«Գլորիայի» տնօրենի հրատապ արձագանքը՝ եվրոյի էժանացմանը

«Գլորիայի» տնօրենի հրատապ արձագանքը՝ եվրոյի էժանացմանը

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան քաղաքի ամենամեծ գործատուներից է, որը աշխատանքով ապահովում է մոտ 2500 աշխատողի: Այն աշխատում է եվրոպական, ռուսական ու ամերիկյան ընկերությունների հետ: Ընկերության արտադրանքը բավականին որակյալ է եւ իրացվում է արտերկրում: Այստեղ  աշխատողներից պահանջվում է կատարյալ ու իդեալական աշխատանք, պահանջները աշխատանքի նկատմամբ բավակաին խիստ են, սակայն, ոչ իդեալական աշխատավարձով, հեռու՝ եվրոպական չափանիշներից: Կարելի է ասել, որ եվրոպացիների, ամերիկացիների ու ռուսների  համար «Գլորիայի» աշխատակիցները էժան աշխատուժ են: Սակայն, մարդիկ այլ տարբերակ չունենալով,  համակերպված աշխատում են «Գլորիայում»: Օրերս ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն աշխատակիցներին տեղյակ է պահել, որ, եվրոյի փոխարժեքի անկման հետ կապված, հնարավոր է՝ իրենց աշխատավարձերից պահումներ արվեն, հակառակ դեպքում աշխատանքները մի քանի ամսով կդադարեցվեն:

Ըստ Դարբինյանի, ինքը վնասով է աշխատում, քանի որ արտերկրից ուղարկած եվրոն էժան է վաճառում եւ չի կարողանում նախկինի չափով վճարել աշխատավարձերը: «Մենք չենք տեղավորվում, մարդիկ էլ էնքան աշխտավարձ չեն ստանում, որ  մենք  իջացնենք,  տանք ասենք՝ մի 140 հազար դրամ: Որոշել ենք՝ այս ամիսն էլ մի բան անենք, վարկ վերցնենք, կամ պատվիրատուներին ասենք՝ օգնեն: Բայց դա երկար չի շարունակվի:  Քանի որ էդ մարդիկ ասում են՝ ձեր դոլարն ամեն օր արժեւորվում է, եվրոն՝  ընկնում,  ինչքա՞ն կարանք ավելացնենք: Էսօր էսքան ա,  երկու օր հետո տաս տոկոս իջնում ա: Կասեն՝ անլուրջ եք էդքան, երկու օրը մեկ կարա՞նք ձեզ գին ավելացնենք, որ դուք տեղավորվեք»: Աշխատանքների՝ մի քանի ամսով դադարեցումը, պարզապես, տնօրինության կողմից հոգեբանական սպառանալիք է աշխատողների նկատմամբ, քանի որ շատերը ընտանիքի միակ աշխատողն են եւ ֆաբրիկայից ստացված չնչին գումարով են ապահովում իրենց ընտանիքների գոյությունը: Սա իմանալով էլ Դարբինյանը աշխատողներին կանգնեցնում  է երկընտրանքի առաջ՝ կամ պահումներ եմ անելու, կամ՝ չեք աշխատի: Նման քայլի՝ աշխատանքների դադարեցման,  Դարբինյանը հազիվ թե գնա, քանի որ պայմանագրեր կան արտասահմանյան ընկերությունների հետ, իսկ այդ պայմանագրերը ունեն ժամկետներ, որոնք չի կարելի խախտել: Իսկ աշխատավարձից պահումներ անելը սոցիալական մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի աշխատողներին: Առանց այն էլ ցածր աշխատավարձի ու գնաճի պրոգրեսիվ աճի պայմաններում մարդիկ չեն կարողանում իրենց ընտանիքների գոյատեւման հարցը լուծել: Իսկ պահումների դեպքում վիճակն ավելի սոսկալի կդառնա: 

Այստեղ զավեշտն այն է, որ մայիսի վերջին սկսած տարադրամի փոխարժեքի անկումը հունիսի սկզբին արդեն ֆինանսական «վնասներ է պատճառել» Դարբինյանին, եւ նա մտածում է, թե ինչպես է փոխհատուցվելու իր նվասը: Այստեղ գործում է առեւտրական-վաշխառուական գործելաոճը. երբ դոլարը կես տոկոսով  բարձրանում է, պարենային եւ մյուս բոլոր ապրանքները թանկանում են մոտ երեսուն տոկոսով: Սուպերմարկետների ցուցափեղկերում ժամերի հաճախականությամբ գին են փոխում: Սակայն, երբ դոլարն անկում է ապրում, ոչ մի ապրանք չի էժանանում: Ու քանի որ Հայաստանում ոչ մի ոլորտ այլեւ չի գործում եւ չի վերահսկվում, տնտեսական բլոկն էլ վստահված է շարքային առաքիչին, մեր մոտ միայն գների պրոգրեսիվ աճ է արձանագրվում: Դրան հասարակությունը չի կարողանում դիմակայել: Երբ եվրոյի փոխարժեքը թռիչներ էր արձանագրում, «Գլորիայի» տնօրենը երբեւէ  չի կանչել ու աշխատակիցներին ասել, թե՝  եվրոն թանկացել է, ես ձեզ դրամով եմ վճարում, շահույթս ավելացել է, եկեք ձեզ էլ մի քիչ ավել աշխատավարձ տամ:  Սակայն եվրոյի մի քանի օրվա անկմանը Դարբինյանը շատ արագ արձագանքեց…

Հ/Գ 

2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժում էր Սերժին, շարժման պիկին, երբ արդեն տեսանելի էր, որ Սերժ Սարգսյանը ամենեւին էլ դեմ չի հեռանալուն եւ չի դիմադրում փողոցում սկսված շարժմանը, Դարբինյանը բացել էր ֆաբրիկայի դարպասներն ու ասել՝ ով ուզում է, թող գնա: Իսկ մինչ այդ Դարբինյանը հասցրել էր աշխատակիցների ականջին շշնջալ, որ ինքը կարող էր ավելի շատ վճարել աշխատողներին, բայց չեն թողնում, քանի որ իր աշխատանքի 50 տոկոսը տալիս է «վերեւներին», ակնարկելով, հավանաբար, Սաշիկի 50 տոկոսանոց «փայաբաժինները»: Դա ավելի էր վրդովեցրել ու ոտքի հանել գլորիացիներին, ովքեր մի քանի րոպեում  հեղեղի նման դուրս  եկան փողոց ու միացան Սերժին մերժելու շարժմանը: Նրանք հույս ունեին, որ «Սաշիկի» չլինելու դեպքում իրենց աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա: Սակայն այդպիսի հրաշք տեղի չունեցավ: Ոչ մի աշխատավարձ էլ չբարձրացավ, այլ՝ ընդհակառակը. միակ փոփոխությունն իրենց կյանքում եղավ այն, որ չգրանցված աշխատողները դարձան գրանցված, մտան օրենքի դաշտ եւ պետությունն սկսեց  իրենց աշխատավարձերից  պահումներ անել…

 Իսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ Փաշինյանի ձեռքն էր ընկել «Գլորայի» աշխատողներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարը. մարդիկ «քիթ-քթի» տված գնում էին աշխատանքի: Արդյքունքում՝ ֆաբրիկան մեծ տուգանք մուծեց, ավտոբուսները երկար ժամանակ դուրս եկան շրջանառությունից, մարդիկ իրենց միջոցներով էին գնում աշխատանքի: Միայն վերջերս են մի քանի ավտոբուս նորից տրամադրվել՝ աշխատողներին տանել-բերելու համար: