Մենք տվել էինք՝ իրենք չէի՞ն վերցնում

Մենք տվել էինք՝ իրենք չէի՞ն վերցնում

Իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող (խոսքը Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու մասին է) ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր տարել, որը քննվել է երեկ, որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 11։00-ին։

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, ինքն էլ դատարանում խոսել է․ «Ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ քաղաքական հետապնդում է։ Հիմնավորել եմ պատճառները, բնականաբար, այն քաղաքական գործիչներն, որոնք ի սկզբանե հակված են եղել հանդարտեցնելու, ժողովրդին միասնականության կոչ են արել, որը եղել է իմ խմբակցության ղեկավար լինելու ժամանակ, հիմա քանի որ հակառակ պրոցեսն է գնում՝ ժողովրդին պառակտելու, նման տիպի մարդիկ պետք է մեկուսացվեն, դա այսօրվա իշխանության հիմնական նպատակն է։ Ես չեմ կարծում, որ այլ նպատակ կարող է լինել, համենայնդեպս, ինձ թվում է, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի, որովհետեւ դա խեղկատակություն է, աբսուրդ է նման հարցերով մտնել դատարան։ Հեղինակության  հարցն է ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ-ի, ե՛ւ դատախազության»։

- Ձեր դեմ ցուցմունքներ կա՞ն։

- Բացարձակապես։

- Ձեզ կալանավորելու դատախազի հիմնավորումները որո՞նք են։

- Դե, բնականաբար, իմ հեղինակությունն օգտագործելով՝ կարող եմ խոչընդոտել։

- Այժմ պայքարում են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն են առաջ քաշում, մասնակցո՞ւմ եք, ինչպիսի՞ տպավորություն ունեք։

- Միտինգներին մասնակցել եմ, բնականաբար, արդարացի պահանջ է։ Եթե մնացածը փողոցներում չեն, ապա տներում նույն կարծիքին են, ես չեմ կարծում, որ այսօր կգտնվի մի հայ, որ այսօրվա քաղաքականության եւ նրա լիդերի կողմնակիցը կլինի, չի կարող որեւէ մեկը կիսել այդ հայացքները։

- Փաշինյանն ասում է, թե հրաժարական կտա, երբ ժողովուրդը դա կպահանջի։

- Բա ովքե՞ր են։ Բոլոր համայնքները պահանջում են հրաժարական՝ Ակադեմիան, համալսարանի գիտական խորհուրդը, բազմաթիվ այլ կառույցներ, կազմակերպություններ, անհատներ, բժիշկներ։ Ի՞նչ ասել է «ժողովուրդ» հասկացողություն․ հենց դա ժողովուրդն է։ Մի օր ավել մնալով՝ այս իշխանությունը վտանգի է ենթարկում մեր ՀՀ տարածքները։

- Նիկոլ Փաշինյանն իր վերջին տեսաուղերձներում կրկին անդրադարձավ նախկիններին՝ ասելով, թե տարիներով ոչինչ չի արվել, իրենք 2,5 տարում չէին կարող 30 տարվա գործ անել։

- Կարելի է ասել նախորդներ, ոչ թե նախկիններ, որովհետեւ ինձ թվում է, որ նախկիններն իրենք են, 30 տարի մենք ապահովել ենք խաղաղություն, հաղթանակած բանակ։ Ապաշնորհ եւ իր ոչ ադեկվատ, իրարամերժ հայտարարությունների արդյունքում մենք հասցրինք այս ծայրահեղություններին, ազգը պառակտելով սեւերի ու սպիտակների, պատերազմները լինում են, երբ օգտվում են թույլ իշխանությունից եւ թույլ ղեկավարությունից։ Թշնամին շատ ճիշտ կարողացել է կողմնորոշվել՝ օգտագործելով բոլոր այն հանգամանքները, որոնք այս 2,5 տարում եղել են։

- Եթե Սերժ Սարգսյանը լիներ, պատերազմ չէ՞ր լինի։

- Համենայնդեպս, 10 տարի եղել է Սերժ Սարգսյանը, եւ նմանատիպ դեպք չի եղել։ Այդ նույն բանը կարող էր լինել Ապրիլյան պատերազմի ժամանակ, համենայնդեպս, մեր բանակը ցույց տվեց, թշնամուն հասկացրեց, որ ինքը պատրաստ չէ իր նպատակներին հասնելուն, եւ  նպատակներին հասան այս իշխանության օրոք։ Ասում են՝ նախկինները տվել են, դե տվել էին, թող վերցնեին, մենք տվել էինք՝ իրենք չէի՞ն վերցնում։ Դրա մասին կան ձայնագրություններ եւ հաստատող փաստեր։ Նրանք հարձակվում են այն ժամանակ, երբ իշխանությունը տալիս է։