Մանրամասներ` Հայաստան բերված  նոր էլեկտրագնացքի զավեշտալի վթարից

Մանրամասներ` Հայաստան բերված  նոր էլեկտրագնացքի զավեշտալի վթարից

Ավելի  վաղ գրել էինք, որ տարվա  սկզբին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն Հայաստան էր բերել երկրորդ, ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը կրկին  շահագործվելու է Երևան –Գյումրի-Երևան ուղղություններով: Նոր էլեկտրագնացքը   մարտի մեկին դուրս է բերվել փորձարկման, բայց առաջին ձախողումն է գրանցել. բախվել է մարդատար ավտոմեքենային: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԿԵ տնօրինությունը կատարվածից  նեղսրտած է: «Էլեկտրագնացքը մարտի մեկի փորձարկումից հետո պիտի արդեն դուրս գար երթուղի, բայց վրան ահագին գործ է բացվել: Իմ տեղեկություններով մոտ 6մլն դրամ ավտոմեքենայի վարորդը պետք է տա, այդքան պահանջ  է  ներկայացվել»,-ասաց մեր զրուցակիցը՝ պատմելով, որ վթարը տեղի է ունեցել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին, եւ  զավեշտալի իրադարձություններով է ուղեկցվել: «Ասում են՝ ֆորդ մակնիշի ավտոմեքենա էր, մեջն էլ զինված մարդիկ  »,-ծիծաղում է նա ու մանրամասնում. «Որսորդներ են եղել, հրացաններով են եղել, երբ խուճապահար  դուրս  են նետվել ավտոմեքենայից,  մեքենավարն էլ իր հերթին է շփոթվել ու վախեցել»,-ասաց նա՝ ընդգծելով. « Մնում է՝ էլեկտրագնացքի ջառմեն էլ աշխատողների վրա չկոտրեն: Մեկ էլ տեսար աշխատավարձից պահումներ կարող է անեն ու պատճառաբանեն, թե գնացքն են վերանորոգում»: 

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ  ՀԿԵ-ն  նույնպես հաղորդագրություն էր տարածել. Մարտի մեկին, ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: 

Ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի բազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրեց, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում: Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմում էր 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի էր: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է: