Ինչու՞ եք ծաղրում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն

Ինչու՞ եք ծաղրում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն
Չգիտես՝  «Իմ քայլը»  խմբակցության» որ պատգավորի ասես՝ խոսել սովորիր։ Խոսքի մեջ է կառավարման, մարդկանց համախմբելու ողջ արվեստը։ Խոսքի մեջ է  գործի հաջողությունը ու մարդկանց ի գործ մղելու պատրաստակամությունը։ Ավելի լավ չի՞ լինի՝ չխոսեք, չարտահայտվեք։ Լռելու լեզուն շատ ավելի օգտակար կարող է լինել, քան, երբ խոսել չգիտես ու խոսում ես։
Արվեստագետները, շոու բիզնեսի մարդիկ նուրբ հոգի ունեն, շփման ընթացքում եմ զգացել։ Շատ փխրուն են նրանք ու, հավատացնում եմ, բարի։ Ու տեսեք ինչ ոճով է նրանց դիմում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը․
Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։
Գիտի՞ գոնե, թե ինչ է նշանակում թպրտալ բառը։ Ներկայացնեմ այդ բառի իմաստն ու առաջ անցնեմ․
Մահվան տագնապի մեջ այս ու այն կողմ նետվել՝ ցնցումներ գործել:
Թևերը թափահարել՝ շափշափել:
 (փոխաբերական) Սարսափից՝ հիվանդությունից սաստիկ դողալ:
(փոխաբերական) Բուռն հուզմունք ապրել, ցնցվել:

Այդ երիտասարդին թվում է, թե մեր շոու բիզնեսը,  արվեստագետները պատկանում են Սերժ Սարգսյանին, նրանք հայ ժողովրդինը չեն, ու ինքը կարող է մեղադրել արվեստագետներին, որ նրանք մասնակցել են  պետական տոների  հանդիսություններին․

Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»։

Ի՞նչ կապ ունի, տղա, Սերժ Սարգսյանը։ Դուք երկրի «անվտանգության առաջընթաց»-ն եք ձեռ առնում, այդ պլակատը ձեզ դուր չի՞ եկել, հիմա ասեք, ի՞նչ պլակատ է ձեզ դուր գալիս, ո՞րն է ավելի կարևոր «անվտանգություն ու առաջընթաց»-ից։ Կամ այդ ո՞ր չայ դնողն ու թան սարքողը 20․000 դոլար ունի, որ վճարի նրանց երգերին։

Կամ ինչու՞ եք ծաղրում նրանց աշխատանքը, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել, ինչու՞եք ծաղրում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն

Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։

Ի՞նչ է նշանակում այսպես կոչված, սա ի՞նչ արհամարհանք է։ Եթե դուք պետության ներկայացուցիչ եք և ծաղրում եք նրանց աշխատանքը, ի՞նչ եք ակնկալում։

Կարո՞ղ էիք նրանց հետ խոսել՝ առանց վիրավորելու, ինչու՞ եք հասարակության բոլոր խավերին տրամադրում ձեր դեմ։ Վերջապես, հասկանանք, ի՞նչ է ձեր ուզածը՝ թողնե՞ն երկիրը․․․

Ներկայացնում եմ գրառումն ամբողջությամբ

Aren Mkrtchyan

Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։

Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք անվտանգություն ու առաջընթաց։

Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն...

Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։

Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք։