Լուրջ առաջընթացի արգելքները

Լուրջ առաջընթացի արգելքները

Բոլորիս համար այս անսովոր ծանր իրավիճակում մարզական խնդիրներին անդրադառնալը գուցե տեղին չէ, սակայն լռելն էլ անարդար է, մանավանդ որ ֆուտբոլ-20 մարաթոնը մոտենում է ավարտին, եւ առաջիկա, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը, անկասկած, աշխարհի 2022 թ. առաջնության եվրոպական խմբի թիմերի վիճակահանությունն է, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին, Ցյուրիխում: 

Մեր ազգային ընտրանին ընդգրկվել է այդ նպատակով կազմված 6 զամբյուղներից 5-րդում՝ Էստոնիայի, Ղազախստանի, Կիպրոսի, Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի, Կոսովոյի, Ֆարերների եւ Անդորրայի թիմերի հետ (հասկանալի է, որ նույն խմբում ընդգրված ազգային թիմերի՝ միմյանց հետ հանդիպելը գրեթե բացառված է): Տարօրինակ է, սակայն, այլ բան. Եվրոպայի ազգերի լիգայի առաջնության C դիվիզիոնում Հայաստանի ֆուտբոլիստներին զիջած Հյուսիսային Մակեդոնիայի եւ Վրաստանի հավաքականները, չգիտես մարզական որ տրամաբանությամբ, հայտնվել են առավել ուժեղ համարվող մրցակիցների զամբյուղում: Այո, մեր ընտրանին C դիվիզիոնում, բավականին ծանր պայքարում հանդես բերելով կամք ու վճռականություն, երբեմն կորոնավիրուսի պատճառով, ասպարեզ մտնելով առանց առաջատար խաղացողներ Հ. Մխիթարյանի («Ռոմա»), Ս. Ադամյանի (գերմանական «Հոֆենհայմ») եւ Գ. Ղազարյանի (Կիպրոսի ԱԵԼ), այդուհանդերձ, կարողացավ շրջանցել բոլոր 3 մրցակիցներին ու խմբում գրավել առաջին տեղը՝ իրավունք ստանալով հաջորդ առաջնությունում հանդես գալու առավել ուժեղների՝ B դիվիզիոնում:

Հետաքրքիր է նաեւ այն, որ, ըստ միջազգային մամուլի, Ռուսաստանի, Լեհաստանի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի եւ Իսրայելի հավաքականների ղեկավարների համար անցանկալի կլիներ, եթե աշխարհի առաջնության մասնակից եվրոպական թիմերին տարբեր խմբերի բաժանող վերոհիշյալ վիճակահանության կամոք իրենց խմբում հայտնվի նաեւ... Հայաստանի թիմը: Սա մեր ազգային ֆուտբոլի բարձրացված հեղինակության պերճախոս վկայությունն է: Սակայն այսօր, երբ էյֆորիան մնացել է հետեւում, եւ եկել է իրականության սթափ գնահատման ժամը, հարկ է խոստովանել, որ մեր գլխավոր թիմը, որին սպասում է շատ ավելի լուրջ մրցակցություն իրավամբ զորեղ մրցակիցների հետ, պետք է լուրջ հետեւություններ անի ավարտված մրցաշրջանից, իսկ խաղային մակարդակը բարձրացնելու, եւ անհատական ու թիմային գործողություններում տեղ գտած թերությունները շտկելու հարցում անելիքները շատ են: Եվ այս կարեւոր գործը՝ ի շահ ընդհանրապես մեր ֆուտբոլի, կարծում եմ, հարկ է անհապաղ սկսել ազգային առաջնության դերակատարումը բարձրացնելով: 

Մեր ֆուտբոլասերները չեն մոռացել, թե ինչպիսի խայտառակ փաստեր արձանագրվեցին հատկապես առաջին խմբի մրցաշարում, երբ պայմանավորված խաղերը գերազանցեցին ամենախայտառակ հակառեկորդները: Դա դեռ քիչ էր, շուտով արձանագրվեցին թիմերի ներկայացուցիչների եւ մրցումների կազմակերպիչների մասնակցությամբ ոչ պակաս դատապարտելի միջադեպեր, ծեծկռտուքներ, հայհոյախառն կռիվ-ղալմաղալներ եւ այլ այլանդակ երեւույթներ: Տեղին է հիշեցնել նաեւ, որ ժամանակին Հայաստանի առաջնության մասնակից թիմերը գերազանցապես համալրված էին տեղացի ֆուտբոլիստներով, հիմա ճիշտ հակառակն է՝ թիմեր կան, որոնց կազմերում ընդամենը 1-2 հայ է խաղում, եւ սա այն դեպքում, երբ գործում է դրսից հրավիրվածների օգտագործման լիմիտը:

Տարօրինակ է, որ առաջընթաց չի նկատվում նաեւ խաղային վարպետության հարցում: Տխուր ավանդույթ է դարձել, երբ առաջատար համարվող ակումբները բացարձակապես ոչնչով աչքի չեն ընկնում միջազգային մրցաշարերում, շարունակ անհաջողության են մատնվում նախնական փուլում, երբ ասպարեզ են մտնում ոչ այնքան զորեղ մրցակիցները, զրկվում են արժանի ախոյան համարվելուց եւ, ինչու չէ՝ պատկառելի պարգեւավճարներից: Մինչեւ ե՞րբ մենք պետք է հաշտվենք նման ողորմելի վիճակի հետ:

Եվ, վերջապես, ճիշտ չի լինի լռել այն կապակցությամբ, թե ինչպիսի քստմնելի վիճակում է մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Սա բացահայտվում է միջազգային ասպարեզներում, երբ մեր տարբեր տարիքային խմբերի հավաքականները զարմանալի տկարություն են դրսեւորում բնավ ոչ ուժեղ մրցակիցների հետ հանդիպելիս: Նման պարագայում այնքան էլ ճիշտ չէ մեղադրել լոկ հավաքականների մարզիչներին: Բացթողումների հիմքը, ըստ էության, դրվում է մեր ակումբներում տարվող պարզունակ պարապմունքներում, որ երբեմն հիշեցնում է, ռուսերեն ասած՝ бей-беги կարգախոսը: Արդյունքում պատանիների պաշտոնական ելույթները հաճախ, առանց չափազանցության, հիշեցնում են բակային սովորական խաղեր, եւ արդյունքում ստանում ենք այն, ինչ այսօր ունենք: 

Ահավասիկ, մեր 21 տարեկանների վերջին ելույթների ցուցանիշները Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլում: Եթե մի խոսքով գնահատենք, այլ բան, քան տապալում, դժվար է անվանել: Կարող ենք ոչինչ համարել, եթե մեր ընտրյալները 0-6 հաշվով տանուլ են տալիս իտալացի հասակակիցներին, բայց նույնքան գնդակ բաց թողնել Իսլանդիայի թիմին, կարող է անհավատալի թվալ, քանի որ սպորտում ընդհանրապես սա բացառիկ ցուցանիշ է, 0-10 հաշվով ջախջախիչ պարտություն կրել շվեդներից, ովքեր բացօթյա պարապմունքներ անցկացնելու  խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն, ավելի քան ամոթալի փաստ դժվար է անվանել: Դրանից հետո, ճիշտ է՝ հրաժարական տվեց իսպանացի մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, իսկ թե ինչ զգացին ֆուտբոլիստների մարզիչները, հայտնի չէ, քանի որ դա չի հետաքրքրում ոչ ոքի...
Ի լրումն այս ամենին, հարկ է նշել, որ խմբում անցկացրած 8 խաղից մեր թիմը տարավ միայն 1 հաղթանակ (Լյուքսեմբուրգի հավաքականի նկատմամբ), մյուս 7-ում պարտություններ կրեց՝ խփելով ընդամենը 4 եւ բաց թողնելով 27 գոլ: Այս երկնիշ թիվը, անտարակույս, շատ ավելի մեծ կլիներ, եթե անցկացնեինք նաեւ ավարտական 2 պատասխան հանդիպումները շվեդների եւ իսլանդացիների հետ: Սակայն պատճառաբանելով կորոնավիրուսը՝ մեր ֆեդերացիան դրանք անհնար համարեց: Զարմանալի չէր, որ, ինչպես պարզվեց, մեր թիմը գրանցեց նոր պարտություններ՝ 0-3 հաշվով:

Այս տխուր պատմությունն ինձ ակամա հիշեցրեց ուղիղ կես դար առաջ աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստ Պելեի հարցազրույցը, որը տպագրվեց տարբեր լեզուներով: «Պատանի ֆուտբոլիստների հետ տարվող մարզչական աշխատանքների արդյունավետությունը, Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված» հարցին հռչակավոր վարպետը պատասխանել էր. «Գլխավորը, ինչին ես հասա որպես սկսնակ, դրիբլինգն էր (գնդակի վարում՝ տեխնիկական հմտություներ դրսեւորելով՝ Մ. Ն.), գնդակով առաջ նետվելով՝ ձգտում էի կլասիկ արագության հասնել: Գնդակը խաղարկել, միմյանց խաբս տալ սիրում ու կարողանում են բոլոր պատանիները, սակայն, դրա հետ մեկտեղ, նրանք մոռանում են, որ գլխավորն այստեղ ոչ թե պարզապես խաբս տալն է, այլ այդ ընթացքում թանկ վայրկյաններ շահելը. հարկ է ձգտել ամեն ինչ անել արագ, դրանով իսկ հետագա արդյունավետ գործողությունների համար ազատ տարածություն շահել, գրոհի համար նպաստավոր հնարավորություններ ստեղծել:

Երեխաներին ֆուտբոլ խաղալ սովորեցնելիս առաջընթացի գլխավոր նախապայմանը դա եմ համարում: Խաղացողը պետք է կարողանա արագ որոշում կայացնել, մինչ կընդունի փոխանցումը, իսկ նա, ով փոխանցում ստանալուց հետո է մտածում, թե ինչ պետք է անի, արդյունավետ գործող հարձակվող չի կարող դառնալ: Ահա թե ինչու փոխանցում ստանալուց վայրկյան առաջ իմ մեջ հետագա գործողությունների 2-3 տարբերակ էր ծնվում...»:

Արժե, որ պատանիների եւ ոչ միայն նրանց մարզիչները հաշվի առնեն ֆուտբոլային գրոսմայստերի ուսանելի խորհուրդները:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ