Թալինում տասը օր շարունակ կգործի էկոարվեստի կացարան

Թալինում տասը օր շարունակ կգործի էկոարվեստի կացարան

Հուլիսի 15-25-ը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կանցկացվի Eco Art AiR, որն իրենից ներկայացնում է արվեստի եւ էկոլոգիայի խաչմերուկում արմատացած միջդիսցիպլինար արվեստի կացարան։ Այն միտված է նպաստել սոցիալ-քաղաքական, մշակութային ու տնտեսական խնդիրների լուծմանը, որոնք պրոյեկտված են էկոհամակարգի վրա:

Eco Art AiR-ը հնարավորություն կտա ժամանակակից արվեստագետներին 10 օր շարունակ ապրել ու ստեղծագործել Թալին քաղաքում՝ վերափոխելով եւ տրանսֆորմացնելով շրջակա միջավայրը վնասող առարկաներն ու թափոնների մնացորդները արվեստային օբյեկտների: Կացարանում գտնվելու ժամանակահատվածում արվեստագետները կուսումնասիրեն քաղաքն ու կհետազոտեն համայնքը, կգործածեն Թալինի մշակութային ու տարածքային առանձնահատկությունները՝ որպես արվեստի ու միջավայրի փոխհարաբերության գործոն:

Ծրագրի կազմակերպիչն է «Այսօր ART» նախաձեռնությունը, որի հիմնադիր, համադրող Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ ընտրությունը կանգ առավ Թալինի վրա, որովհետեւ այստեղ շատ քիչ են մշակութային իրադարձություններ տեղի ունենում․ «Շատ պատրիարխալ մթնոլորտ է այնտեղ, ապրում են մշեցիներ, սասունցիներ, ովքեր շատ մեծ տարանջատում են դնում սեռերի միջեւ։ Բացի այդ, իրենք մշակութային բազմազանության կարիք ունեն, որովհետեւ կյանքը շատ միապաղաղ է, ժամանակակից արվեստ երբեք չեն տեսել, չգիտեն դա ինչ է։ Դրա համար որոշեցինք ժամանակակից արվեստը Երեւանից դուրս տանել, որովհետեւ ամեն ինչ միայն այստեղ է կենտրոնացված»։      

Շուրջ 8 հազար բնակիչ ունեցող Թալինն ունի նաեւ հարուստ մշակութային ժառանգություն: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Թալինի՝ ճարտարապետական արժեք ունեցող լքված շենքերն այդ ընթացքում կծառայեն որպես ժամանակակից արվեստի արվեստանոցներ՝ վերաիմաստավորելով դրանց նշանակությունն ու նպաստելով արվեստային օբյեկտների արտադրողականությանը:

Արվեստի կացարանում ներգրավվելու է 8 հայաստանաբնակ արվեստագետ, հյուրի կարգավիճակով ներկա են լինելու նաեւ արտասահմանցի արվեստագետներ, ովքեր հնարավոր է նույնպես մի քանի աշխատանքներով հանդես գան։ Հուլիսի 24-ին արվեստի կացարանի դռները բաց են լինելու հանրության համար, եւ մարդիկ կարող են գնալ ու տեսնել, թե մասնակից արվեստագետներն ինչ աշխատանքներ են ստեղծել։
Լիլիթ Ստեփանյանն ասում է, որ հիմնականում ուշադրություն են դարձնելու այն թեմատիկ խնդիրներին, որոնք անդրադառնում են քաղաքի սոցիալ-մշակութային հարցերին․ «Եվ որոնք կփորձեն արվեստի նախագծի միջոցով ուսումնասիրել գենդերային խնդիրները, հարցազրույցներ անցկացնել բնակչության հետ, տեսնեն՝ ինչ խնդիրներ ունեն իրենց առօրյա կյանքում, փորձեն նրանց ինտեգրել»։

Էկոարտ շարժումը նաեւ նպատակ ունի դառնալ շարունակական․ «Սկսում ենք Թալինից, բայց հետագայում բնապահպանների հետ կուսումնասիրենք բնապահպանական առումով առավել խոցելի քաղաքները եւ հաջորդ նախագիծն այդտեղ կանցկացնենք»,- ասում է Լ․ Ստեփանյանն ու հավելում, որ կփորձեն նմանօրինակ ծրագրերով Հայաստանի շրջաններում ակտիվացնել ժամանակակից արվեստը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կհյուրընկալեն նաեւ ժամանակակից արվեստի որեւէ փորձագետի, ինչպես նաեւ բնապահպան մասնագետի, ով ծրագրի մասնակիցներին կպատմի աղբի տարանջատման մասին, թե որ թափոններն են վերամշակման ենթակա, եւ ինչպես է դա անդրադառնում շրջակա միջավայրի վրա։