տրվելու կամ վերադարձվելու, ոչ՝ միայն նոր զիջումներ հայկական կողմից՝ դա ակնհայտ է։

- Ընդհուպ մինչեւ ո՞ւր են լինելու այդ զիջումները։

- Մինչեւ ուր կստացվի՝ դրանք կարող են շատ հեռուն գնալ, որովհետեւ Ալիեւը բազմաթիվ անգամներ ասել է, որ Երեւանն իրենցն է։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ սա անլուրջ է, շատ սխալվում է։

- Ալիեւն իր խոսքում անդրադառնում է նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ նրանց պատասխանատվության տակ եղած հատվածներում իրենք հաջողության են հասել։ Սա ապտա՞կ էր ռուսական կողմին, թե՞ հաջող համագործակցության մասին ակնարկ։

- Սա Ալիեւի կողմից արված շատ գրագետ հայտարարություն է, որը կարելի է երկու ձեւով էլ մեկնաբանել։ Այսինքն՝ իրենք ոչ թե Ռուսաստանի հետ համագործակցությամբ են հասել այդ հաջողությանը, այլ ռուսների վերահսկած տարածքներում՝ ըստ իրեն։ Այսպիսով, սա երկակի ձեւով կարող ենք հասկանալ, իսկ եթե ուզում ենք վերլուծել, ապա Ռուսաստանի քաղաքականության ուղղակի բացակայության պայմաններում, այո, Ալիեւի մոտ ամեն ինչն էլ ստացվում է։

- Այսինքն՝ Ալիեւը մատնացույց է անում Ռուսաստանի անկարողությո՞ւնը, թե՞ ցանկության բացակայությունը՝ որեւէ բան անելու։

- Հիմնականում անկարողության մասին է խոսքը, կարելի է, իհարկե, նշել ցանկության բացակայությունը, բայց դա կախված է մեծապես հենց կարողությունից։ Իսկ կարողությունը կարող է լինել ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ։ Օրինակ, եթե կա ցանկություն՝ գործելու, բայց կարողություն չի լինում, արդյունքում գործողություն չի լինում։ Ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը ցույց է տալիս իր անկարողությունը եւ նաեւ քաղաքական ու ռազմավարական մշակույթի ցածր լինելը։ Բայց դա Ռուսաստանի հարցն է, ուղղակի շատ է բացասաբար ազդում Հայաստանի վրա։

- Բայց Ռուսաստանն ատոմային զենք է տրամադրում Բելառուսին։ Ի՞նչ է կատարվում՝ նոր անվտանգային համակա՞րգ է ստեղծվում։

- Բելառուսին ատոմային զենք չի տրամադրվում, իրականում ատոմային զենքն ուղղակի տեղադրվելու է Բելառուսի տարածքում՝ սա մի քիչ այլ բան է։ Իրավունքը եւ հնարավորությունը՝ դա կիրառելու, ունենալու է միայն Ռուսաստանը։ Դա ռուսական զենք է, որը տեղադրված է Բելառուսում, այնպես, ինչպես ամերիկյան զենքը տեղադրված է Թուրքիայում կամ Իտալիայում, կամ Գերմանիայում։

- Բելառուսը վերածվում է բուֆերային գոտո՞ւ։

- Այո, եւ այս առումով ես չէի ասի, որ Բելառուսը շահում է, նույնիսկ՝ ավելին, ես ավելի շատ ռիսկերի մասին կխոսեի, քանի որ տեղակայելով ատոմային զենք՝ դու վերածվում ես թիրախի։ Ուրիշ բան, որ բազմաթիվ այլ հանգամանքներ կարող են լինել։ Կարող են այնպիսի զենքեր լինել, այնպիսի միջազգային դասավորվածություն լինել, որ դա կարող է հօգուտ Բելառուսի կամ ընդդեմ խաղալ։ Ամեն դեպքում, դա ռիսկային գործոն է, եւ Բելառուսին այդ զենքը չի պատկանելու։

- Ալիեւը Քարվաճառում զինվորական հոսպիտալ է բացել, որը պատերազմական գործողությունների ժամանակ կարող է տեղավորել 300 վիրավորի, իսկ բանակի բյուջեն այս տարի ավելացրել է 650 մլն դոլարով։ Պատերազմի՞ է պատրաստվում։

- Իհարկե, պատերազմի հավանականությունը շատ բարձր է, եւ այդ հավանականությունն օրեցօր աճում է։ Քանի որ Հայաստանը որեւէ բան չի անում, եւ կեղծ են այն պնդումները, որ Հայաստանում զինված ուժերը բարելավվել են կամ ուժեղացվել են։ Պատերազմին դիմակայելու համար Հայաստանի բանակը պետք է վերաարդիականացվի, միջոցառումներ պետք է արվեն, որոնք չեն արվում, եւ, այսպիսով, Հայաստանը մնում է անպաշտպան եւ Հայաստանը, այսպիսով, հրավիրում է Ադրբեջանին՝ հարվածելու իրեն։

- Ի՞նչ ուղղություններով են հնարավոր ռազմական գործողությունները։

- Բազմաթիվ, բայց գլխավորներից մեկը կարող է լինել հարվածը Վայոց Ձորի, Սյունիքի ուղղությամբ, որպեսզի ամբողջությամբ Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության մնացյալ տարածքների կապը խզվի։ Հենց դրա համար մենք տեսել ենք, որ ադրբեջանական զորքերը մեծ եւ փոքր լճերի տարածքում շատ լուրջ ենթակառուցվածքներ են կառուցել դեռ 2020 թվականի դեկտեմբերից, կուտակել են զորքերն այդտեղ եւ այդտեղից հարվածել են Հայաստանին՝ 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին, եւ ավելի մեծ հարվածները հենց այդ ուղղությամբ են եղել։

- Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ի՞նչ Հայաստան է մնալու։

- Անշուշտ, այդտեղ ներառվելու են կետեր նաեւ Հայաստանի ապազինման վերաբերյալ, բացի տարածքային հարցերից։ Ադրբեջանը նաեւ ուզում է մտցնել կետ ադրբեջանական եւ թուրքական համայնքների ստեղծման վերաբերյալ Հայաստանում՝ իրենց ռազմական եւ ոստիկանական ներկայությամբ, այսինքն՝ Հայաստանի դե ֆակտո փափուկ օկուպացիան փոխարինվելու է ավելի կոշտ օկուպացիայով Ադրբեջանի կողմից։

- Ինչպե՞ս է դա լինելու, շատերը զուգահեռներ են տանում Բաթումիի հետ՝ չհասկանալով տարբերությունները։

- Հաստատ Բաթումիի նման չի լինելու՝ շատ ավելի վատ է լինելու։ Գիտեք ինչ, հիմա ես չեմ ուզում այդ թեմաներով սպեկուլացնել, թեեւ կարելի է կանխատեսել։ Ես ուզում եմ, որ գործենք, որպեսզի դա թույլ չտանք։ Թե չէ՝ բացասական սցենարներ քննարկելն ու դրա մեջ խորանալը հեշտ է, թեեւ շատերն ուզում են ուղղակի աչք փակել եւ այնպես վարվել, թե իբր դա չկա։ Իհարկե, դա այդպես չէ, ռիսկերը հսկայական են, բայց, ամեն դեպքում, ես ուզում եմ՝ մենք մտածենք, թե ինչպես դա թույլ չտանք։